Կյանք է, կենսակերպ է հայ լինելը։
Նախորդ տարեվերջին Տորոնտոյի Թագավորական երաժշտական կոնսերվատորիայի (RCM) Քյորներ համերգասրահում Կոմիտասի 150-ամյակին նվիրված հեբելյանական համերգի բացառիկ հաջողության արձագանքները Կանադայի հայկական համայնքում թարմ են առ ասյօր: Համերգի նախաձեռնությունը դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Քրաջյանինն էր, որը կազմակերպվեց Կոնսերվատորիայի, հայկական կազմակերպությունների ջանքերով։ 1200 տեղանոց դահլիճի տոմսերը սպառվել էին համերգից դեռ շատ առաջ։ Կազմակերպիչները՝ Սերուժ Քրաջյանն և Կոնսերվատորիայի գլխավոր մենեջեր Աիդա Այդինյանը, ջանք չէին խնայել, որպեսզի համերգը դուրս գար հայկական շրջանակներից և ձեռք բերեր միջազգային հնչեղություն։ Համերգին մասնակցում էին կանադացի և հայ երաժիշտներ։ Հանրահայտ «Ամիչի» կամերային անսամբլը ներկայացավ կլարնետահար Խոակին Վալդերպենյաս, թավջութակահար Դեվիդ Հեթերինգթոն և դաշնակահար Սերուժ Քրաջյան կազմով։ Համերգի մասնակիցների թվում էին ջութակահար Մարկ Ֆյուերը, ալտահար Բարրի Շիֆմանը, «Elmer Iseler Singers» երգչախումբը՝ Լիդիա Ադամսի ղեկավարությամբ, Կանադական Օպերայի մանկական և Տորոնտոյի «Երիտասարդ ձայներ» երգչախմբերը, «Էրեբունի» պարային համույթը։ Համերգի գլխավոր մենակատարներն էին կանադացի նշանավոր օպերային երգիչներ Ռասել Բրաունը և Լին Իսնարը։ Կոմիտասին նվիրված համերգի հովանավորներն էին Հայ-Կանադական կատարողական արվեստների միությունը, Համազգային կրթամշակութային միությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Համերգին ներկա էին Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը։ Ինքը՝ Սերուժ Քրաջյանը բացառիկ կարևորություն է տալիս այս համերգին՝ նկատի ունենալով, որ հսկայական գործ կա անելու Կոմիտասին աշխարհին ներկայացնելու առումով։ Հայտնի երաժիշտը ճանաչված և գնահատված է աշխարհում.«Կրակոտ տեմպերամենտ և էլեգանտ հնչողություն, բյուրեղյա կատարողականություն, ստեղնաշարի ակրոբատե»,- այսպես են բնորոշում նրան երաժշտական քննադատները։ Քրաջյանը նվագել է աշխարհի հեղինակավոր համերգասրահներում՝ Կարնեգի Հոլում, Սփիվի Հոլում, Օրփեոս թատրոնում։ Նրա հեղինակային գործերն ու մշակումները կատարել են հանրահայտ՝ Մոնրեալի «Մյուզիչիե» և Վանկուվերի սիմֆոնիկ նվագախմբերը։ 2008 թ. նա Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ձայնագրել է «Կոմիտասյան երգեր» խտասալիկը, որը ներկայացվել է Գրեմմի մրցանակի։ Խտասալիկում տեղ գտած 26 ստեղծագործությունները Սերուժ Քրաջյանի կոմիտասյան մշակումներն են։ Այսօր Քրաջյանը նաև հանրահայտ «Ամիչի» կամերային անսամբլի ղեկավարն է և դաշնակահարը։ Նա բնակվում է Տորոնտոյում և Լոս Անջելեսում։
-Հարգելի Սերուժ, սկսենք համերգից: Ինչպե՞ս ծնվեց Կոմիտասի 150 -ամյակի համերգի նախաձեռնությունը։
-Կոմիտասի 150-ամյակը շատ կարևոր հանգրվան է բոլորիս համար՝ վերաարժևորելու, մտածելու, խորհելու հանգրվան։ Տասը տարի առաջ ես Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ ձայնագրեցի կոմիտասյան իմ մշակումները։ Դա իմ առաջին ամենամեծ երկխոսությունն էր Կոմիտասի հետ։ Այդ ձայնագրությունների խտասալիկը ներկայացվեց Գրեմմի մրցանակաբաշխության։ Կոմիտասն իմ ինքնությունն է, ես նրան կրում եմ իմ մեջ, բայց ես որպես երաժիշտ թե նախկինում, թե հիմա փորձել եմ նրան նայել նաև օտարի՝ ոչ հայի աչքերով։ Փորձել եմ հասկանալ, թե մեկը, որը գաղափար չունի ով է Կոմիտասը, ով է հայը, ի՞նչ է հայկական երաժշտությունն ու մշակույթը, ի՞նչ պիտի հասկանա ու զգա Կոմիտաս լսելիս և ինչպե՞ս պիտի բացահայտի Հայաստանը Կոմիտասի շնորհիվ։ Համերգի ամենամեծ դվարությունը, թերևս, ճիշտ ձևաչափ գտնելն էր. ինչպե՞ս անել, որ ութսուն րոպե տևող համերգից հետո օտարազգի հանդիսատեսը համերգասրահից դուրս գա և իր կյանքում չմոռանա ոչ Կոմիտասին, և ոչ այս համերգը։ Հավակնոտ գաղափար էր։ Բայց որոշումը կայացրել էի։ Թագավորական կոնսերվատորիայի գլխավոր մենեջեր Աիդա Այդինյանի հետ էլ շատ քննարկումներ ունեցանք և որոշեցինք, որ պիտի Կոմիտասի պատմությունը ներկայացնենք իր ստեղծագործությունների միջոցով։ Որոշեցինք նաև վազող տողով բեմում թարգմանաբար ներկայացնել նրա երգերի բառերը։ Բրոշուրներ բաժանեցինք նաև՝ բոլոր ստեղծագործությունների վերաբերյալ տեղեկություններով և երգերի բառերով՝ նաև համապատասխան թարգմանությամբ։
Սցենարի վրա աշխատելիս ամենից շատ մտածում էինք, թե ինչպես ներկայացնենք Կոմիտասի կյանքի ողբերգական ավարտը։ Ուզում էինք որ նրա կյանքը տեսանելի դառնա, բայց չէինք ուզում, որ ողբերգականությունը գերիշխի, քանի որ իրավունք չունենք կորցնելու Կոմիտասի կենսուրախությունը՝ կենտրոնանալով միմիայն նրա կյանքի ողբերգականության վրա։ Ուստի Կոմիտասի կենսագրությունը ներկայացրինք առաջին բաժնում, իսկ երկրորդ մասը տոն դարձրինք՝ ներկայացնելով նրա կենսուրախությամբ լեցուն ստեղծագործությունները։ Ի վերջո, նրա ծննդյան օրն էինք նշում և ուզում էինք ի լուր աշխարհի ցուցադրել մեր ուրախությունը։
-Կարծեմ համերգի ավարտին հենց այդպիսի մի միտք ասացիք՝ մեր վերածննդնի, ապրելու, ստեղծագործելու խորհրդանիշն է Կոմիտասը։
-Այո, հենց էդպես։ Եթե Անտունին լսենք՝ մեր կորուստն ենք վերապրում, Կռունկը լսելիս մեր հավաքական կարոտն ու ցավն ենք զգում, բայց նաև անարդար է Կոմիտասին որպես միայն ցավի երգիչ ներկայացնելը։ Իհարկե, նրա մասին ես շատ գիտեի, բայց այս համերգից առաջ էլ բավականին ուսումնասիրեցի, նորից կարդացի նրա նամակները, թերևս չորս -հինգ նոր գիրք կարդացի իր մասին։ Մանավանդ նամակներն ընթերցելիս զգում ենք, թե որքան կենսուրախ, հումորով մարդ էր նա։ Հերթական անգամ հիացա իր բծախնդիր բնավորությամբ։ Երևանում, Չարենցի թանգարանում, իր ձեռագրերն եմ ուշադիր նայել. այնքան բծախնդրորեն է գրում, ամեն երգ ութ-ինը մշակում ունի՝ երբեմն տարբեր հարմոնիաներով։ Եվ հասկանում ես, թե որքան պրպտող, որոնող միտք է ունեցել, մինչև հասել է իր ուզած տարբերակին, մինչև գտել է իր իսկականը։ Եվ շատ է կարևորել ուրախ սրտով, թեթև ապրելը, տոնախմբությունների մասնակցելը։ Կոմիտասն իր մեջ ուրախություն ուներ նաև, որի մասին շատ էի ուզում, որ մարդիկ իմանան։
