Ռուբեն Մխիթարյան. «Այն պահին, երբ իշխանությունը կհասկանա, որ իր համար չպետք է լինեն «դիմադիր» ու ընդդիմադիր, այլ՝ պրոֆեսիոնալներ ու ոչ պրոֆեսիոնալներ, կհաջողի տարբեր ասպարեզներում». aysor.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռուբեն Մխիթարյան. «Այն պահին, երբ իշխանությունը կհասկանա, որ իր համար չպետք է լինեն «դիմադիր» ու ընդդիմադիր, այլ՝ պրոֆեսիոնալներ ու ոչ պրոֆեսիոնալներ, կհաջողի տարբեր ասպարեզներում». aysor.am

Շատերիս մոտ Գյումրին ասոցացվում է իսկական հայկական հյուրասիրության, հումորի ու բարձր տրամադրության հետ: Սովորության ուժով բոլորս գիտենք, որ գյումրեցին պարտադիր պետք է ծիծաղեցնի, յուրաքանչյուր նախադասությունը՝ անկախ զրույցի թեմայից ու ֆորմատից, միշտ պետք է ժպիտ պարգևի: Գյումրեցի հենց այդպիսի կերպար է Ռուբեն Մխիթարյանը, որի պատրաստած հումորային հոլովակները բառի բունի իմաստով «պայթեցնում են» համացանցը՝ յուրաքանչյուրը կես միլիոնից մինչև երկու միլիոն դիտում հավաքելով:

Առաջին մասնագիտությամբ շինարար-ճարտարագետ, երկրորդ մասնագիտությամբ՝ ռեժիսոր Մխիթարյանը 20 տարուց ավելի գործունեություն ծավալելով հեռուստատեսությունում՝ ամիսներ առաջ հայտարարեց՝ ընդմիշտ հեռանում է հեռուստաոլորտից: Հայրաքաղաք վերադառնալուց հետո Մխիթարյանը հիմնել է Գյումրիի «HighCLASS» կրթամշակութային բարեգործական հիմնադրամը, որի շրջանակներում իրականացնում է հասարակական ու բարեգործական տարատեսակ աշխատանքներ: Մխիթարյանը նաև անվճար դասընթացներ է կազմակերպում երիտասարդների համար՝ նրանց հեռուստատեսության ոլորտում գիտելիքներ փոխանցելու համար, ինչպես նաև փորձում է ակտիվացնել քաղաքի կյանքը՝ համահայկական տոները առանձնակի շուքով հենց Գյումրիում տոնելու համար: Ամենահիշվող տոներից մեկը Վարդավառն էր, երբ ողջ երկրից հազարավոր մարդիկ մեկնել էին Գյումրի մասնակցելու տոնին, որն այնքան լավ էր կազմակերպված, որ ստվերում թողեց անգամ Երևանում կայացած միջոցառումները:

Aysor.am-ը զրուցել է հասարակական գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի հետ:

– Պարոն Մխիթարյան, ժամանակ առ ժամանակ Ձեր ֆեյսբուքյան էջում պոզիտիվ տեսահոլովակներ եք հրապարակում, որոնցում հումորով անդրադառնում են քաղաքական անցուդարձին: Հեռուստաոլորտից հեռանալուց հետո այդպես Ձեր կարո՞տն եք առնում: Նաև, ի՞նչ հաճախականությամբ սպասենք հերթականներին:

– Անկեղծ ասած՝ զբաղվածությունս այնքան շատ է, որ այս տեսանյութերը ձեռքի հետ եմ անում: Հաջող են ստացվում երևի հենց այն պատճառով, որ ինձ հիշեցնում են իմ նախկին՝ հեռուստատեսային աշխատանքի մասին, որը միշտ սիրով եմ կատարել: Բայց այ, տեսահոլովակների հաճախականության համար պետք է դիմեք մեր կառավարությանն ու Ազգային ժողովին, թեման իրենք են ապահովում: Անձամբ խնդրում եմ՝ հաջորդ անգամ Արարատ Միրզոյանին հարցրեք՝ ե՞րբ կլինի այն քառօրյա նիստը, որը կապահովի Ռուբեն Մխիթարյանի հերթական տեսահոլովակի նյութը (ծիծաղում է՝ հեղ.)… Իրականում, այս տեսահոլովակները սիստեմատիկ բնույթ չունեն: Երբ թեմա է հավաքվում, սիրով պատրաստում եմ: Եվ այո, ես հասկացել եմ, որ համացանցի հայկական տիրույթում այսօր երկու մարդ է եղանակ ստեղծում. այդ երկուսից մեկը ես եմ…

– Իսկ հիմնական զբաղմունքը ո՞րն է:

