Երբ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարվեց ամբողջ հանրապետությունում, ինչպես մի շարք կրթական եւ մշակութային հաստատություններ, այդպես էլ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտն աշխատանքի անցավ հեռավար եղանակով։
«Արտակարգ իրավիճակի պայմաններում աշխատում ենք անվտանգության պահանջվող կանոնները պահելով ու հիմնականում հեռավար եղանակով եւ հայ գրականությանը բնորոշ լավատեսական ոգով։ Քանի որ փետրվարի կեսերից ուրվագծվեց, որ նման իրավիճակ է ստեղծվելու, բոլոր այն աշխատակիցներին, որոնց թեմաներն անմիջաբար կապված էին սկզբնաղբյուրային նյութերի հետ, հանձնարարեցի, որ թողնեն իրենց հավաքած առկա նյութերի ուսումնասիրությունները եւ զբաղվեն նոր սկզբնաղբյուրների՝ հայ դասականների ինքնագրերի եւ գրականության հետ կապված վավերագրերի պատճենմամբ, ինչի շնորհիվ ի մի բերվեց սկզբնաղբյուրային բավարար նյութ՝ այս շրջանում հետազոտական աշխատանքների եւ տեսական վերլուծությունների համար»,-«ՀՀ»-ի հետ զրույցում ասում է ինստիտուտի տնօրեն, գրականագետ Վարդան Դեւրիկյանը՝ հավելելով, որ այս շրջանում տարբեր հոդվածներ եւ գրքեր կբերվեն նախատպագրական վիճակի, որպեսզի կյանքի բնականոն հուն վերադառնալուց հետո հնարավոր լինի իրականացնել դրանց տպագրությունը։
«Անցումը աշխատանքի արտակարգ իրավիճակների թելադրած պայմաններին համեմատաբար անցնցում եղավ այն պատճառով, որ ինստիտուտի աշխատանքներում գնալով մեծ տեսակարար կշիռ են գրավում միջգիտակարգային ուսումնասիրությունները, որոնք մինչ այս էլ իրականացվում էին հեռավար եղանակով՝ մեր ինստիտուտի եւ Հայաստանի Հանրապետության ու արտերկրի գիտական տարբեր հաստատությունների միջեւ»,-նկատում է Վ. Դեւրիկյանը։ Սկսված համաճարակի պայմաններում, ըստ գրականագետի, ոչ միայն պայքարի միասնական սկզբունքներն են մշակվում, այլեւ փորձ է արվում համամարդկային տեսանկյունից միասնական հայացքով դիտարկել համաճարակը, այն տարբեր իմաստավորումների ենթարկել բարոյական եւ այլ տեսանկյուններից։ Առանձին վերլուծություններ են կատարվում մարդկությանը տարբեր դարերում պատուհասած համաճարակների եւ հատկապես ժանտախտի բռնկման վերաբերյալ։
Հայ գրականությունը, Վ. Դեւրիկյանի խոսքով, լինելով աշխարհի հնագույն գրականություններից մեկը, 5-րդ դարից սկսած մատենագրական տարբեր ժանրերի երկերում՝ պատմագրություն, ժամանակագրություն, ձեռագրերի հիշատակարաններ, վարքագրական երկեր եւ այլն, գրանցել է Հայկական լեռնաշխարհում, հարակից երկրներում ու Եվրոպայում տեղի ունեցած համաճարակները. «Անցյալ համաճարակների նկատմամբ առկա հետաքրքրությունը մեզ եւս պարտավորեցրեց ինստիտուտում ձեռնամուխ լինել հետազոտական նման աշխատանքի կատարմանը։ Ասենք, որ ժամանակին Կարապետ Կոստանյանը գրել է «Շարժի տարեգրությունը հայոց մեջ» (Թիֆլիս, 1902 թ.) մեծարժեք աշխատությունը։ 1988 թ. դեկտեմբերյան երկրաշարժից հետո Մաշտոցի անվան Մատենադարանը Անդրանիկ Զեյթունյանի աշխատասիրությամբ այս գործի եւ հարակից այլ նյութերի հիման վրա կազմեց Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերի տարեգրությունը։ Նույն ձեւով մենք որոշեցինք կազմել Հայաստանում բռնկված համաճարակների ժամանակագրությունը համապատասխան սկզբնաղբյուրների վկայակոչմամբ, դրանց մասին պատմական տեղեկություններով եւ բնագրերի նկարագրությունների գրականագիտական վերլուծություններով»։
Գրականագետի համոզմամբ՝ այն ցույց կտա, թե մեր նախնիները ինչ միջոցների են դիմել նման աղետների ժամանակ։ Այսպիսի աշխատանքը, Վ. Դեւրիկյանի կարծիքով, իհարկե, անմիջականորեն բժշկական որեւէ արժեք չի կարող ունենալ, քանի որ նման վարակների բուժման միջոցները, ըստ նրա, անհամեմատելիորեն փոխվել են, ինչպես նաեւ այս համավարակն է իր բնույթով միանգամայն տարբերվում նախորդներից. «Բուն բժշկական եղանակներից դուրս, սակայն, մնայուն եւ կարեւոր են դրանց դիմագրավելու, ազգային ինքնակազմակերպվածության եւ ազգային հոգեկերտվածքի դրսեւորումների, իրար օգնելու, մայր բնությանը ապավինելու մասին հիշատակությունները»։ Նման համաճարակները, նրա խոսքով, բոլոր ժամանակներում հանգեցրել են նաեւ որոշակի հոգեկան ցնցումների ու հեղաբեկումների, եւ միշտ էլ խնդիր է դրվել, որ համաճարակների առաջ բերած հետեւանքները հոգեկան ցնցումների չհանգեցնեն. «Այս առումով անչափ կարեւոր էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավաքական աղոթքի արարողությունը, որի ծիսակարգը հիմնված էր ավանդական արարողության ու ընթերցվածների եւ այժմյան մտածողության համադրման վրա»։
Բարոյական առումով մեծ խորհուրդ ունի նաեւ այն իրողությունը, որ, անկախ պատմական վավերականության եւ հավաստիության աստիճանից, քրիստոնեության պետականորեն ընդունումը՝ սկսած Աբգար թագավորից մինչեւ Կոստանդիանոս Մեծ՝ Հայաստանից մինչեւ Բյուզանդական կայսրություն, կապվում է բորոտության բուժման հետ, որպես բժշկություն հոգեւոր նորոգությամբ։ Հայ գրականության մեջ, գրականագետի հիշատակմամբ, համաճարակներին եւ վարակիչ հիվանդություններին տարբեր բնորոշումներ են տրվել, որոնցից ամենացնցողը «մահտարաժամ» բառն է. «Ի տարբերություն բնական մահվան, այն հասնում է բնականից տարբեր ժամանակ, «Հայկազյան բառարանի» բնորոշմամբ «հանկարծակի»՝ անակնկալ վրա հասնելով։ Կյանքն անակնկալորեն ալեկոծած այս համաճարակը թելադրում է, որպես ժամանակի անմիջական արձագանք, անդրադառնալ համաճարակների գրական-հոգեւոր իմաստավորմանը մեր գրականության մեջ։ Նման աշխատանքը կկատարվի ակադեմիական գիտական չափանիշներով՝ համապատասխան գիտական ապարատով եւ հանրամատչելի տարբերակով, որպես անցյալի հոգեւոր-բարոյական հայացք՝ ուղղված այսօրվա ընթերցողին»։
Վարդան Դեւրիկյանը, առողջություն մաղթելով մեր հայրենակիցներին եւ, ընդհանրապես, հանուր մարդկությանը, վերջում հավելեց. «Կցանկանայինք, որ նման աշխատանքը մնար որպես տխուր բացառություն, եւ հաջորդող գործերը նորից վերաբերվեին ինստիտուտի ընթացիկ եւ հոբելյանական աշխատանքներին»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