Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրության շրջանակում գարնանային ցրտահարության ռիսկի ապահովագրության պայմանագրի կնքման վերջնաժամկետը երկարաձգվել է, ֆերմերները մինչև փետրվարի 15-ի փոխարեն կարող են դիմել մինչև փետրվարի 21-ը:
«Առաջին տարին է, որ այդ ծրագիրը գործարկում ենք: Շատ մեծ հույսեր ենք կապում դրա հետ, դա նոր մշակույթ է, որը պետք է արմատավորվի: Եվ կազմակերպական առումով շատ անելիքներ ունենք, պետք է ավելի լավ տեղեկացնենք մարդկանց այն հնարավորությունների մասին, որոնք առկա են: Գարնանային ցրտահարության ապահովագրական պայմանագրերը ստորագրելու համար վերջնաժամկետը մինչև փետրվարի 15-ն էր նախատեսված, սակայն այն մեկ շաբաթով երկարաձգվեց: Այժմ պայմանագրերի ստորագրումը կլինի մինչև փետրվարի 21-ը»,-ասաց նախարարը:
Նա նաև տեղեկացրեց, որ ծիրանի և խաղողի՝ ցրտահարությունից ապահովագրելու ռիսկը վերջին շաբաթներին երկու մարզում՝ Արարատում և Արմավիրում կիրառելի է դարձել նաև դեղձի համար: Երեք նոր մշակաբույսերի՝ խնձորի, դեղձի, հացահատիկի ապահովագրումը կարկտի և հրդեհի ռիսկից հասանելի է ՀՀ բոլոր մարզերում։
Նախարարը բոլոր ֆերմերներին, այգեգործներին կոչ արեց դիմել երեք ապահովագրական կազմակերպություններին, ստանալ պայմանագրերը և ապահովագրվել ցրտահարության ռիսկից:
Կարկտահարության ռիսկի ապահովագրման համար դեռ ժամանակ կա: Նախարարությունն առաջիկա շաբաթներին հանդես կգա պարզաբանումներով, որ ֆերմերային տնտեսություններն ավելի վստահությամբ գնան այդ համագործակցությանը: «Նրանք էլ են ուզում հասկանալ, թե ինչպես են գնահատվելու ռիսկերը, ինչպես է կատարվելու հատուցումը և այլն: Մասնագետները շարունակում են պարզաբանումներ տալ: Դրանք առաջիկայում կլինեն ավելի մեծ ծավալով ու մանրամասն»,-ասաց նախարարը:
Արդեն իսկ կնքվել են շուրջ 7 տասնյակ պայմանագրեր: Նախարարը նկատեց, որ առաջիկա օրերին կունենան ավելի մեծ քանակով պայմանագրեր, քանի որ մեծ ակտիվություն են նկատում: Կառավարությունը պատրաստ է աջակցել: Խաչատրյանը նշել է, որ ռիսկերն ապահովագրել բոլոր ցանկացողների ապահովագրավճարի ծախսի կեսը կառավարությունը կվերցնի իր վրա: