Գյումրիում նախատեսվում է իրականացնել 1,3 մլրդ արժեքով 5 ծրագիր
Advertisement 1000 x 90

Գյումրիում նախատեսվում է իրականացնել 1,3 մլրդ արժեքով 5 ծրագիր

Վարդանանց հրապարակի շատրվանի արդիականացումը 5 տարի անց նորից օրակարգային է դարձել

Գյումրու համայնքապետարանում այսօր հանրային քննարկման էր ներկայացվել 5 սուբվենցիոն (պետական բյուջեից տեղական ինքնակառավարման մարմիններին կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային անհատույց հատկացումներ, որոնք ըստ նպատակի չիրացնելու դեպքում ենթակա են վերադարձման) ծրագիր։
5 ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է ծախսել 1 մլրդ 326 մլն 210 հազար 800 դրամ է, որից 511 մլն 627 հազար 100 դրամը ներդնելու է Գյումրին, մնացած գումարը հատկացնելու է պետությունն ու որոշ կազմակերպություններ։

Գյումրու թաղային նշանակության 17 փողոցի հիմնանորոգում։

Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է հիմնանորոգել 4585 մետր երկարությամբ եւ 39770 քառակուսի մետր երթեւեկելի մասով, 14430 քառակուսի մետր մակերես մայթերով ընդհանուր թվով 17 փողոց։ Ընտրվելու են այն փողոցները, որոնք տանում են դեպի դպրոցն ու մանկապարտեզ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 753 մլն 289 հազար 100 դրամ է, որից շինարարական օբյեկտների նախագծման արժեքը 33 մլն 898 հազար դրամ է, հեղինակային հսկողության ծառայության արժեքը՝ 3 մլն 50 հազար 820 դրամ է եւ այլն։ Այս ծրագրի իրականացման համար համայնքի ներդրումը լինելու է 338 մլն 980 հազար 100 դրամ։ Ծրագրի մեկնարկը տրվելու է այս տարվա հուլիսին, տեւելու է 6 ամիս։


Սանմաքրման տեխնիկասարքավորումների եւ ավտոբուսների ձեռքբերում։

Քաղաքի հիմնանորոգված փողոցների ու մայթերի բարեկարգ վիճակը պահպանելու, սանիտարական մաքրման որակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է ձեռք բերել 7 մաքրող՝ ավլող մեքենա, երկու բարձր ճնշման մաքրող սարքավորում, 7 բենզինային փոշեկուլ՝ օդամղիչ, երեք թուփ կտրող սարք, երկու ձողով թուփ կտրող սարք եւ երկու հատ փայտ կտրող սղոց։

Նախատեսվում է ձեռք բերել նաեւ երեք ավտոբուս, որոնք օգտագործվելու են Գյումրու Շիրակ օդանավակայանից Գյումրու պատմական կենտրոն տեղափոխելու, քաղաքում կազմակերպվող տարատեսակ միջոցառումների հյուրերին սպասարկելու համար։ Ծրագրի իրականացման արդյունքում համայնքապետարանի հիմնական աշխատատեղերը կավելանան հինգով՝ երկու վարորդ եւ համայնքային բյուջետային հիմնարկի երեք աշխատակից։

Այս ծրագրի ընդհանուր բյուջեն 57 մլն 710 հազար դրամ է, այդ թվում՝ ավտոբուսների ձեռքբերում 39 մլն դրամ, տեխնիկասարքավորումների ձեռքբերում՝ 18 մլն 710 հազար դրամ։ Համայնքի կողմից ներդրվելու է 28 մլն 855 հազար դրամ։ Ծրագիրը մեկնարկելու է մայիսին, տեւելու է 5 ամիս։

Գյումրու բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացում։

Այս ծրագրով նախատեսվում է Գյումրու թվով 6 բազմաբնակարան շենքում իրականացնել էներգախնայողության ծրագիր։ Ընտրվել են այս շենքերը՝ Մովսես Խորենացի փ 10 շենք, Անի թաղամաս 9-րդ փողոց 4 շենք, Մուշ 2 թաղամաս 10-2 շ, Խրիմյան Հայրիկ 56 շ, Վազգեն Սարգսյան 10 ա շենք, Ռասկատյան 1 շ։

