Աղվան Պողոսյանը ֆեյսբուքում գրել է.
«Արդյո՞ք կան հստակ սահմանված և աշխարհի բոլոր ազգերի ու ժողովուրդների կողմից հասկանալի, ընկալված և ընդունված օբյեկտիվ չափանիշներ ու նորմեր, ըստ որոնց կարելի է հավատալ, կամ չհավատալ նրան, ով կփորձի ապացուցել իր գույքի ձեռք բերման օրինականությունը:
«Նոր մշակելու են», «…այլ երկրի փորձ…», «միջազգային պարտավորություններ…» և այլ բարբառումները այստեղ բացարձակ անընդունելի են մի քանի պատճառներով: Նախ չեք կարող գտնել ևս մեկ այնպիսի երկիր, որն իր բոլոր հատկանիշներով, սոցիալ-քաղաքական, տնտեսական ու պատմական հետագծով նույնական կլինի Հայաստանի հետ, այնտեղ ապրելիս կլինեն միայն հայեր, և այնտեղ կիրառվել է այսպիսի իրավակարգավորում:
Երկրորդ` որքան էլ իրավագետներն ու «քաղհասարակության» ներկայացուցիչները խճողված ձևակերպումներով ու բանաձևումներով փորձեն այս գործընթացին այլ նկարագրություններ տալ, այն, ըստ էության, եղել, և մնում է, որպես ինչ-որ մարդկանց գույքը բռնի կերպով օտարելու և խլելու գործընթաց, և ոչ ավելին:
Երրորդ, ամենակարևորը` արդյո՞ք այսօր գույքը պետությանը «նվիրողները», սեփականազրվողները, կամ նրանց ժառանգները չեն սպասելու հարմար քաղաքական պահի, որպեսզի հետ ստանան փաստորեն անօրինական ճնշման տակ, ըստ էության` բռնի կերպով, առանց դատարանի վճռի իրենցից օտարված (կամ իբր` իրենց կողմից պետությանը նվիրաբերած ) գույքը, և մի բան էլ ավելին… ( անկախ գույքի օրինականությունից ): Որևէ մեկը կասկածու՞մ է… Այս նույն տրամաբանության մեջ որևէ մեկը պատկերացնու՞մ է, թե ինչ հետևանքներ կունենա այս դեպքում սեփականության արդեն, ըստ էության, բռնի կերպով օտարումը` խլումը: Ահա, ա՛յ այստեղ աշխարհի շատ և շատ երկրների ու ազգերի օրինակները շատ ավելի ուսանելի են: Չորրորդ` իսկ եթե սխալվեցի՞ն, որն ամենահավանականն է, հաշվի առնելով այն, թե ովքեր են այս նողկալի և ազգադավ գործընթացի հեղինակներն ու իրագործողները, ապա` տուժած մարդիկ ումի՞ց են հետ պահանջելու իրենց տարիների քրտինքով ձեռքբերածը: Մի՞թե պարզ չէ, որ ազգովի մտնելու ենք սերնդեսերունդ ահագնացող արյունալի վրիժառության փուլ: Հաջորդ փուլում` խլելու են խլողից, ( սա լավագույն դեպքում, վատագույն դեպքում արյունալի վրիժառությունների ականատեսն ենք լինելու ) և այդպես շարունակ… Անցումային արդարադատություն, հիմա մեղավորության կանխավարկած եթե եղավ, Հայաստանի վրա խաչ պիտի քաշենք: Այլևս խոսելու և քննարկելու նյութ չի լինի: Հայաստանում դրա համար որևէ օբյեկտիվ հիմքեր չկան, պարզապես գոյություն չունեն: Դա մարդու համար չէ, դրա ոչ մի տարրը առավել ևս հայ տեսակի համար կիրառելի չէ: Հայ ազգին ներսից պառակտելու, և` քաոս, երկարատև անկառավարելի իրադրություն, ներազգային, ներցեղային ոխերիմ թշնամություն հրահրելու, արյունալի տևական վախկանալիա ստեղծելու ուղիղ ճանապարհն է: Նույնիսկ այնքան վտանգավոր չէ զանգովի ամենաայլանդակ արդարադատությունն ու դիկտատուրան, որքան դա: Դա նշանակում է կործանում` ուղիղ ճանապարհ դեպի դժոխային հասարակական հարաբերություններ, պառակտում և ներազգային անդառնալի թշնամանքի սերմանում: Հավանաբար սա է պատճառը, որ այդ գործին ջանասիրաբար լծվել են ամենահայատյաց դեմքերը և նրանց հարող ուժերը: Արդեն կասկած չկա: Դա այս ամենի վերջակետն է լինելու: Եվ վերջինը: Եթե որևէ մեկին թվում է, թե իրավագիտության մեջ, իրավակիրառ պրակտիկայում, կամ որևէ այլ հասարակական հարաբերությունները կարգավորող ոլորտում ( և ոչ միայն ) ազգային բաղադրիչը, ազգային հոգեկերտվածքը, մշակույթը, կենցաղային մտածողությունն ու կենսակերպը, կարճ ասած` էթնիկ հոգեբանությունն ու գենետիկ հիշողությունը կարելի է անտեսել, ապա` նա լավագույն դեպքում միամիտ է, իսկ վատագույն դեպքում` պարզապես ապուշ է, ոչ միայն դիլետանտ, այլ` շարքային ապուշ: Իսկ եթե հասկանալով են անում, ապա` դա այլ բնորոշում պիտի ստանա, իր բոլոր ծանր քրեաիրավական հետևանքներով: Պետք չէ իրավագետ լինել, որպեսզի մի տարրական բան ընկալել. մարդուց, հայ մարդուց` անհիմն, առանց դատ ու դատաստանի, պարզապես անձնական հակակրանքի, կամ որևէ այլ դրդապատճառներով ու «հիմնավորմամբ», առանց իր համաձայնության` բռնի կերպով, ( անկախ սեփականության ծագման օրինականությունից ) սեփականություն խլելը հավասարազոր է հոր աչքի առաջ ամբողջ ընտանիքին բռնաբարելուն: Իսկ թե ինչ կարող է լինել դրա հետևանքով` կարելի նույնիսկ չքննարկել: Մանավանդ բոլորն էլ արդեն ընկալել և հասկացել են, թե ովքեր պիտի լինեն նրանք, ովքեր իբր պիտի «հավաստի» և «համոզիչ» համարեն այս կամ այն «մեղավորի» կողմից իր սեփականության ծագման մասին հիմնավորումները: Ավելին` բոլորն էլ շատ լավ պատկերացնում են, թե ովքեր կարող են լինել այդ բռնազավթված գույքի պոտենցիալ «գնորդները»:
Սա կլինի ազգի և պետության վերջը…»: