ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Նելլի Աշրաֆյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե դատախազ լինելը տղամարդու մասնագիտություն է: Նա երբեք չի մտածել համակարգից դուրս գալու մասին. ավելին, ցանկանում է մինչև թոշակի անցնելը մնալ դատախազությունում: «Արմենպրես»-ի հետ զրույցում դատախազության համակարգում 21 տարի գործունեության մասին Աշրաֆյանը պատմեց մեծ ուրախությամբ:
«Աշխատանքային բնագավառներում հանդիպող դժվարություններն իրենց բնույթով կարող են նույնանալ թե կին, թե տղամարդ դատախազի համար: Բացի այդ, տարբեր իրավիճակային քննարկումներում հավասարապես մասնակից են լինում և կին դատախազները, և տղամարդ»,-ընդգծեց Աշրաֆյանը, ով երկար տարիներ աշխատել է նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում թե դատախազության քննիչ և թե դատախազ:
Աշրաֆյանի մասնագիտությունը ոչ միայն չի խանգարել անձնական կյանքին, այլ օգնել է, քանի որ նա քրեական գործի քննության ընթացքում հանդիպել է այն մարդուն, ում հետ հետագայում ամուսնացել է:
«Շատ տարիներ առաջ քրեական գործով համապատասխան փաստաթղթերի առգրավման նպատակով գնացել էի մի կազմակերպություն: Բաժնի պետը, ով տալիս էր ինձ այդ փաստաթղթերը, իմ հասակակիցն էր: Այդ գործի քննության ընթացքում ևս մի քանի անգամ անհրաժեշտ եղավ գնալ այդ կազմակերպություն և արդյունքը եղավ այն, որ ամուսնացանք և համատեղ կյանքում ունեցանք չորս երեխա, որոնք մեր կյանքն իմաստավորեցին»,- պատմեց ավագ դատախազը, ում հսկողության տակ է գտնվում 11 քրեական գործ:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազը ներկայացրեց նաև մի քանի զավեշտալի և հետաքրքիր դեպք, որն իր հետ պատահել է աշխատանքի ընթացքում. «Տարիներ առաջ նոր էի ընդունվել դատախազության համակարգ, և ինձ մակագրվեց կասեցված մի գործ. այն կասեցվել էր անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով: Առաջին գործն էր, մտածեցի գնալ հետախուզվողի բնակության վայր: Գնացի բնակության վայր, դուռը ծեծեցի, այն բացեց մի երիտասարդ: Հարցրեցի, թե այստեղ է բնակվում տվյալ անձը, պարզվեց, որ դուռը բացել էր հենց այդ հետախուզվող անձը: Նա գողացել էր իր մորաքրոջ զարդերը, հետո զղջացել էր և այն վերադարձրել: Իհարկե, այդ գործը կարճվեց իրադարձությունների փոփոխման հիմքով, բայց առաջին հպարտանալու առիթը ստեղծվել էր, որովհետև հետախուզվողին ինքս հայտնաբերեցի:
Մյուս դեպքը նույնպես տարիներ առաջ է պատահել: Ահազանգ էի ստացել, որ հանկարծամահության դեպք է գրանցվել: Գնացի դեպքի վայր, քաղաքացիական հագուստով էի, ինձ թույլ չտվեցին մոտենալ դիակին և ասացին. «Բալիկ ջան հեռու գնա, քեզ չի կարելի մոտենալ դեպքի վայր»: Ասացի` գիտեք ես եմ դատախազության աշխատակիցը : Նրանք զարմացան և, իհարկե, թույլ տվեցին մոտենալ»:
Ամբողջությամբ՝ armenpress.am