-Դուք ծնվել եք Լիբանանում, շատ փոքր հասակից սկսել եք դաշնամուր նվագել։ Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ ձեր տանը դաշնամուր հայտնվեց այն ժամանակ, երբ Լիբանանում դժվար ժամանակներ էին, քաղաքացիական պատերազմ էր և շեշտել եք, որ դաշնամուրը փրկություն էր ձեր ընտանիքի համար այդ ժամանակ։ Ինձ հետաքրքիր է, Կոմիտասի նկատմամբ վերաբերմունքն է՞լ է գալիս մանկության ակունքներից։ Երբ և որտե՞ղ եք հայտնաբերել Կոմիտասին։
-Ծնողներս երաժիշտ չէին, բայց երաժշտություն շատ-շատ էին սիրում։ Այդ դժվար օրերին, իսկապես որ մեր միակ մխիթարությունը մեր դաշնամուրն էր։ Գիտեք՝ էլեկտրականություն չկար, վախ կար, մտահոգություն կար, և մեր դաշնամուրը մի լուսավոր կետ էր այդ տխուր ժամանակի մեջ։ Միասին՝ հարևաններով, ազգականներով հավաքվում էին մեր տանը և երգում, նվագում։ Այդ երգերը մեր ընտանիքներն ապրեցնող հույսն էին։ Թե որպես եղեռն վերապրողների թոռ, թե որպես հայկական դպրոցի աշակերտ, ես շատ մեծ սիրով էի կապված հայկական մշակույթի, մասնավորապես երաժշտության հետ։ Ընդհանրապես, այն ինչ հայկական էր, մեզ համար մեծ երազ էր, մի անհասանելի, բաղձալի երազ։ Օտարների մեջ ապրելով՝ մեզ ուժ տվողը մեր հայկական ինքնությունն էր՝ այդ թվում հայկական երաժշտությունը։ Այն, ինչ կապ ուներ հայի, Հայաստանի, հայկական մշակույթի հետ, մեզ համար սրբություն էր։ Իսկ Կոմիտասը մեզ համար ամենասրբություններից մեկն էր։ Ես այս զգացումներով եմ ստեղծել իմ «Komitas։ Songs» խտասալիկը, որ ձայնագրեցի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուրադ Թոփչյանի գլխավորությամբ։ Ինձ համար հարցերի հարցն է եղել գտնել այն ձևը, որով մենք կկարողանանք այնպես ներկայացնել Կոմիտասին օտար ունկնդրին, որ նա լսի ու հասկանա, որ Կոմիտասը միայն հայերին չի պատկանում, այլ՝ ամբողջ աշխարհին։ Ընդհանրապես, կարծում եմ, որ կոմիտասագետները շատ պահպանողական են Կոմիտասին նորովի ներկայացնելու հարցում։ Եվ թերևս այդ զգուշավոր մոտեցումն ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ վերամշակել էլ կա, վերամշակել էլ։ Երբեմն, իհարկե, շատ անճաշակ ձևով են անում, ինքս էլ չեմ կարողանում լսել։ Հիշում եմ Ֆիլհարմոնիկի հետ ձայնագրությունից առաջ Կամերային երաժշտության տանը համերգ ունեցանք՝ ներկայացնելով Կոմիտասի շուրջ քսանվեց երգ՝ իմ մշակմամբ։ Մասետրո Օհան Դուրյանն էլ ներկա էր համերգին։ Երբ այդ մասին իմացա, մի կողմից շատ մեծ հրճվանք ապրեցի, մյուս կողմից՝ պատասխանատվությունս ու հուզմունքս կրկնապատկվեց, բայց իսկապես շատ զգացվեցի, երբ համերգից հետո մոտեցավ ինձ Մաեստրոն, գրկեց ու ասաց՝ այն ինչ դու արեցիր Կոմիտասի համար, որևէ մեկը չի արել դեռ։ Օհան Դուրյանի այս խոսքերը պարտավորեցնող