Ծրագրի իրականացման արդյունքում բնակարանների ջեռուցման նպատակով սպառվող էներգիայի եւ գազի ծախսը կկրճատվի 30-60 տոկոսով, բնակարանների շուկակայն գինը կավելանա 10-20 տոկոսով։ Այս շենքերում բնակվում է 586 մարդ, բոլոր շենքրեը կառուցվել եւ ամրացվել են 88-ի երկրաշարժից հետո ունեն մոնոլիտ կամ պանելային կառուցվածք։ Ծրագրի հաստատման դեպքում շենքերը սպասարկող համատիրությունների հետ կնքվելու է փոխգործակցության հուշագիր, որով համատիրությունները կպարտավորվեն մասամբ մասնակցել ծրագրի ֆինանսավորմանը։

Ծրագրի ընդհանուր բյուջեն 240 մլն 670 հազար դրամ է, որից շինարարական օբյեկտների նախագծման արժեքը 13 մլն 236 հազար 850 դրամ է տեխնիկական հսկողության արժեքը՝ 1 մլն 588 հազար 450 դրամ։ Համայնքի կողմից ներդրվելու է 24 մլն 67 հազար դրամ, այլ ներդրում եւս ակնկալվում է՝ 60 մլն 167 հազար 500 դրամ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից։

Գյումրի համայնքում խելացի հանրային երիտասարդական զբոսայգու հիմնում։

Այս ծրագրի նպատակն է Գյումրու բնակչության համար նպաստել բացօթյա ժամանցային հնարավորությունների ավելացմանը եւ խթանել առողջ ապրելակերպը Գյումրիում։ Նախատեսվում է ծրագրի արդյունքում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի բակային տարածքը վերածել հանրային երիտասարդական զբոսայգու, իսկ ներդրումների ներգրավման արդյունքում հանրային զբոսայգին վերածվելու է 5 խելացի տիրույթների՝ ընդհանուր 10 տեսակի ենթակառուցվածքներով՝ ուսուցման, միջազգայնացման, առողջ ապրելակերպի, ժամանցային, կոմերցիոն։ Իսկ մյուս ենթակառուցվածքների ստեղծման համար նախատեսվում է ներգրավել մասնավոր եւ այլ ներդրումներ սուբվենցիոն ծրագրի ավարտից հետո։

Ծրագրի արդյունքում նախատեսվում է ունենալ մեկ հանրային զբոսայգու ավելացում Գյումրիում, ժամանակակից սարքավորումներով հագեցած հաղորդակցման միջավայր, Գյումրիում էներգախնայող կանաչ եւ խելացի հանրային տարածքների ավելացում, Գյումրու զբոսաշրջային գրավչության բարձրացում, երիտասարդություն-բիզնես-պետական հատված կապի ամրապնդում։

Այդ տարածքը, սակայն, համայնքային չէ, նախատեսվում է, որ ծրագրի մեկնարկի դեպքում բուհի կառավարման մարմնի որոշմամբ տարածքը տրամադրվելու է համայնքին։

Ծրագրի ընդհանուր բյուջեն 100 միլիոն դրամ է, որից 15 միլիոնը ներդնելու է համայնքը, 40 միլիոն դրամն էլ ներդնելու են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ու համալսարանի Գյումրու մասնաճյուղը։ Ծրագիրը մեկնարկելու է ապրիլից եւ տեւելու է 8 ամիս։

Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակի շատրվանի արդիականացում, այգիներում, պուրակներում նստարանների պատրաստում ու տեղադրում եւ հասարակական զուգարանների կառուցում։

Այս ծրագրի արդյունքում ակնկալվում է Գյումրու կենտրոնում ունենալ ժամանակակից, երգող, լուսային՝ ծրագրային ապահովմամբ շատրվաններ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 174 մլն 541 հազար 700 դրամ է, այդ թվում՝ շատրվանների արդիականացում՝ 131 մլն 541 հազար 700 դրամ, նստարանների պատրաստում եւ տեղադրում՝ 22 մլն 500 հազար դրամ, հասարակական զուգարանների կառուցում՝ 20 մլն 500 հազար դրամ։

