Կարծում եմ այս գրության կարիքը կա, դրա համար գրում եմ: Կփորձեմ հնարավորինս կարճ և մատչելի ասել: Սա հատկապես պետք է հետաքրքրի այն մարդկանց, որոնք այս պահին կասկածի տակ են դնում կառավարությունների, մասնավորապես մեր կառավարության գործողությունները կարանտինի, արտակարգ դրության և այլ սահմանափակումների առնչությամբ:
Ի դեպ, երբ Ազգային ժողովում այս թեմայով հրավիրել էին քննարկման, ասել եմ, որ կառավարության աջակցությունը քաղաքացիներին և բիզնեսին պետք է բխի վիրուսին արձագանքելու երկրի բժշկական կարողություններից: Այսինքն, վերջինիս հիման վրա ընտրված սահմանափակումների շրջանակը պետք է թելադրի կառավարության աջակցության եղանակը: Թե ինչու, կարծում եմ հասկանալի կդառնա այս գրառումը կարդալուց հետո:
Ընդհանուր առմամբ բոլոր կառավարությունների միջամտությունները ինչ-որ մի գործընթացում տեղի է ունենում երբ հանրային խնդիր է ձևակերպվում: Արդյո՞ք կորոնավիրուսը որպես այդպիսին հանրային խնդիր է: Մարդիկ կան, նաև մեր քաղաքացիների մեջ, որ ասում են` ոչ, կորոնավիրուսը սովորական գրիպի տեսակ է, և եթե վարակվածների ու մահերի կշռով նայենք, առ այսօր եղած գրիպներից ավելի սարսափելի չէ, և հետևաբար ինչու են կառավարությունները նման սահմանափակումների դիմում և միլիարդների վնասներ պատճառում տնտեսությանը և հետևաբար մարդկանց: Այսինքն ասում են կորոնավիրուսի տարածումը հանրային խնդիր չէ: Սակայն աշխարհի գրեթե բոլոր կառավարությունները, այս պահի դրությամբ, կորոնավիրուսի տարածումը ճանաչել են հանրային խնդիր և հետևաբար միջամտություններ են իրականացնում:
Ինչու՞ է կորոնավիրուսը հանրային խնդիր: Պատճառներ`
– Սա ավելի արագ է տարածվում, քան առ այսօր հայտնի այլ վիրուսներ:
– Սա ուղղակի գրիպի տեսակ չէ: Սա ավելի վարակիչ է:
– Սա ավելի վտանգավոր է առողջական խնդիրներ ունեցող և թույլ իմունիտետ ունեցող քաղաքացիների համար, հետևաբար հիմնականում տարեցները ավելի մեծ սպառնալիքի տակ են, քան այլ հայտնի վիրուսիների դեպքում (նաև հետևյալ պատճառով):
– Սրա համար պատվաստանյութ դեռ չկա:
– Սրա համար բուժման թերապիա դեռ չկա:
Այս ամենը երբ գումարում ենք իրար ապա կարողանում ենք ձևակերպել կորոնավիրուսի հանրային խնդիր լինելը հետևյալ կերպ:
Վիրուսը կարող է տարածվել մի արագությամբ, որ դրա արդյունքում մեծ թվով մարդիկ կդառնան վիրուսակիր և դրանցից բուժօգնության կարիք ունեցող մարդկանց թիվը որոշակի պահի դրությամբ շատ ավելի մեծ կլինի, քան երկրի բժշկական ծառայությունների կարողությունն է:
Երբ կորոնավիրուսի տարածումը հանրային խնդիր է ձևակերպվում, ապա կառավարությունները սկսում են մտածել իրենց գործողությունների` արձագանքի մասին և մտորում են հետևյալ հիմնական տարբերակների շուրջ:
– Տարբերակ առաջին: Ոչինչ չանել և թողնել, որ վիրուսը իր բնական ճանապարհով տարածվի, տալ որոշակի քանակի զոհեր և շարժվել առաջ: Այնուհետ հանրությանը համոզել, որ սա օպտիմալ տարբերակն էր:
– Տարբերակ երկրորդ: Մեծացնել բժշկական ծառայությունների կարողությունները և թողնել, որ վիրուսը իր բնական արագությամբ տարածվի և սպասարկել բոլորին ովքեր բուժօգնության կարիք կունենան:
– Տարբերակ երրորդ: Նվազեցնել վիրուսի տարածման արագությունը և փորձել եղած բժշկական կարողությունների շրջանակում սպասարկել բոլոր կարիք ունեցողներին:
Այս երեք տարբերակներն էլ ծախս-օգուտ վերլուծության են ենթարկում և հասկանում հետևյալը: Առաջին տարբերակը անընդունելի է, քանի որ կարող է հանգեցնել ոչ միայն մեծ քանակի զոհերի, այլ նաև առողջապահական համակարգի փլուզման և հանրային խռովությունների: Նաև սա անհնար կլիներ մատուցել հանրությանը իբր թե օպտիմալ տարբերակ, քանի որ 21-րդ դարում տեղեկատվական տեխնոլոգիաները կառավարություններին նման ծայրահեղ մանիպուլացիաների հնարավորություն չեն տալիս: Առաջին տարբերակը իրականում ամենածախսատարն է:
Երկրորդ տարբերակը իրատեսական չէ, քանի որ վիրուսը շատ արագ է տարածվում և հնարավոր չէ հասցնել բուժհաստատությունների կարողությունները այսքան արագ մեծացնել, եթե նույնիսկ ֆինանսական և մնացյալ ռեսուրսները անսահմանափակ են: Իրականում ցանկացած ռեսուրս սահմանափակ է, հատկապես այս օրերին երբ վիրուսը պատել է ամբողջ աշխարհը: Եվ ռեսուսրները սահմանափակ են հատկապես մեր երկրի համար:
