«Լեռներից լավ՝ միայն լեռներն են»,- ասել է թիֆլիսաբնակ հայ լեռնագնաց Լև Սարկիսովը և հավելել, որ լեռներն ազգություն չեն ճանաչում: Սարկիսովը բացահայտել է իր սերը լեռնագնացության հանդեպ, երբ աշխատում էր Թիֆլիսի Ավիացիոն գործարանում, որտեղ մի խումբ լեռնագնացներ պարբերաբար կազմակերպում էին գիտարշավներ: Լև Սարկիսովը ծնվել է Վորոնեժում, 1938 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա հայրը մեկնել է ռազմաճակատ, իսկ մայրը Լևի հետ տեղափոխվել է Թբիլիսի: Նրա մայրն ու հայրը եղել են քիմիկ-ինժեներներ: Նրա մորական կողմի պապը եղել է Թբիլիսյան բուրժուազիայի վառ ներկայացուցիչ: Մինչև հիմա Հավլաբարում կանգնած է նրա կառուցած տունը:
Լև Սարկիսով լեռնագնացը
Լև Սարկիսովը սկսել է զբաղվել լեռնագնացությամբ, երբ աշխատում էր ավիացիոն գործարանում: Գործարանը շատ հարուստ էր՝ ուներ սեփական խանութները, պոլիկլինիկաներն ու հյուրանոցները: Հենց այնտեղ է ստեղծվում լեռնագնացության խումբ, որին էլ միանում է Լևը: Առաջին մեծ գագաթը, որը նա բարձրանում է գործարանի խմբով լինում է Կազբեկը: Չնայած, այն ժամանակ դեռ բավարար փորձ չունեին, Լև Սարկիսովի խոսքերով գագաթը նրանց հեշտությամբ է տրվել: Դրանից հետո Լև Սարկիսովը միանում է Կովկասում գտնվող լեռնագնացության ակումբներից մեկին, որտեղ էլ սկսում է մասնագիտանալ լեռների հարցում: Այնտեղից նրան ընդգրկում են զինված ուժերի լեռնագնացների թիմի կազմ, որտեղ նա ծառայում է որպես մարզիչ: Դրա հետ մեկտեղ գործարանում մի շարք կարևոր պաշտոններ է հասցնում զբաղեցնել:
«Միանգամից երեք տեղում էի աշխատում, բայց այդպես էլ չստացվեց հարստանալ»,- կատակում է Սարկիսովը: Նրա ղեկավարած թիմը լավագույններից է եղել Միությունում:
Սակայն նրա համար երջանկության բանալին նյութական հարստության մեջ չէր: Նա ունեցել է արկածներով և ձեռքբերումներով հագեցած կյանք, հասել ցանկացած լեռնագնացի համար երազանք հանդիսացող մի շարք ձեռքբերումների: Նա Խորհրդային Միության զինված ուժերի լեռնագնացության բազմակի չեմպիոն է, Վրաստանի վաստակավոր մարզիչ, արժանացել է Լեռնագնացության Եվրասիական ընկերության կողմից տրվող «Էդելվեյս» շքանշանի, 1999 թվականին Վրաստանի նախագահ Էդուարդ Շեվարնաձեն նրան պատվո շքանշանի է արժանացրել:
Բայց այս բոլոր տիտղոսները փոշիանում են ամենակարևոր նրա ձեռքբերման՝ «Ձյունե Հովազի» (Снежный барс) առջև: Այսպես էին անվանում Խորհրդային Միության տարածքում գտնվող հինգ ամենաբարձր լեռնագագաթները բարձրացողներին՝ Պիկ Կոմունիզմ (7495մ), Պիկ Պոբեդա (7439 մ), Պիկ Լենին (7134մ), Պիկ Կորժենեվսկի (7105 մ), Խան-Տենգրի (7010մ) : Սարկիսովը բարձրացել է նշված բոլոր գագաթները: Նա մի քանի անգամ բարձրացել է Ուշբա լեռը, որի վրա սառցե պատերով երթուղիներ են (ամենաբարդ լեռներից է համարվում աշխարհում): Բացի այդ, նա չորս անգամ բարձրացել է Արարատը: Առաջին հայն է, ով բարձրացել է Էվերեստը՝ աշխարհի ամենաբարձր գագաթը (8848 մետր): 1999 թ-ին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենատարեց մարդ, ով բարձրացել է Էվերեստ:
Եռագույնը Արարատի գագաթին- «Բարձրացնել Հայաստանի դրոշը Արարատի գագաթ իրենից մեծ վտանգ էր ներկայացնում: Ինձ կարող էին կալանավորել, եթե գտնեին եռագույնն ուսապարկիս մեջ: Բայազետում ես գնեցի երեք գույնի կտորներ և հյուրանոցում նրանցից կարեցի հայկական դրոշը»,- ասել է Լև Սարկիսովը:
Ամբողջությամբ՝ armgeo.am