Երեկվանից մտածում եմ, թե ինչպես արտահայտվեմ Գյումրիի դեպքի վերաբերյալ: Իմ դատապարտելը կամ իմ ջղայնությունը ոչինչ չեն փոխելու: Առաջ միանգամից ջղայն մի բան կգրեի, սիրտս կհովանար, հետո քոմենթակռվի մեջ կմտնեի ընտանեկան բռնության դառը իրողությունը չընդունողների կամ դրա դեմ պայքարի ձևերը չհանդուրժողների հետ, իշխանությանը կմեղադրեի անգործության և ատելության քարոզի մեջ, կստանայի ԸԲ դեմ պայքարի «առաջամարտիկի» կոչում: Իսկ հիմա պիտի մտածեմ, թե ի՞նչ եմ զգում, մտածելուց բացի պիտի երկար կշռադատեմ, թե ինչպես ասեմ այն ինչ մտածում եմ, որը այդքան էլ չի տարբերվում նախկին ասածներից, բայց հասցեատերերն են փոխվել, հիմա իրանք չափազանց զգայուն են «հեղափոխություն» անունը կրող այս երեխայի հանդեպ (այո´, իմ պահանջը միշտ է օրվա իշխանությունից): Դիալոգ չկա հասարակության ներսում: Իրար հայհոյել կա, իրար պիտակավորել կա, շահարկել կա, բայց դիալոգ չկա: Ամեն մեկը ռինգի իր անկյուննա պահում` ինքն իրեն համարելով միակ ճշմարտության կրող:
Սիրտս ցավում է կատարվածի համար: Իսկ միտքս ելքեր չի տեսնում: Էս ենք մենք:
Ցավոք էս դեպքն էլ կմոռացվի ու կգնա, ինչպես Զարուհունը, տապոռված էն կնոջը (առանց գուգլելու անունն էլ չեմ հիշի) ու մյուս նմանատիպ դեպքերը: Իսկ քանի՜, քանի՜ չերևացող դեպքեր կմնան ընտանեկան պատերից ներս: Կմնան, որովհետև մեր երկրում ամեն ինչնա կիսատ, ու էդ կիսատից էլ ստացվումա, որ կիսակրթված ենք, կիսատեղեկացված, կիսագիտակցոդ, կիսալսող, կիսաարտահայտվող, կիսատ…: Էս խնդիրը մյուս բոլոր խնդիրներից չի տարբերվում,դրա լուծումների արդյունավետությունը նույնպես:
Աղոթում եմ, որ էդ երեխան փրկվի ու ի վիճակի լինի կյանք վերադառնալ ու եթե դեռ երազանքներ ունենա մնացած, ապա կարողանա դրանք իրագործված տեսնել:
Մարինե Մանուչարյանի էջից: