Անտոն Սուրեան կամ Անտոնիո Հայը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Անտոն Սուրեան կամ Անտոնիո Հայը

1575-1577 թթ. Վենետիկում տարածվում է մի սարսափելի համաճարակ, որին զոհ են գնում հազարավոր մարդիկ։ Այս համաճարակից մահանում է նաև Վերածննդի հսկաներից մեկը` 96-ամյա նկարիչ Տիցիանը։

Տիցիան «Ինքնադիմանկար»

Համաճարակը կանխելու համար հասարակապետության ձեռնարկած միջոցներն արդյունք չեն տալիս։ Շուտով համաճարակն այնքան է ընդլայնվում, որ Սան Մարկոյի ծովափում կառուցվում է նավերից բաղկացած մի հիվանդանոց, որը լեցուն էր ժանտախտով հիվանդ հարյուրավոր մարդկանցով։

Տեսնելով ժանտախտի համաճարակի ահագնացող չափերը` Անտոն Սուրեան անունով մի հայ, իտալական կառավարությանն առաջարկում է իր բժշկական օգնությունը։ Այդ ժամանակ Վենետիկի Հանրապետությունում բժշկական գործունեությունը կարգավորող օրենքներն այնքան խիստ էին, որ անողոքաբար պատժում էին ապօրինի բուժողներին։ Սակայն, կառավարությունը, տեղյակ լինելով, որ Սուրեանը դեռևս 1571 թ. նավային ճակատամարտերի ժամանակ իր պատրաստած դեղերով շատ վիրավորների էր բուժել ու փրկել, ընդունում է նրա օգնության առաջարկը և նրան վստահում Վենետիկի Դորսոդուրո թաղամասի բնակչության փրկության գործը։

1575 թ. հուլիսի 21-ից Սուրեանը ամբողջովին  նվիրվում է բռնկված համաճարակի դեմ պայքարին։ Նա իր պատրաստած ուժեղ դեղով անհատույց բուժելով, փրկում հազարավոր մարդկանց կյանքեր։

Ժանտախտը բուժող բժիշկը Վենետիկում

Անտոն Սուրեանը կամ ինչպես նրան իտալացիներն էին ասում Անտոնիո Հայը տիրապետել է տարաբնույթ դեղերի պատրաստման գաղտնիքներին։ Ասում են նա կարդացել էր ինչ-որ բժշկարան, որի մասին անտեղյակ էին XVI դարում քաղաքակրթության կենտրոն հանդիսացող Վենետիկի բժիշկները։ Հնարավոր է, որ դա  Ամիրդովլաթ Ամասիացու «Ուսումն բժշկութեան» (1459 թ.) կամ «Անգիտաց անպէտ» (1478-1482 թ.թ.) գրքերը եղած լինեն։ Ի դեպ, Ամիրդովլաթի «Անգիտաց անպետ» աշխատությունն ընդգրկում է 3754 անուն դեղանյութ և դեղագիտական գրականության մեջ աշխարհում առաջինն է։

Անտոն Սուրեանի կատարած սխրագործության դիմաց Վենետիկի կառավարությունը նրան ընդամենը վերցնում է մշտական ծառայության զինագործարանում` ցմահ տրամադրելով անվճար սնունդ։

Կառավարության վերաբերմունքից խիստ վիրավորում է Սուրեանը։

1577 թ. հուլիսի 17-21-ին Վենետիկում ժանտախտի համաճարակը հաղթահարվում է։ Ավելի հանդարտ ու հավասարակշռված վիճակում կառավարությունը պարզում է, որ Սուրեանը փրկել էր ոչ միայն հազարավոր մարդկանց կյանքը և դրա դիմաց ոչ միայն վարձատրություն չէր խնդրել, այլև` իր գրպանից էր առատորեն վճարել։ Վենետիկի Հանրապետության Սենատի որոշմամբ Սուրեանը պարգևատրվում է, իսկ հուլիսի 17-ը հռչակվում է Փրկության օր, և դրա պատվին կառուցվում է Սուրբ Փրկիչ եկեղեցին։

1591 թ. օգոստոսի 22-ին, 60 տարեկանում Անտոն Սուրեանը մահանում է Վենետիկում։ Նրան թաղում են Սան Մարտին եկեղեցում։

vnews.am