Երրորդ տարբերակը այս պահի դրությամբ ամենատարածված միջամտության եղանակն է, որ կառավարությունները ընտրել են: Վիրուսի տարածման արագությունը նվազեցնում են մարդկանց շփումները հնարավորինս քչացնելով: Եզակի պետություններ սրան զուգահեռ կարողանում են նաև բժշկական կարողությունները փոքր-ինչ ընդլայնել և հետևաբար շփումների սահմանափակումը շատ խիստ չեն կիրառում: Օրինակ է Հարավային Կորեան: Այս եղանակը ընտրելով կառավարությունները հույս ունեն, որ վիրուսը կտարածվի դանդաղ և բժշկական հաստատությունները կկարողանան սպասարկել բոլոր բուժօգնության կարիք ունեցողներին և հետևաբար մահերի թիվը հնարավորինս փոքր կլինի: Սա երրորդ տարբերակի գերնպատակն է:
Հիմա, այս ներկայացվածը դիտարկենք երեք սցենարով, որոնք կառուցված են իրական թվերի վրա: Միակ ենթադրությունը այս երեք գծապատկերներում կարմիր գծի դիրքն է: Սա յուրաքանչյուր երկրում բժշկական ծառայությունների կարողությունների սահմանն է: Ենթադրաբար այս գծերը ճիշտ տեղում են` ելնելով տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունից, նաև վիրուսակիրների մեջ մահացածների կշռից: Իտալիայի դեպքում այս պահին կորոնավիրոսից մահացության ցուցանիշը 10.5% է, որը վատագույն ցուցանիշն է, իսկ Հարավային Կորեայի դեպքում սա 1.5% է, որը կարելի է նվազագույնը համարել: Հայաստանի համար դեռ վաղ է այս ցուցանիշի մասին խոսել. Կախված որդեգրած միջամտության արդյունավետությունից կորոնավիրուսից մահացածների թիվը կլինի այս միջակայքում:
Ասեմ, որ այս երեք գծապատկերների սցենարները տարբեր են հիմնականում միջամտության ժամանակագրությամբ պայմանավորված:
Իտալիան սահմանափակումները ուշ է մտցնում, հավանաբար սկզբում կարծել են, թե առաջին տարբերակը (չմիջամտել) կարող է օպտիմալը լինել` չպատկերացնելով վիրուսի տարածման արագությունը և դրա տված վնասների չափը (կարծում եմ ԱՄՆ-ը նույնպես սկզբում փորձեց այս տարբերակը ընտրել): Այնուհետ որոշել են գնալ երրորդ տարբերակով, սակայն արդեն ուշացած, երբ վիրուսի տարածումը մեծ թափ էր ստացել: Հարավային Կորեան, ի տարբերություն Իտալիայի, հենց առաջին դեպքերի հայտնաբերման պահից համապետական արտակարգ դրություն է հայտարարում և ընտրում միջամտության երրոդ եղանակը` գումարած երկրորդի որոշակի դրսևորումներ: Օրինակ թեստերի ստեղծում, արտադրություն, նաև բժշկական անհրաժեշտ սարքավորումների որոշակի ծավալի մեծացում:
Հայաստանի կառավարությունը, բարեբախտաբար, Իտալիայի պես ուշացած չէր իր միջամտության որոշման մեջ: Սակայն այդչափ օպերատիվ չէր, ինչպես Հարավային Կորեան, որը աշխարհում այս պահին լավագույնն է կառավարում այս վիրուսի տարածման ընթացքը:
Եվ վերջապես, Հայաստանի կառավարության խնդիրը այս պահին, եթե գծապատկերների տեսքով ասեմ, ապա ունենալ հարավ-կորեական սցենար, և ոչ մի կերրպ թույլ չտալ իտալականը: Սա կարծես այս պահի դրությամբ հաջողությամբ ստացվում է, ինչը նաև գծապատկերն է ցույց տալիս: Հետևաբար, Հայաստանի կառավարության գործողությունները` շփումների սահմանափակումների տեսքով, ամբողջովին արդարացված են: Լավ կլիներ իհարկե բժշկական կարողություններն էլ որոշակի չափով ընդլայնել, բայց սա արդեն հնարավորությունների հարց է: Իհարկե այս սահմանափակումները հանգեցնելու են տնտեսական մեծ վնասների, և հետևաբար քաղաքացիների համար մեծ դժվարություններ են առաջացնելու: Եվ նաև սրա համար է, որ կառավարությունը քաղաքացիներին և բիզնեսին աջակցության որոշակի քայլեր են ձեռնարկում: Ինչքան էլ որ մեծ լինեն տնտեսական վնասները, միանշանակ է, որ ընտրված տարբերակը ամենաքիչ ծախսատարն ու վնասաբերն է լինելու:
Ի դեպ, ինչ վերաբերվում է վիրուսի տարածման արագությանը, ապա շատ մասնագետներ պնդում են, որ դրա տարածման արագությունը էքսպոնենցիալ է: Երբ այս պահին եղած տվյալների վրա ենք դիտարկում, ապա աճը պոլինոմիալ է, որը նույնպես արագ աճի տեմպ է, գծայինի համեմատ, սակայն այնքան կտրուկ չէ, որքան էքսպոնենցիալը և սրա նվազեցնելը մյուսի համեմատ ավելի քիչ դժվար է: Սա հավանաբար նաև կառավարութունների միջամտության արդյունքում է:
Հովհաննես Ավետիսյանի էջից: