Հովհաննես Ավետիսյան. «Շատերս ձեռքներս ծալած նստած հետևում ենք, իսկ վտանգները բոլորիս հավասարապես են վերաբերվում»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Շատերս ձեռքներս ծալած նստած հետևում ենք, իսկ վտանգները բոլորիս հավասարապես են վերաբերվում»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի հրապարակումը.

«Որքան այս վիրուսի թեմայով խորանում եմ, գալիս եմ նրան, որ միակ գործուն` նախաձեռնողական միջոցառումը, որ կարող ենք անել, որոշ հիվանդանոցների հնարավորինս արագ վերազինումն է (ինչու չէ նորերի կառուցումը) ու թեստավորման շրջանակի ընդլայնումը: Սրանք պետք է զուգորդել աշխատատեղերում վարքագծի հստակ կանոններով և նաև դիմակների ավելի հասանելի դարձնելով:

Հարավային Կորեան այս ճանապարհով է գնում ու նաև դրա համար հաջողում է առայժմ: Ի դեպ, եթե անձնական տարածք մտնելու քայլը Հարավային Կորեայից եք ընդօրինակում, որպես այս վիրուսի դեմ պայքարում գործուն միջոց, ասեմ, որ նրանք նախ ավելի լայն շրջանակով են թեստավորում անում ու, որ կարևոր է շատ` հիվանդանոցներից դուրս: Որքան հասկացա ԱՆ մամուլի խոսնակի գրությունից տասնյակից ավել դեպք ունենք ՀՎԿԱԿ աշխատակիցների վարակման, ինչը անթուլատրելի է: Տեղից էլ շատ սեղմ ռեսուրսներ ունենք:

Արձագանքային միջոցառումներից պետք է անցնել նախաձեռնողականի, այլապես մեծ վնասներ ենք կրում, որը զուտ տնտեսական չէ. Տնտեսական վնասների արդյունքում, աղքատների վիճակը շուտով ավելի կսրվի` հատկապես օրավճարով ապրողների, եթե այս գծով երկար շարունակենք: Մեր պետությունը չի կարող ամիսներով տանը նստած մարդիկ պահել, եթե նույնիսկ նման տրամադրվածություն լինի որոշում կայացնողների մոտ:

Աշխարհի մեծ պետությունները (բացի Չինաստանից) նոր են ընկնում վիրուսի ստեղծած խնդիրների մեջ, շուտով էլ ավելի զբաղված են լինելու իրենց ներքին խնդիրներով և հավանաբար նրանցից ինչ-որ աջակցություն ակնկալելն էլ իրատեսական չի լինի մոտ ապագայում:
Հարգելիներ, ես ահավոր չեմ սիրում չափազանցություն կամ հնարավոր ռիսկերն ու վտանգները ուռճացնել: Եվ հետևաբար նման վարքագծից զերծ մնալով` խնդրում եմ ավելի նախաձեռնողական գործողություններ ձեռնարկեք, առայժմ կատարվածը վատ չէ, բայց նոր զարգացումների համատեքստում այս գիծը շարունակելը արդյունավետ չի լինելու: Շատ մտածելու ժամանակ չկա, ավելի ակտիվ պետք է մտնել թեմայի մեջ:

Եթե օգնելու հարցեր կան ասեք, շատ մարդիկ կմիանան. Շատերս ձեռքներս ծալած նստած հետևում ենք, իսկ վտանգները բոլորիս հավասարապես են վերաբերվում. Հիմա տարաձայնությունների պատճառով միմյանց հետ աշխատելուց խուսափելու ժամանակը չէ: Պետք է ավելի ակտիվ, ինչպես արդեն ասեցի, ավելի նախաձեռնողական լինել, օրենսդրական ակտերն օգուտ չեն տալու»:



Նման նյութեր