Գառնիում ենթակառուցվածքներ են ստեղծվում. տարեվերջին համայնքի կենտրոնը նոր ու բարեկարգ տեսքով կներկայանա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գառնիում ենթակառուցվածքներ են ստեղծվում. տարեվերջին համայնքի կենտրոնը նոր ու բարեկարգ տեսքով կներկայանա

Գառնի համայնքի բյուջեն վերջին երեք տարիների ընթացքում կրկնակի աճել է: 2020 թ. տարեկան բյուջեն մոտ 256 մլն դրամ է պլանավորվել, մինչեւ 2017 թ.-ը բյուջեն 110 մլն-ը չի գերազանցել: Համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանն ասում է, որ բյուջեի աճը տեղի է ունեցել բացառապես սեփական եկամուտների՝ հարկերի եւ տուրքերի հավաքագրման հաշվին: Նա համայնքապետի պաշտոնը ստանձնել է 2016 թ.-ի տարեվերջին, եւ 2017 թ.-ից սկսած՝ ամեն տարի 20 մլն դրամով կրկնապատկել է նախկին համայնքապետի պաշտոնավարման շրջանում, տասնամյակներով անփոփոխ մնացած սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը:

Տարիներ շարունակ համայնքային հողերի վարձավճարները չեն հավաքագրվել կամ բյուջե չեն մուտքագրվել, տեղական տուրքեր չեն սահմանվել կամ սահմանված տուրքերն ամբողջությամբ չեն հավաքագրվել: Բյուջեում գումարներն աճել են նաեւ զավթված հողատարածքները, ապօրինի շինություններն օրինականացնելու, գովազդներ տեղադրելու, բացօթյա առեւտրի, շինարարության եւ այլ թույլտվությունների քանակով պայմանավորված: Բյուջեն ավելացնելու հնարավորությունները, համայնքապետի ասելով, սպառված չեն: Եկամուտներն ավելացնելու նոր աղբյուրներ գրեթե չկան, բայց շարունակում են աշխատանքը վճարումներից խուսափողներին հարկման դաշտ բերելու, նախկինում կատարված անօրինական գործարքների արդյունքում համայնքային բյուջեից խլված գումարները վերադարձնելու ուղղությամբ:

Անցյալ տարվանից ավագանին ընդլայնել է տուրքերի տեսակները: Մեծ թվով ընկերություններ երկար տարիներ «Գառնի» անվանումն օգտագործում են իրենց ֆիրմային անվանումներում եւ չեն վճարել դրա համար: Չեն վճարել, որովհետեւ վճարման պահանջ չի ներկայացվել: Անցյալ տարի, առաջին անգամ համայնքի անվանումն օգտագործելու թույլտվության համար գումար է գանձվել: Այս տարի եւս մի շարք ընկերությունների ծանուցումներ են ուղարկվել եւ պահանջել վճարում կատարել:

Գառնիի հեթանոսական տաճարի շրջակայքը եւ գյուղի կենտրոնական հատվածն արագորեն վերափոխվում է՝ արձագանքելով տուրիզմի պահանջներին:  Ներդրողները հետաքրքրված են գյուղում ռեստորաններ եւ հանգստի վայրեր կառուցելով: Բնակիչները նույնպես իրենց տնտեսություններն ու զբաղվածությունը փորձում են պլանավորել ծառայությունների մատուցման ուղղությամբ:  Տարեցտարի ավելացող սպասարկման ծառայությունների թիվը որոշակի բարերար ազդեցություն է ունենում նաեւ համայնքային բյուջեի վրա՝ ավելացնելով եկամտատեսակները:

Ռեստորանային համալիրներն ու հյուրատներն իրենց մասին ծանուցելու խնդիր ունեն: Գովազդային վահանակներ տեղադրելու մասով վճարումներն էականորեն աճել են, այս տարվա բյուջեում 300 000 դրամի մուտք են նախատեսել: Բնակելի շինությունները հասարակական օբյեկտների վերափոխելու, ըստ այդմ՝ հողի նպատակային նշանակությունը փոփոխելու վճարները էականորեն կարող են ավելացնել բյուջեի մուտքերը:

Համայնքապետարանն իր հերթին, հանրային ծառայությունները բարելավելու խնդիր ունի, եւ որակական փոփոխությունները նկատելի են: Գառնիում աղբահանությունը եւ խմելու ջրի սպասարկումն իրականացնում է «Գառնի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ը: Համայնքապետարանը աղբահանությունն իրականացնելու համար աղբահավաք մեքենա է գնել 2017 թ.-ին, եւս մեկը վարձակալել են: Եթե նախկինում միայն կենտրոնական փողոցներում տեղադրված աղբամանների աղբն էր տեղափոխվում, ապա 2018-ից աղբատար մեքենան, փողոցներում շրջելով, բոլոր տներից հավաքում է աղբը ու տեղափոխում համայնքի հիմնական աղբավայր: ՀՈԱԿ-ը, պայմանագրային կարգով, իրականացնում է նաեւ շրջակա 5 գյուղերի աղբահանությունը:

Աղբահանության ծառայությունն ընդլայնելուն համապատասխան ավելացել են հավաքագրվող վճարները: Աղբահանության համար տարեկան հատկացվում է 22 մլն դրամ, որից 10 մլն-ը գանձվում է բնակիչներից, եւս 12 մլն դրամ տրամադրվում է համայնքային բյուջեից: Համայնքապետը հույս ունի, որ ժամանակի ընթացքում բնակիչները կհամակերպվեն աղբահանության համար վճարելու մտքին: Բնակիչներից գումարն ամբողջությամբ հավաքագրելու դեպքում կանխատեսվում է մինչեւ 20 մլն դրամի մուտք, որի արդյունքում կնվազի համայնքային բյուջեից համաֆինանսավորելու անհրաժեշտությունը:

Բյուջեում եւս 10 մլն դրամ ավելացել է խմելու ջրի վարձավճարները հավաքագրելուց, եւ այն հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել համակարգում: 2018 թ.-ին համայնքապետարանը խմելու ջրի մոտ 60 կմ  ներքին ցանցից 11 կմ խողովակ է փոխել: Այդ գործում ներդրում ունեցան նաեւ բարեգործները:

Ամբողջությամբ՝ hetq.am