Կուժ քեզ ասում եմ, կուլա, դու՛ լսիր. Մոսկվայի զգուշացումը Փաշինյանին. politik.am
Advertisement 1000 x 90

Կուժ քեզ ասում եմ, կուլա, դու՛ լսիր. Մոսկվայի զգուշացումը Փաշինյանին. politik.am

Հաստատվեցին «օդում կախված» լուրերը, թե Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկը` Մասիս Մայիլյանը, հայտնվել է Ռուսաստանի համար անցանկալի անձանց սև ցուցակում։ Տելեգրամի «Ереванская телебашня» ալիքը տարածել է մի փաստաթուղթ, որից հետևում է, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունն արգելանք է դրել` արգելել է պարոն Մայիլյանի մուտքը Ռուսաստան, ինչը ինքնին մտահոգիչ է` նկատի ունենալով, որ բացի նախագահի թեկնածու լինելուց, նա նաև Արցախի արտաքին գործերի նախարարն է։

Մայիլյանի արգելքը դրվել է ս.թ. մարտի 11-ին` քարոզարշավի թեժ պահին։ Պատճառաբանությունն էլ այն է, թե նա սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի ազգային անվտանգության համար։ Սա հստակ ուղերձ է առ այն, որ ռուսական կողմը չի ուզում տեսնել Մասիս Մայիլյանին Արցախի նախագահի պաշտոնում։

Ռուսաստանն, ինչ խոսք, միշտ էլ «անուղղակի մասնակցություն» ունեցել է Արցախի համապետական ընտրություններին` դիտորդական խմբեր ուղարկելով, հետևելով և ընդհուպ պետդումայի պատգամավորների մակարդակով գնահատական տալով ընտրական գործընթացին, բայց սա առաջին դեպքն է, երբ այսպես անթաքույց միջամտում է Արցախի քաղաքական զարգացումներին` «դեմարշ» անելով թեկնածուներից մեկի դեմ։

Մի կողմ թողնենք` Մայիլյանն ինքն իրենով իրո՞ք վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար, թե՞ ոչ այնքան (կարևորը` Արցախի ազգային անվտանգության համար վտանգ չներկայացնի)։ Պարզ է, որ ռուսների մտավախությունները, եթե այդպիսիք կան, կապված են նախ և առաջ նրա սորոսական անցյալի ու հատկապես ներկայի հետ։ Ի վերջո, Մայիլյանն արևմտամետի համարում ունեցող գործիչ է, 2008 թվականին ստեղծել և մինչև 2017 թ., այսինքն, արտգործնախարար նշանակվելը, ղեկավարել է Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհուրդը, 2014 թ.-ից «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ է։ Թեև անմիջականորեն չի ասոցացվում Բաց հասարակության հիմնադրամ(ներ)ի հետ` ըստ էության, որպես Արցախի քաղաքացիական հասարակության «լիազոր» ներկայացուցիչ, համակարգում էր աշխատանքը արևմտյան կառույցների հետ։ Բայց սա հարցի մի՛ կողմն է։

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Մասիս Մայիլյանն է «թավիշների» սրտի երկու թեկնածուներից մեկը, որոնց վրա «ստավկա է անում» Նիկոլ Փաշինյանն այս ընտրություններում` փորձելով իր կամքը պարտադրել արցախահայությանը, ստեղծել հլու-հնազանդ իշխանություն, որը երբեք իր ասածին «չէ» չի ասի։

Ուրիշ բան, թե որքանո՞վ արդարացված են այդ ակնկալիքները` այն առումով, որ Արցախի որևէ իշխանություն հազիվ թե իրեն թույլ տա անցնել այն կարմիր գիծը, որից անդին Արցախի դե ֆակտո անկախ կարգավիճակը վտանգված կլինի, ու հավանություն տակ կարգավորման որևէ տարբերակի, որը խնդրահարույց կլինի Արցախի անվտանգության տեսանկյունից։

Արգելելով թեկնածուի մուտքը Ռուսաստան` ռուսները ցույց են տալիս իրենց վերաբերմունքը ոչ միայն Մասիս Մայիլյանի, այլ նաև Փաշինյանի ու իր «հետևից» ծիկրակող «սորոսական» հանրույթի նկատմամբ, ևս մեկ անգամ բարձրաձայնում են, որ չեն վստահում Նիկոլին, իր վարած անհոդաբաշխ արտաքին և ներքին քաղաքականությանը և «որդեգրած» կեղծ արժեքներին։ Եվ եթե սա բացահայտորեն քիթը չխոթեր Արցախի ներքին գործերի մեջ, չփորձեր կանխորոշել ընտրությունների արդյունքները, թե բա`արցախցին երբեք և ոչ մի պարագայում չպե՛տք է աջակցի այն թեկնածուին, որ համարձակվում է բա՛ն ասել «ժողովրդի կառավարությանը», թերևս ռուսները «սանկցիա» չկիրառեին Նիկոլի սրտի թեկնածուի հանդեպ։

Այնպես որ, ինչքան էլ «ոմանք» անհասկացող ձևանան, սա Ռուսաստանի դիվանագիտական ապտակն է առաջին հերթին իրեն «շլանգի» տեղ դրած Նիկոլ «Ամենակարողին» և իր խունվեյբիններին։ «Ակնարկը» տեղ կհասնի՞, թե՞ կլինի, ինչպես միշտ, այլ խնդիր է…

politik.am