Նախագծանախահաշվային փաստաթղթերի պետական փորձաքննության ծառայության արժեք նշվել է 7 մլն 200 հազար դրամ, տեխնիկական հսկողությունների ծառայությունների արժեք 648 հազար դրամ եւ այլն։
Համայնքի կողմից ներդրվող մասնաբաժինը 104 մլն 725 հազար դրամ է։ Ծրագիրը հաստատվելու դեպքում մեկնարկելու է հունիսին, տեւելու է 4 ամիս։

2014 թվականին Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը հայտարարել էր, որ 2015-ին քաղաքն ունենալու է գուներանգային, պարող շատրվան: Նախատեսվում էր համայնքի բյուջեից մոտ 40 միլիոն ՀՀ դրամ ծախսել: Գումարի այս չափի ու քաղաքի աղքատության, տնակային ավաններում բնակվող մարդկանց կեցության խայտառակ պայմանների միջեւ շատերը զուգահեռներ տանելով` քննադատեցին Ս.Բալասանյանին ու իր թիմին` նման շռայլություն անելու համար:

Քննադատություններին արձագանքելով` համայնքապետարանը տեղեկացրել էր, որ նախատեսված գումարը պակասեցնելու են, իսկ վերանորոգման աշխատանքներն անվճար կատարելու է Ս.Բալասանյանի դասընկեր Մկրտիչ Նալչաջյանը, որը բավական հմուտ է նման աշխատանքներում:

2014 թվականի հունիսի 12-ին ավագանու նիստի ընթացքում քաղաքապետարանն ավագանու անդամներին առաջարկել էր քննարկել ու թույլատրել Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանը գուներանգային շատրվանի վերափոխելու շինարարական-վերանորոգման աշխատանքների գնումն իրականացնել բանակցային ընթացակարգի կիրառմամբ` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու: Այդ ընթացքում քաղաքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը ներկայացրել էր, որ ինքը շատրվանների ավարտուն տեսքը տեսել է նկարներով եւ դրանք նման են լինելու Բաթումիում տեղակայված շատրվանին. «Շատրվանների վերանորոգման համար նախատեսված է եղել 40 մլն դրամ, բայց գտնվել է մեկը՝ քաղաքապետի դասընկերն է, բավական մեծ զեղչերով ցանկություն է հայտնել կառուցել»,-նշել էր Կ.Մանասյանը:

2015 թվականին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տեղակալ Վ.Մխիթարյանը (կատարող Ե.Գրիգորյան) «Ասպարեզի» հարցմանն ի պատասխան որոշ տեղեկություններ էր հայտնել շատրվանի վերանորոգման մասին` գրավոր փոխանցելով, որ Վարդանանց հրապարակի գունաերաժշտական շատրվանների համար 2014 թվականի հունիսի 16-ին կնքվել է պայմանագիր` 35 մլն 412 հազար 922 ՀՀ դրամ գումարով: Կատարված աշխատանքների համար համայնքի բյուջեից ծախսվել է 34 մլն 246 հազար 900 ՀՀ դրամ:

Քաղաքապետարանը, սակայն, հակառակ հարցման, տեղեկություններ չէր տրամադրել շատրվանների համար ծախսված գումարի հաշվետվության վերաբերյալ:

Այսօր համեմատաբար ակտիվ քննարկում սկսվեց հենց այս հրապարակի շատրվանի արդիականացման հարցի շուրջ։ Ինչու՞ է Գյումրու համայնքապետարանը շարունակում ամեն ինչ կենտրոնացնել մի տեղում, երբ քաղաքն ունի մի քանի շատրվան։