գնահատական և օրհնություն էին ինձ համար։ Այս խտասալիկին էլ շատ երկար էի պատրաստվել, հետազոտել էի մի երգի տարբեր մշակումները, հաճախ միախառնել էի դրանք միմյանց։ Մեծ-մեծ խոսել չհամարեք, խնդրում եմ, բայց կարծես ուզում էի իր գործը շարունակել։ Եվ շատ մեծ հաջողություն էր որ Գրեմմիի էին առաջադրված հինգ ալբոմներ, որոնց շարքում Բեթհովենն ու մեր Կոմիտասը միասին էին։ Շատ մեծ բան էր ինձ համար։ Անմիջապես Գրեմմիից առաջ շրջագայություն արեցինք Ամերիկայով մեկ՝ Կարնեգի համերգասրահից մինչև Տորոնտո-Վանկուվեր, Լոս Անջելես, և գրեթե ամեն տեղ մեր ունկնդիրների գոնե հիսուն տոկոսը օտարներ էին։
-Տորոնտոյի համերգից հետո միտք չունե՞ք Հայաստանում էլ նույն կազմով, նույն համերգով ելույթ ունենալ։
-Շատ-շատ կուզեի, շատ։ Բացի այն, որ կուզեի այս ամենը մեր հայրենիքում ներկայացնել, նաև, հասկանում եք, ահռելի աշխատանք արեցինք, և, ինչ խոսք, լավ կլիներ, որ աշխատանքի արդյունքն ավելի մեծ լիներ։ Վստահ եմ, որ հայաստանյան ունկնդրին էլ պիտի շատ հետաքրքիր լինի համերգի այս ձևաչափը։ Ես հետևում եմ Հայաստանի մշակութային կյանքին, հատկապես ուշադիր եմ Կոմիտասի 150 ամյակին նվիրված միջոցառումներին։ Տեսնում եմ, որ հրաշալի բաներ են արվում, բայց կարծում եմ, որ մեր համերգի այս ձևաչափը նորարարություն կլինի Հայաստանի համար։
-Պիտի խոստովանեմ ձեզ, որ ինքս շատ հուզված էի՝ Հայաստանից հեռու էի, Կոմիտաս էր հնչում, որպես հայ հպարտություն էի զգում օտար ունկնդրին աշխարհի լավագույն համերգասրահներից մեկում այսպես արժանապատիվ ներկայանալու համար։ Բայց, անկեղծ ասած, ամենահուզիչն ինձ համար երեխաների երգչախումբն էր, երբ Կանադական օպերայի մանկական երգչախմբի սաները Կոմիտաս երգեցին։ Ինչո՞ւ ուզեցիք, որ մանկական երգչախումբն էլ մասնակցի համերգին։ Կոմիտասը երեխաներին շատ էր սիրում։ Գուցե դուք այդ սե՞րը նաև ուզեցիք փոխանցել հանդիսատեսին։
-Կոմիտասը որբ էր։ Եվ երևի թե իր դժվար մանկության սփոփանքը նա գտնում էր երեխաների մեջ։ Նա բազմաթիվ մանուկների է կրթել, դասավանդել, հոդվածներ գրել նրանց դաստիարակության և կրթության մասին։ Երբ «Ամիչիին» և բոլորին ներկայացրի, որ քառասուն հոգանոց մանուկների երգչախումբ եմ ուզում, որ երգի համերգի ժամանակ, բոլորը փոքր-ինչ զարմացած էին։ Արդեն գիտեինք, որ մեծերի երգչախումբը երգելու էր։ Ասացի, որ շատ կարևոր է, որ մանուկներ էլ այնտեղ լինեն, ասացի՝ դուք չգիտեք, թե ինչ կյանք է նա ունեցել և թե որքան կարևոր էին նրա համար մանուկները։ Խոսեցի «Canadian Children’s Opera » company -ի հետ, որ մոտ հիսուն-վաթսուն տարվա պատմություն ունի և լավագույնն է այստեղ։ Ես ուզում էի, որ համերգին մասնակցի այստեղի լավագույն մանկական երգչախումբը: Ասացի, որ պայմաններիցս մեկն այն է, որ պետք է անգիր իմանան երգերը։ Եվ այդպես էլ եղավ՝ երեխաները հրաշալի սովորել էին երգերը և միակն էին, որ այդ օրը բեմում երգեցին առանց թղթի և այս համերգի ամենակարևոր, ամենազգայական մասը այս երեխաներն էին։