– Շուրջ կես տարի է՝ ստեղծել ենք Գյումրիի «HighCLASS» կրթամշակութային բարեգործական հիմնադրամը, որի աշխատանքներին կպած եմ ամբողջ հոգով, սրտով, ֆիզիկական ու մտավոր բոլոր ունակություններով: Այս ամիսների ընթացքում բազմաթիվ նախագծեր ենք իրականացրել, մաստերկլասներ ենք անցկացրել: Ներկա պահին գրում ենք Հայաստանի համար տուրիստական ռազմավարական պլան. իրադարձություններ, «իվենթների» տեսակներ, որոնք նպաստելու են ներգնա տուրիզմի զարգացմանը, նաև մեծ հետաքրքրություն են առաջացնելու դրսից Հայաստան եկող զբոսաշրջիկի մոտ: Սկսելու ենք Շիրակի մարզից ու տարածվելու ենք ամբողջ Հայաստանում: Տարվա կտրվածքով յուրաքանչյուր մարզում կկազմակերպվի 2-3 ինքնատիպ միջոցառում, որն այդ ընթացքում բոլորի ուշադրությունը կսևեռի այդ մարզի վրա ու մարդկային մեծ հոսք կապահովի: Սա մանրակրկիտ բիզնես պլան է, որը ենթադրում է թե՛ մեծ ներդրումներ, թե՛ աշխատատեղերի բացում: Հույս ունենք, որ մինչև ամառ ծրագիրը կավարտենք… Ասեմ, որ «HighCLASS» հիմնադրամի առաջին նախագիծը Վարդավառի կազմակերպումն էր Գյումրիում, ինչն իսկապես աննախադեպ էր ոչ միայն Գյումրիի, այլ՝ ընդհանրապես Հայաստանի համար: Դա էին փաստում համացանցում արված հազարավոր գրառումները, ուղիղ եթերները: Աշխարհի բոլոր հայերը այդ եթերներին էին հետևում, մարդիկ ափսոսանք էին հայտնում, որ ժամանակին չէին տեղեկացել ու այդ օրը չէին եկել Գյումրի: Մեկտեղ, խոստանում էին, որ մյուս տարի անպայման են գալու:

– Իսկ շա՞տ հյուրեր ուներ այդ օրը Գյումրին:

– Մոտ 6000 այցելու, ովքեր մեծ բավականությամբ ու տպավորություններով հեռացան մեր քաղաքից: Դրանից հետո 15-20 օր բազմաթիվ նամակներ էի ստանում, մարդիկ ասում էին, որ հաջորդ տարի էլ են գալու Գյումրի՝ մասնակցելու Վարդավառին: Ինձ և ընկերներիս համար այդ տոնի կազմակերպումը շրջադարձային էր, փառք Աստծո՝ ստացվեց շատ լավ, ինչի արդյունքում որոշեցի ամբողջությամբ նվիրվել հիմնադրամի աշխատանքներին

– Եթե չեմ սխալվում՝ 30 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում Վարդավառն այդքան հանրային նշվեց: Նման մեծամասշտաբ միջոցառմանը Գյումրին կարոտել էր…

– Վարդավառն՝ այո, բայց մեծամասշտաբ առաջին միջոցառումը 2016 թվականին Հռոմի պապի այցելությունն ու Գյումրու հրապարակում մատուցած Սբ. Պատարագն էր, ինչը շատ տպավորիչ էր: Այն մեծապես նպաստել է Գյումրեցու՝ կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքի փոփոխությանը, սեփական քաղաքին ու կացությանը նշանակություն տալուն: Գյումրեցին այլ կերպ սկսեց ընկալել ինքն իրեն: Ի վերջո, երբ 1 միլիարդ կաթոլիկ հավատացյալների հոգևոր առաջնորդը հենց քո քաղաքն է ընտրում, որպեսզի խորհրդանշական պատարագը մատուցի, ապա դա իսկապես պատմական հնչեղ իրադարձություն է: Քանի որ անձամբ եմ մասնակցել Հռոմի պապի այցելության մեդիա տարածմանը, կարգավորում էի տեղեկատվական հոսքերն ու շատ էի տպավորվել նրա այցով, որոշեցի՝ ինչ-որ մի օր այնպիսի միջոցառում պետք է անեմ, որը մարդկանց «կպարտադրի» գալ Գյումրի:

– Գոնե համացանցում անհանդուրժողականությունը մեկ երես չունի, երկու կողմին՝ նախկին ու ներկա քաղաքական գործիչներին սատարողները հաճախ բավական գռեհիկ ու վիրավորական բառապաշար են օգտագործում իրենց մեկնաբանություններում ու գրառումներում: Ըստ Ձեզ, ո՞վ կամ ինչպե՞ս կկարողանա նման «թափը» կանգնեցնել:

