«Խելացի գտնվենք այս ճանապարհը կբռնենք, եթե ոչ, կշարունակենք մնալ այլոց համար ռեսուրս պետություն, ոչ միայն հանքերի, այլ նաև մարդկային կապիտալի աղբյուր լինելու առումով»
Advertisement 1000 x 90

«Խելացի գտնվենք այս ճանապարհը կբռնենք, եթե ոչ, կշարունակենք մնալ այլոց համար ռեսուրս պետություն, ոչ միայն հանքերի, այլ նաև մարդկային կապիտալի աղբյուր լինելու առումով»

Չգիտեմ, կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունները աշխարհով մեկ, մեր երկրի տնտեսական զարգացմամբ մտահոգված անձանց ինչ-որ բան հուշու՞մ են, թե` ոչ:

Օրինակ, ես ավելի եմ վստահ դառնում այն թեզի մեջ, որ հզորանալու է այն պետությունը, որ հզոր բժշկություն կունենա: Աշխարհը մտել է զարգացման մի փուլ, երբ կյանքի միջին տևողությունը աշխարհում մեծանում է, մեծանում է նաև մարդկանց միջին եկամուտը` զուգահեռ նվազելով աշխարհի ծայրահեղ աղքատների և ընդհանրապես աղքատների թիվը:

Այս գլոբալ շարժերը առողջապահական ծառայությունների նկատմամբ շատ մեծ պահանջարկ են ստեղծում, ինչը համարժեք չէ առաջարկին, և նույնիսկ ԱՄՆ նման պետությունը ի զորու չէ սեփական երկրի պահանջարկը ամբողջովին ապահովել: Ստիպված են լինում օգտվել այլ պետությունների ծառայություններից և այստեղ օգնության են գալիս տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները` հաղթահարելու տարածության անհարմարությունը:

Այս ամենով հանդերձ աշխարհի կլիմայական փոփոխությունները, կուզեք անվանեք գլոբալ տաքացում կամ այլ անունով, դա էական չէ, ստեղծում են նոր միջավայր, որտեղ մարդը դառնում է ավելի խոցելի նախկինում անվտանգ վիրուսների, բակտերիաների և երևույթների կողմից: Սա է նաև ստեղծում այն վիճակը, որ բժշկական ու առողջապահական ոլորտը դառնում է տնտեսության մեջ մեծ կշիռ ու նշանակություն ունեցող:

Սրանք այն առաջնային ցուցիչներն են, որ հուշում են, որ այս հարյուրամյակը և հաջորդիվ, բժշկությունը մեծ, շատ մեծ պոտենցիալ, հեռանկար և պահանջարկ ունի: Իրական հզոր պետությունները ունենալու են հզոր բժշկություն: Չինաստանը արդեն իր մաշկի վրա սա զգում է: Չնայած նրան, որ աշխարհի արդյունաբերության 20 տոկոսի համար անհրաժեշտ տարբեր արտադրական մասերը (մասեր որոնք անհրաժեշտ են արտադրանքը վերջանական տեսքի բերելու) Չինաստանում են արտադրվում և այս երկիրը արդյունաբերական գիգանտ է, նրան ընդամենը մեկ վիրուս (ընդամենը, քանի որ ավելի լուրջ համաճարակների վտանգներ էլ կան), կարելի է ասել, ծնկի է բերել և վտանգում է նրա այս ձեռքբերումը և աշխարհում մեծ դերակատար լինելը:

Իզուր չէ, որ բժշկությունը մեծ տեմպերով զարգանում է Գերմանիայում: Սա այն պետությունն է, որ երկու համաշխարհային պատերարզմ է սկսել և երկու անգամ բառացիորեն զրոյից և ավերակներից հզոր պետություն կառուցել: Այստեղ միանշանակ հասկանում են, թե ինչն է տնտեսական հզորության հիմքը: ԱՄՆ-ը նույնպես մեծ պոտենցիալ ունի, սակայն նրանց խանգարում է ներկա առողջապահական համակարգի կառուցվածքը, որտեղ ապահովագրական ընկերությունները, կարելի է ասել, խանգարում են զարգացմանը:

Շատ երկար չգրեմ, ուզում էի մեկ անգամ ևս ասել (կորոնավիրուսի համաճարակ աղետի համատեքստում), որ բժշկությունը մեր պետության միակ, այո՛ միակ, իրական զարգացման հեռանկարն է: Չկա այլ ճյուղ, նույնիսկ ՏՏ-ն, որ մեզ այնչափ կարող է ուժեղացնել և աշխարհում դերակատար դարձնել, ինչպես բժշկությունը:

Այս ոլորտում իհարկե շատ մեծ ներդրումներ են պետք և այս հարցում արտոնությունները չեն օգնելու և պետությունը ինքը պետք է դառնա խաղացող, ներդրող և շարժիչ ուժ, ինչպես օրինակ Բելգիայում, որը նույնպես այս ոլորտը իր զարգացման առանցքում է պահում: Միաժամանակ, պետության կողմից ներդրումներ անելով կստեղծվի համարժեք միջավայր մասնավոր հատվածի ներգրավման համար. Վստահ եմ, ոլորտը այնպիսին է, որ աշխարհում շատ ֆինանսավորողներ ունի` հատկապես կրիտիկական պահերին: Օրինակ, հիմա որոշ միլիարդատերեր, այդ թվում Գեյթսը հայտարարել են 100 միլիոն գումար տրամադրելու մասին, ներառյալ այս վիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար:

Եվ եթե մի կարգին լաբ ունենայինք որտեղ պատվաստանյութերի (վակցինա) մշակմամբ կզբաղվեին, Գեյթս հիմնադրամից այս օրերին մի քանի միլիոն, եթե ոչ տասնյակ գումարներ կարող էին գալ:

Առայժմ այսքանը, սա այն թեման է, որ դեռ շատ առիթներ են լինելու սրա մասին խոսելու: Բայց խոսելուց զատ, հաղթողը սկսողներն ու անողներն են լինելու` Գերմանիա, Բելգիա, Իսրայել, ԱՄՆ և այլն: Խելացի գտնվենք այս ճանապարհը կբռնենք, եթե ոչ, կշարունակենք մնալ այլոց համար ռեսուրս պետություն, ոչ միայն հանքերի, այլ նաև մարդկային կապիտալի աղբյուր լինելու առումով:

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր