«Ընդամենը զանգել էր, որ ասի՝ իր վրա հույս չդնեն». Սևակ Հակոբյան
Advertisement 1000 x 90

«Ընդամենը զանգել էր, որ ասի՝ իր վրա հույս չդնեն». Սևակ Հակոբյան

Սևակ Հակոբյանը ֆեյսբուքում գրել է.»

«Վարչապետը լայվ էր մտել, զանգում էր պատահական հեռախոսահամարներով և քաղաքացիներից ճշտում, թե ինչ խնդիրներ ունեն։ Կասեք, հերթական PR քայլն է։ Համաձայն եմ։
Եթե Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր ոչ թե իրեն գովազդելը, այլ հենց քաղաքացու խնդիրներն իմանալ ու թեթևացնելը, ապա ինչո՞ւ էր դա անում ուղիղ հեռարձակմամբ․ գուցե քաղաքացին ուզում էր կիսվել միայն Փաշինյանին, ոչ թե այն բոլոր մարդկանց, որոնք լսում ու տեսնում էին և այն բոլոր լրատվամիջոցներին, որ լուսաբանում էին դա։
Վարչապետի արածը եթե նպատակ ուներ բացահայտելու քաղաքացիների իրական խնդիրները, ապա այս առումով ևս սխալ էր, որովհետև անգամ յուրաքանչյուր գործազուրկ մարդու խնդիրներն են տարբեր մյուս գործազուրկից, և Փաշինյանը պետք է այնքան զանգ կատարեր, որքան բնակիչ կա Հայաստանում՝ խնդիրներն իմանալու համար։
Թե չէ՝ նման պատահական մեկ-երկու, թեկուզ 20 զանգերը պարզապես ժամանակի վատնում են։ Ասենք՝ Փաշինյանը պատահական համար հավաքեց ու ընկավ Սամվել Ալեքսանյանի բնակարան։ Հեռախոսին պատասխանողն ասաց, որ ոչ միայն ոչ մի խնդիր չունեն, այլև կորոնավիրուսի արդյունքում ավելի են հարստացել։ Ուրեմն ի՞նչ, Փաշինյանը պետք է որոշի, որ՝ «կորոնավիրուսը պետք է մեր առաջ նոր հնարավորություններ բացի» հանձնարարականն իրականությո՞ւն է դարձել։
Նիկոլ Փաշինյանի արածը ցույց տվեց երկու կարևոր բան։
Նախ երևաց, թե որքան պարապ մարդ կա մեր կառավարման օղակներում։ Փաշինյանն ինքը, որ պետք է քիթ սրբելու ժամանակ չունենար, մարդկանց է զանգել ու հարցախույզի ժամանակ ուներ։ Այսինքն՝ մեր երկրում թիվ 1 պարապ մարդը նա է, որ ոչ թե խնդիրներն է լուծում, այլ փորձում է հասկանալ, թե ինչ խնդիր ունեն։ Անձամբ։ Պարզվում է որ ամբողջ պետական համակարգը որ պարգևավճարներ ստանալուց շատ ակտիվ է, այս դեպքում անզոր էր՝ վարչապետը պետք եկավ դա անելու համար։ Այդ դեպքում, եթե չգիտեիք, կառավարության նիստում ի՞նչ օգնության ծրագրեր հաստատեցիք, ո՞ւմ համար։
Բայց այդտեղ մենք տեսանք նաև, որ Փաշինյանի ուղիղին հետևում էին իր ընտանիքի անդամներից և էլի հազարավոր մարդկանցից բացի, նաև կառավարության անդամներ, պատգամավորներ։ Քաղաքացիները տանը նստած են, անելիք չունեն, ու կարող է և հետևեն՝ տեսնեն ինչ է բերում իրենց գլխին վարչապետը։ Բայց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հո պե՞տք է այդ պահին հաստատ ուրիշ գործով զբաղվեր, մանավանդ որ պետբյուջեի կատարողականը ձախողվում է, հարկատուներն էլ գլուխները բռնած՝ չգիտեն ինչ անել։ ԱԺ փոխնախագահը պե՞տք է այլ գործ ունենար, մանավանդ որ ասում էին՝ օր ու գիշեր աշխատում ենք երկիրն էս վիճակից հանելու համար, օրենքներ ենք մտմտում։
Մյուսը մեր բնակչության իրական վերաբերմունքի բացահայտումն էր առ վարչապետ։ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերների ու գրառումների տակ հաճախ են նրան քննադատող կարծիքներ հնչում, որոնց էլ փորձում են լռեցնել իշխանական ֆեյքերը։ Բայց այս անգամ մարդիկ առավել կոպիտ էին ու հասկացնում էին, որ հոգնել են արդեն։ Նախ հենց եթերում իրենց խնդիրների մասին բողոքեցին, լաց եղան, դժգոհեցին։ Մեկն ասաց, որ երեք ամիս է, ինչ ամուսինը չի աշխատում, վարկ են վերցրել, որ կոմունալները փակեն, մյուսը լաց եղավ եթերում ու այսպես շարունակ։
Նաև վարչապետին սթափեցնող բազմաթիվ գրառումներ կային հենց իր էջում։
Հասկացա՞վ այս ամենի մասին Փաշինյանը, հասկացա՞վ նրանց խնդիրները։ Ոչ մեկը, ոչ մյուսը չհասկացավ։ Փաշինյանն արդեն հաղթահարել է աղքատության հոգեբանական շեմը, նա արդեն վարչապետ է, վարչապետությունից հետո, եթե այսպես չշարունակի կառավարելը, դարձյալ կլինի պետության հոգածության ներքո։ Նա այլևս չի վերադառնա իր նախկին կյանքին, չնայած շուտվանից աղքատության մեջ չի էլ եղել։ Նորմալ ապրել և բարգավաճել է թե՝ Քոչարյանի, թե՝ Սարգսյանի օրոք։
Ուրեմն քաղաքացուն զանգելը խնդիր լուծելու համար չէր, այլ՝ «պարապ վախտի խաղալիք»։
Իսկ իմաստը, այնուամենայնիվ, այդ քաղաքացիների համար ո՞րն էր, որ խոսեցին վարչապետի՞ հետ։ Ո՞ր խնդիրը լուծվեց, ի՞նչ հրահանգներ տվեց այդ մարդկանց օգնելու համար, թե՞ ընդամենը զանգել էր, որ ասի՝ իր վրա հույս չդնեն»։



Նման նյութեր