-Հրաշալի երգեցին, այնպես, ասես հասկանում էին, թե ինչ են երգում։
-Եվ այդպես էլ կար։ Մենք երեխաներին նոտաներն ուղարկելուց առաջ արդեն երգերի թարգմանություններն էինք ուղարկել։ Շատ հուզիչ էր տեսնել, թե ինչպես, երբ իրենց ղեկավարն ասաց՝ We are going to sing Kaqavik now.-Yes! – ոգևորված բացականչեցին բոլորը ։ Գիտեք, ես պարզապես վստահ եմ, որ մարդն ինչ անի այդ տարիքում, երբեք չի մոռանա։ Սա իրենց առաջին մեծ ելույթն էր այսպիսի մեծ բեմում։ Եվ այն էլ Կոմիտաս, և այն էլ այսպիսի հրաշալի ելույթ։
-Համերգի ավարտին դուք դիմեցիք հանդիսատեսին և ասացիք, որ կարևոր է, որ մենք տեր կանգնենք մեր մշակույթին և հայ մշակույթը համաշխարհային գանձարանում իր ուրույն տեղն ունի ։ Արդյո՞ք դուք մտահոգություն էիք հնչեցնում, որ մենք պատշաճ ձևով չենք ներկայացնում ու պահպանում մեր մշակույթը։
– Այս համերգի առիթով ինձ շատ հայեր ասել են՝ չէ˜, ինչ Կոմիտաս, տխուր է, լավագույն դեպքում եկեղեցիի մեջ մի համերգ անենք, ծննդյան օրը պատվենք և վերջ։ Այս մարդիկ մեղավոր չեն, որ այսպես են մտածում, որովհետև Կոմիտասն էլ, հայ երաժշտությունն էլ հաճախ շատ վատ, սխալ, անճաշակ ձևով է ներկայացված դրսում։ Շատ են թերահավատները որ կարծում են, թե Կոմիտասը միայն ազգային, հայկական երևույթ է: Ոչ, իսկապես՝ ոչ, նա ավելին է, նա համամարդկային մեծություն է ու արժեք, և մեր պարտքն է համաշխարհային գանձարանում նրա տեղը ամրագրելը։ Իսկ դա հնարավոր է անել միայն ճիշտ ներկայացնելով։ Կոմիտասն իր կենդանության օրոք չհասավ իրեն արժանի այդ բարձունքին, կիսատ մնաց իր անգնահատելի գործը։ Անասելի տխուր է։ Եթե միայն այդ չլիներ, նա շարունակեր իր ստեղծագործական բեղուն կյանքը, ոչ մեկս կարիքը չէինք ունենա իրեն աշխարհին ներկայացնելու, աշխարհն իրեն կճանաչեր առանց մեր ջանքի։ Այս միտնք ինձ հանգիստ չի տալիս։
-Ձեր կանադացի ընկերները ներկա՞ էին համերգին։ Ինձ հետաքրքիր ԵՆ օտարազգիների արձագանքները։ Ի՞նչ էին ասում նրանք համերգից հետո։
-Շատ հետաքրքիր արձագանքներ ունեցա։ Նախ, գրեթե բոլոր երաժիշտներն ասում էին, որ եթե ուրիշ ստեղծագործողների գործերը հանգիստ կարող ես բնորոշել որպես, ասենք՝ արևելյան, կամ՝ արևմտյան, Կոմիտասի երաժշտությունը հնարավոր չէ մեկ այդպիսի բառով բնորոշել։ Անհնար է հստակ ասել՝ այն արևելյա՞ն է, թե՞ արևմտյան։ Բայց բոլոր երաժիշտները և համերգին ներկա գտնվողները միաբերան ասում էին՝ սա հոգին հանգստացնող երաժշտություն է։ Այս մեկնաբանությունները լսել եմ մարդկանցից, որոնք միմյանց չէին ճանաչում, բայց միաբերան նույն բանն էին ասում։ Ահա սա է, որ մենք չենք կարող բացատրել անգամ մասնագիտական լեզվով։ Սա է Կոմիտասի ուժն ու հմայքը։ Բացի այդ, շատ երաժիշտների գործերը որ լսում ես, հաճախ ես ասում՝ Օ˜, սա հնչում է, ասենք, ինչպես… Կոմիտասը ոչ ոքի նման չէ։ Ինձ հետ աշխատող երաժիշտներն ասացին՝ այս երաժշտությունը ժամանակից դուրս մի բան է…
Ամբողջությամբ՝ art-collage.com