«Ինչպես պետական իշխանությանն եմ քննադատել կենտրոնացման քաղաքականության համար, այնպես էլ մեր քաղաքում այդ երեւույթը շարունակում է տեղի ունենալ: Ինձ թվում է, որ մի կերպ յոլա կգնանք կենտրոնական հրապարակի շատրվանի կաթացող խողովակներով, բայց այս փողն ափսոս է, ուրիշ շատրվան վերանորոգենք»,-կարծիք հայտնեց Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն ու առաջարկեց վերանորոգել, մաքրել սբ․Ամենափրկիչ եկեղեցու մոտ գտնվող շատրվանների ջրավազանը, կամ համայնքի շատրվանների բոլոր ջրավազանները, ապա կարգի բերված ջրավազաններից հետո մտածել շատրվանների վերանորոգման մասին։

«էս կենտրոնացումը լավ բան չէ, հարկավոր է համայնքը զարգացնել համաչափորեն եւ ոչ թե կենտրոնացնել»,-ավելացրեց Լ․Բարսեղյանն ու ընդգծեց․

«Կարիք չկա կենտրոնանալ շատրվանների խոշոր ծախսերի վրա, այդ գումարով մի քանի ջրավազան կմաքրվի, կարգի կբերվի, հետո շատրվանային տնտեսությունների մասին կմտածենք»։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, թե ինքը համամիտ է, սակայն այս դեպքերում ավելի խոշոր գումար է անհրաժեշտ, ոը համայնքը դեռեւս չունի։

«Ես համամիտ եմ, բայց նման ռիսկ չեմ անում»,-ավելացրեց նա ու տեղեկացրեց, որ սբ․Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ գտնվող միայն շատրվանի վերանորոգման համար նախնական հաշվարկներով հարկավոր է 212 մլն ՀՀ դրամ, բացի այդ, անհրաժեշտ է գումար նաեւ շինարարական աշխատանքների կատարման համար։

Ս․Բալասանյանն անդրադարձավ նաեւ Բարսեղյանի ջրավազանների մաքրման կարգի բերելու առաջարկությանը․ «Որպեսզի մենք ունենանք մաքուր ջրավազաններ, պետք է ունանք ջրամաքրման համակարգեր՝ շատ բարձր թողունակությամբ։ Փոքր բասեին եմ պահում եւ հասկանում եմ, թե այդ ծախսերն ինչքան ծանր են»,-ասաց Ս․Բալասանյանը։

Այնուհադերձ, Բալասանյանը քննարկման քարտուղարին հանձնարարեց գրառել Լեւոն Բարսեղյանի առաջարկությունն ու հայտարարեց․

«Ես համաձայն եմ, այդ ֆանտանը մնա, յոլա կտանի, (նկատի ունի Վարդանանց հրապարակի շատրվանը․ հեղինակ) մյուս ֆանտանը սարքենք, 100 միլիոն էլ ավելացնենք, իդեալական ֆանտան ունենանք, ձեր որոշելիքն է»։

Գյումրիում որոշ շատրվանների տարածքների հարցն է ուսումնասիրվում, կան տեղեկություններ, որ դրանք տրվել են վարձրակալության պայմանագրով, սակայն վարձակալները չեն կատարում պայմանագրային պարտավորությունները։

Քննարկման մասնակիցները կարող են իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր ներկայացնել քննարկման քարտուղարին հանրային քննարկման ավարտից 5 օրվա ընթացքում։

Այնուհետ ծրագրրեը ներկայացվելու են ավագանու հաստատմանը, որից հետո ՀՀ կառավարության հավանությունն են ակնկալելու, որի հետո միայն կմեկնարկեն թվարկված այս ծրագրերը։

2019 թվականին Գյումրիում 4 սուբվենցիոն ծրագիր իրականացվեց՝ 1 մլրդ 160 միլիոն 265 հազար 200 դրամ արժողությամբ: Ընդհանուր այդ ծախսից 564 միլիոն 355 հազար 100 դրամը ներդրեց համայնքը, մնացածը պետական աջակցություն էր:

Անի Մկրտչյան

Լուսանկարում Գյումրիում ստեղծվող խելացի հանրային երիտասարդական զբոսայգին է

asparez.am