– Հիվանդությունը բուժելու համար նախ պետք է հասկանալ հիվանդության պատճառը: Բոլորս էլ կարող ենք հանդուրժողականության կոչով հանդես գալ, բայց այդ բուժման դեղը, ըստ իս, մեկն է. մեր երկրի վարչապետն իր էջում կարող է հանդես գալ ու ասել. «Հարգելի հայ ազգ, ես բոլորիդ վարչապետն եմ՝ անկախ նրանից՝ դուք ինձ ընտրել եք, թե ոչ, իմ քաղաքական կուրսին հավանում եք, թե չեք հավանում: Ու խնդրում եմ՝ սիրեք զմիմիանս, իրար չտարանջատեք սևերի ու սպիտակների ու չպիտակավորեք»: Մեկտեղ կարող է հայտարարել, որ նա, ով վարչապետի էջում որևէ մեկին կպիտակավորի ու կհայհոյի՝ կարգելափակվի, կտեսնեք, թե ինչքան բան կփոխվի: Ուղղակի նաև այդ ասածին պետք է հետևողական լինի, բոլոր հայհոյողներին անպայման արգելափակի: Օրինակ, ես ու շատերը այդպես ենք անում: Անձամբ ես, անկախ նրանից, թե ում հասցեին են վիրավորական քոմենթ գրում, ջնջում եմ ու արգելափակում այդ մարդկանց: Եթե ես, ով 40 հազար հետևորդ ունի ու կարողանում է միայնակ անել դա, ապա երկրի վարչապետը, ով բազմաթիվ օգնականներ ունի, կարող է: Գիտեք, պատժիչ գործողությունն ամենաարդյունավետ գործողությունն է: Երբ մարդը տեսնում է, որ իր վիրավորական վերաբերմունքի արդյունքում ինքը «բլոկվում» է, չի խրախուսվում, կսթափվի: Ի դեպ, եթե դու ունես 600 հազար հետևորդ, դա նույնն է, որ, օրինակ, Հրապարակում ելույթ ունենաս: Պատկերացնո՞ւմ ես այդ ելույթի ժամանակ հետևորդներդ սկսեն սրան-նրան հայհոյել: Ոստիկանները բերման կենթարկեն չէ՞… Հիմա դու ունես հանրային հարթակ ու այդ հարթակում մարդիկ իրար գզում են, ինչ ասես ասում են, ու դու դրան ոչ մի ձև չես խոչընդոտում: Այս դեպքում ես ենթադրում եմ, որ դա քեզ երևի պետք է…

– Վերադառնալով Ձեր ներկայիս գործունեությանը՝ նկատեմ, որ հավանաբար, այս ակտիվության, ծավալուն գործունեության արդյունքում է, որ հաճախ են խոսակցություններ շրջանառվում այն մասին, թե Գյումրու քաղաքապետ դառնալու ցանկություն ունեք: Կա՞ նման նպատակ:

– Այս պահին նման նպատակ չունեմ, բայց կարող է մեկ շաբաթ հետո ունենամ: Ցանկացած մարդու մոտ նպատակները ի սկզբանե ֆիքսված չեն լինում: Դրանք իրադարձություններից, հանգամանքներից ելնելով կարող են ձևափոխվել ու վերածվել այլ նպատակների: Թե ի՞նչ տրանսֆորմացիայի կենթարկվեն նպատակներս առաջիկայում՝ չգիտեմ: Դրանք սովորական հերթական խոսակցություններ են. քիչ թե շատ հայտնի գյումրեցի, հանրային մարդ, երբ որոշակի բացակայությունից հետո վերադառնում է Գյումրի կամ երևում այս կամ այն շրջանակներում՝ սկսում են պատճառներ փնտրել ու խոսել: Վառ օրինակ է նաև Մկրտիչ Արզումանյանի օրինակը: Նրա ու Ալեն Սիմոնյանի համատեղ լուսանկարը տեսնելով՝ մարդիկ սկսեցին խոսել, թե հիմա էլ Մկրտիչն է պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետի թեկնածու, ինչն ինքը հերքեց: Ես նման խոսակցություններին նորմալ եմ վերաբերվում: Նման խոսակցություններ տարածող մարդկանց մեղադրել չի կարելի, պարապ մարդիկ են, երևի այդ կարճատև կենսագրություն ունեցող բամբասանքներն իրենց թեկուզ մեկ-երկու օրվա խոսակցությունների «դոզա» են ապահովում (ծիծաղում է, հեղ.):

Ամբողջությամբ՝ aysor.am



Նման նյութեր