«Իրականում ամեն տարի գործ ունենք մուտացիաներ անցած վիրուսների նոր «փնջի» հետ»
Advertisement 1000 x 90

«Իրականում ամեն տարի գործ ունենք մուտացիաներ անցած վիրուսների նոր «փնջի» հետ»

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքում գրել է.

«Այսպիսի թեզ կա, թե. «Սովորական գրիպից ավելի շատ է մարդ մահանում, քան էս նոր կորոնավիրուսից, ինչո՞ւ եք անհանգստանում»։

Նախ՝ «սովորական գրիպ» կոչվածը բավականին լղոզված ձևակերպում է, որովհետև իրականում ամեն տարի գործ ունենք մուտացիաներ անցած վիրուսների նոր «փնջի» հետ, տարբեր մահաբերությամբ։ Կոպիտ ասած, անցյալ տարվա «սովորական գրիպը» այս տարվա «սովորական գրիպը» չէ։

Երկրորդը՝ «սովորական գրիպերից» մահացությունը գնահատվում է մոտավորապես 0,1%-ի կարգի, չնայած գրեթե անհնարին է ստույգ հաշվել, քանի որ շատ քչերն են ամեն հարբուխի դեպքում բժշկի դիմում և վարկման դեպքերի մեծ մասը չի գրանցվում։ Իհարկե, նոր կորոնավիրուսի շատ դեպքեր էլ հաստատ աննկատ են անցնում։

Երրորդը՝ կարծում եմ, որ եթե «սովորական գրիպն» էլ այնպիսի կոշտ կարանտինի մեջ դնեին, ինչպես COVID-19-ը (այսինքն՝ նոր կորոնավիրուսը), ապա «սովորական գրիպից» շատ ավելի քիչ մարդ կմահանար։

Մի բան էլ, ու վերջ. նոր կորոնավիրուսից մահացուցությունը չինացիները գնահատում են այս պահի դրությամբ մոտավորապես 2,3%։ Համեմատե՛ք. 2,3 և 0,1։

Բացարձակ թվով, այո՛, սովորական «գրիպից» ավելի շատ մարդ է մահանում, բայց նոր կորոնավիրուսի «մահաբերությունը» մոտ 20 անգամ ավելի բարձր է։ Ըստ այդմ էլ կարանտինային այն խիստ գործողությունները, որոնք ամբողջ աշխարհում իրականացվում են, արդարացված են։

Հ.Գ. Մասնագետ չեմ, էպիդեմիոլոգ չեմ, առավել ևս «գրիպագետ»։ Լավ կլիներ, անկողմնակալ մասնագետների կարծիքներ լսել այս ամենը բացատրող»։



Նման նյութեր