Այս տարի լրանում է Սումգայիթյան ջարդերի 32-րդ տարելիցը: Այդ առիթով փետրվարի 26-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարում տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն բոլոր նահատակների հոգիների հանգստության համար: Այս մասին հայտնեցին Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանից:
Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինահայոց Միության «Արարատ» և «Նոր կյանք» ամսագրերի գլխավոր խմբագիր Միհայ Ստեփան Կազազյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, քահանայից դասը, հավատացյալներ:
Այս առիթով հրապարակվեց Սրբազան Հոր խոսքը, ուր Թեմակալ առաջնորդն անդրադառնում է Սումգայիթյան դաժան ու անմարդկային իրադարձություններին, շեշտում հատկապես Սփյուռքի կարևոր դերակատարությունն ու ներգրավվածությունը համահայկական գործընթացներում՝ մասնավորապես նշելով.
«Այսօր էլ փորձ է արվում դաժանություններով ու հրեշավոր սպանություններով վախեցնել հայ ժողովրդի քաջարի զավակներին, ծնկի բերել և ստիպել հրաժարվել Արցախից: Անգամ այսօր անօգնական ու անզեն մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները դասվում են Ադրբեջանի հերոսների շարքին, իսկ նրանց գործած ոճիրները համարվում են երկրին մատուցած կարևորագույն ծառայություններ: Դրա վառ ապացույցն են հայ 2004թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը, կացնահարումը քնած ժամանակ Ռամիլ Սաֆարովի կողմից, 2016թ. ապրիլի քառօրյա դեպքերը, երբ ադրբեջանցի հրոսակները, ներխուժելով սահմանամեձ հայկական գյուղեր, անմարդկայնորեն կտտանքների էին ենթարկում տեղի բնակչությանը: Ինչու՞: Քանի որ միջազգային հանրությունը դեռևս ըստ արժանվույն գնահատական չի տվել և չի դատապարտել Սումգայիթյան ցեղասպանությունը: Ցավոք սրտի Ադրբեջանը չի էլ փորձել անցնող տասնամյակների ընթացքում քննել, վերաիմաստավորել կամ զղջալ, այլ հակառակը, շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, որը դարձել է այդ երկրի պետական քաղաքականությունը և համատամքը:
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակի առջև և համոզմունք հայտնում, որ մեր ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունները և ոճրագործությունները վաղ թե ուշ արժանանալու են համապատասխան գնահատականի և դատապարտվելու են ողջ մարդկության կողմից: Անպատժելիությունն ու միջազգային դատապարտման բացակայությունը ժամանակակից պայմաններում բերում են նոր ջարդերի և բռնությունների, որի ականատեսներն ենք այսօր: Գուցե մի օր հակառակորդը կհասկանա նաև, որ Արցախը եղել է, կա ու պիտի մնա հայկական տարածք, որ հայ ժողովուրդը երբեք ծնկի չի եկել բարբարոսների առաջ և այսօր էլ շարունակելու է անձնվիրաբար պաշտպանել իր սրբությունները՝ Մայր Հայրենիքը, Մայր Եկեղեցին և Մայրենի լեզուն: Անկասկած, ապագայում նման երևույթները բացառելու գրավականը Հայրենիքի շուրջ համախմբումն է, հայոց պետականության ամրապնդումը, միասնականության ոգու և համերաշխության զորացումն ամենքիս միջև՝ ի կատարումն մեր փայփայած նվիրական երազների ու իղձերի: Բոլոր բարբարոսները, նվաճողները, մեծագույն կայսրություններն ու տիրակալությունները եկել ու հեռացել են պատմության թատերաբեմից, բայց մենք, իբրև քրիստոնյա հայ ժողովուրդ, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, ամուր կառչած մեր պապենական հողերին ու սրբություններին, ապրել ենք, արարել ու շարունակելու ենք արարել հավիտյան, այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի այս աշխարհը:
Իբրև 8 միլիոնանոց զորավոր Սփյուռք, ապրելով աշխարհի տարբեր անկյուններում, Մենք մեկ անգամ ևս Մեր ձայնն ենք բարձրացնում և ի լուր աշխարհի հայտարարում ենք, որ Արցախը հայկական տարածք է, պատմական Հայաստանի մի մասնիկը և եթե Ադրբեջանը երբևէ փորձի վտանգի տակ դնել Արցախի հայ բնակչության անվտանգությունը, ապա միանշանակ մեծագույն հակահարված կստանա նաև համայն Սփյուռքի կողմից:
Իբրև Սփյուռք և իբրև հայ ժողովուրդ Մենք Մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն միջազգային կառույցներին և մարմիններին, որոնք արձագանքել և դատապարտել են հայերի դեմ կատարված ոճրագործունները՝ դրանք ի ցույց դնելով աշխարհին:
Գլուխ ենք խոնարհում բոլոր նահատակների հիշատակի առջև և աղոթում ենք նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար՝ հայցելով Բարձրյալն Աստծո ողորմածությունը»:
Հավարտ Հոգեհանգստյան արարողության ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու պարտեզում կանգնեցված Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի առջև: Խոսքով հանդես եկավ նաև Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը:
Նշենք, որ Առաջնորդի տնօրինությամբ կիրակի, մարտի 1-ին, հոգեհանգստյան արարողություն կկատարվի Ռումանիոյ հայոց թեմի բոլոր հայոց եկեղեցիներում: