Հովհաննես Ավետիսյան. «Քանի տանը պարապ նստած եք, մի երկու հարց քննարկենք…»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Քանի տանը պարապ նստած եք, մի երկու հարց քննարկենք…»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Քանի տանը պարապ նստած եք, մի երկու հարց քննարկենք: Ու քանի որ վարչապետն էլ իր ելույթում ասեց, որ տանը նստած ապագայի մասին կմտածեք, որ երկիր սարքենք, ապա այս գրառումը կարող եք դիտարկել այդ համատեքստում:

Շատ է լինում, երբ ինձ մեղադրում են վատատես լինելու մեջ: Պատճառը նա է, որ չեմ ընդունում ոչ իրատեսական սպասումներ և տնտեսակ զարգացման մասին խոսելիս չեմ ընդունում ճառեր, խոստումներ, երազներ և հատկապես տնտեսական հեղափոխություն եզրույթներ:

Հիմա ասեմ թե ինչու, դուք էլ համաձայնվեք կամ ոչ:
Ուրեմն իմ չհամաձայնվելու գլխավոր, սակայն պարզ բանաձևը, որ գլխումս կա, հետևյալն է: Եթե տնտեսական զարգացում ես ուզում, ապա պետք է ունենաս ժամանակակից և արդյունավետ կրթական համակարգ, որը հիմք կդառնա գիտության և նորարարության զարգացմանը, ինչը իր հետևից կբերի երկրում արժեքի ստեղծման գործընթացների, որն էլ կհանգեցնի տնտեսական աճի և զարգացման: Այս բանաձևի ճիշտ լինելը ես ընդհանրապես չեմ էլ ուզում քննարկել: Սա ինձ համար կասկածի չենթարկվող` ճշմարտություն է և հետևաբար, եթե այս ելակետային շղթան ձեր մոտ կասկածներ է առաջացնում, կնշանակի ինձ ու այս գրածս կարող եք անտեսել:

Ինչու է այս բանաձևը կարևոր: Եվ ինչու Հայաստանում ավերակներից նորը կառուցելը, եթե չասեմ հեքիաթ, ապա միանշանակ ոչ իրատեսական է:

1995 թվականից, կարելի է ասել անկախությունից սկսած, եղել եմ մեր կրթական համակարգի մաս` որպես ուսանող: Կարճ ասեմ, ոչ միայն կրթական համակարգն ու գիտելիքն էր վատն ու հին, այլ նաև կրթության մասին հանրության ընկալումը: Լայն տարածում ուներ չսովորելու համար վճարելը (ես սրան կաշառք դիտավորյալ չեմ անվանում), այսինքն մարդը վճարում է (կամ իր փոխարեն պետությունը) սովորելու համար և հերիք չէ, որ հին ու վատ գիտելիք է ստանում վճարածի դիմաց, մի հատ էլ պատրաստ է լրացուցիչ վճարել, որպեսզի դա էլ չսովորի ու դիպլոմ կոչեցյալ թղթի կտորը ունենա: Եթե կասեք սա եզակի է, լայն տարածում չունի, ապա չեմ համաձայնվում, քանի որ իմ սովորելու ընթացքում սա համատարած էր, եթե մոտավոր տոկոսներով ասեմ, 80-ից ավել տոկոս դեպքերում:

Անցան տարիներ, գնացի աշխարհի զարգացած կրթական կենտրոններ ու ինչ: Ի զարմանս ինձ այս հաստատություններում ես տեսնում էի հետևյալը: Օտարազգի ուսանողների գերակշիռ մասը չինացի են, ճապոնացի, կորեացի կամ հնդիկ և նրանց սովորելու համար հիմնականում վճարում էր պետությունը` վերադառնալու և որոշակի գործունեության մեջ ներգրավվելու պայմանով, նաև կրթական: Բացառություն չէին թուրքերը, որոնք կրկին ի զարմանս ինձ (քանի որ մեր գլխում փոքրուց թուրքին տեղավորել են վայրենի, քոչվոր, տգետ ու հետամնաց մարդու տեսակ), մեծ թիվ էին կազմում և կրկին մեծ մասը պետական աջակցությամբ էին եկել` միևնույն պայմանով: Ըդհանուր առմամբ իմ եղած չորս կրթական հաստատություններում այս նույն պատկերն եմ տեսել:
Նրանց գլխում և հատկապես իրենց երկրների ղեկավարների գլխում նշածս բանաձևն էր:

Վերադարձա Հայաստան ու նաև 2015 թվականին փորձ արեցի նոր ու ժամանակակից գիտելիքի փոխանցման նպատակով դասավանդել: Մեկ և կես կամ փոքր էլ ավել տևած ժամանակահատվածում հասկացա, որ 1995 թվին եղած վիճակը ոչ միայն պահպանվել, այլ նաև ավելի է սրվել: Դրան էր ավելացել ուսանողի անգրագետ մնալու սրբազան իրավունքը, որի համար ոչ միայն ուսանողն էր կռիվ տալիս այլ նաև ամբողջ կրթական համակարգը: Կրկին, բացառություն էին շուրջ 10-20 տոկոսը, որոնք տիրող վատ միջավայրում փորձեր էին կատարում նախ սովորել սովորել, հետո նոր գիտելիք ստանալ: Սա շատ քչերի մոտ էր ստացվում:

Մեծ կասկածներ ունեմ, որ վերջին երեք տարում որևէ էական բան է փոխվել, ավելի շուտ համոզված եմ, որ չի փոխվել:
Հիմա դուք ասեք, երբ տնտեսական զարգացմանը և ընդհանրապես զարգացմանը այս պրիզմայով եմ նայում, ես ոնց կարող եմ հավատալ տնտեսական հեղափոխություն ասվածին և առավել ևս ավերակների մեջ նորը կառուցելու հնարավոր լինելուն: Եվ հեչ էական չէ, սա ասողը հեղափոխակ Նիկոլ Փաշինյանն է, թե մեծն հեղափոխական Ֆիդել Կաստրոն: Անձի հեղինակությամբ պայմանավորված ասված ոչ իրատեսական մտքերն ու երազները չեն կարող ավելի լավը կամ իրագործելի դառնալ:
Փորձեք ինձ համոզել, որ սխալ եմ և, որ նշածս զարգացման բանաձևը ճիշտ չէ, կամ դա միակ «ճշմարտությունը» չէ»:



Նման նյութեր