Մոտ 180 մլն դրամ պարտք ունեցող «Աշտարակ կաթը» վաճառվում է ԱՄՆ-ում գործող «Ադրա ռեմար» ընկերությանը. tert.am
Advertisement 1000 x 90

Մոտ 180 մլն դրամ պարտք ունեցող «Աշտարակ կաթը» վաճառվում է ԱՄՆ-ում գործող «Ադրա ռեմար» ընկերությանը. tert.am

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ավարտվել է նախարար Սուրեն Կարայանի հանդիպումը «Աշտարակ կաթ» ընկերության գնորդների հետ: Նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ փակ հանդիման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ֆինանսական խնդիրների առաջ կանգնած «Աշտարակ կաթ» ընկերությունը վաճառվում է ԱՄՆ-ում գրանցված «Ադրա ռեմար» ընկերության սեփականատերերին:

«Կառավարության և կենտրոնական բանկի ջանքերով բանակցություններ են վարվել և պոտենցիալ ներդրողն է գտնվել, ով որ կզբաղվի «Աշտարակ կաթի» առողջացման ծրագրով: Իրենք 2-3 օր է արդեն արտադրության մեջ են, փորձում են վերադարձնել հին ծավալները ու հիմնական խնդիրը դրված է վերադարձնել նախկին դիրքը շուկայում՝ կաթնամթերքի շուկայի 30-40 տոկոսը: Ծրագրի առողջացման ղեկավարը Արտակ Ավագյանն է, ներդրողի անունը Արտակ Ասատրյան է: Կազմակերպությունը ԱՄՆ-ում գործող կազմակերպություն է եղել, նոր մտնում են հայկական շուկա, Ամերիկայում են գործող, Հայաստանում որևէ կերպ ներկայացված չեն»,- ասաց խոսնակը:

Թե որքան ներդրում են կատարելու նոր սեփականատերերը, նախարարությունը չի բացահայտում: «Ստուգ չի ասվել, ասել են, որքան որ պետք է «Աշտարակ կաթը» շուկա վերադարձնելու համար ծախսել, պատրաստ են այդքան գումար ներդնել:

Դեռ պայմանագիր չկա, սակայն նոր սեփականատերն արդեն իսկ մտել է շուկա: Երեք օր է իրենք սպառում են ապրանքը: Կա առողջացման ծրագիր, կա գնորդ, կա ներդրող, պատրաստվում են գյուղացիների պարտքերը մարել, մթերողների հետ խոսել, բանակցություններ վարել»,- ասաց Աննա Օհանյանը:

Հարցին, թե վստահելի՞ են արդյոք նոր ներդրողները, քանի որ օրինակ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի պարագայում, երբ կրկին գնորդը ԱՄՆ-ից էր ու մոտ 100 մլն դոլար ներդրումի խոստում էր տվել, պարզվեց, որ դա իրատեսական չէ ու գործարքը չեղյալ հայտարարվեց, նախարարի խոսնակն ասաց. «Ամեն ինչ արել է նախարարությունը, որպեսզի վստահելի լինի և արտադրության նախկին ծավալը վերադարձվի: Երեք խնդիր է դրված, որ «Աշտարակ կաթը» կվերագտնի իր տեղը շուկայում, որ արտադրության շարունակականությունը կապահովվի և աշխատատեղերը կմնան նույնը, կրճատումներ չեն լինի: Այս 3 խնդիրներով նախարարությունն ամեն ինչ արել է, որպեսզի մնա նույնը»:

Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում «Աշտարակ-կաթ» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Արթուր Առաքելյանն ասել էր, թե բանակցություններ են վարվում վարկային միջոցներ ստանալու համար և նաև կառավարության օժանդակությանն են սպասում, զարգացման ծրագրեր են ներկայացված, սպասում են ֆինանսավորման:

Tert.am-ի հարցին, թե ինչո՞ւ կառավարությունը վարկային նոր միջոցներով չաջակցեց նախկին սեփականատիրոջը, այլ գնաց ընկերությունը վաճառելու ճանապարհով, քանի որ ընկերության առողջացման ծրագիրը, թերևս, դրա վաճառք չի ենթադրում, մամուլի խոսնակը դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ այդ հարցին ավելի ուշ կպատասխանի, քանի որ նախարարի ու փոխնախարարի հետ չի կարողանում կապվել:

Լրագրողների հետ կայացած զրույցում նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ կազմակերպությունը մի շարք բանակցություններ է ունեցել նախկին սեփականատերերի հետ: Ըստ փոխնախարարի` ամենակարևոր խնդիրներն այս փուլում հետևյալն են` ընկերության երբեմնի դիրքի վերականգնում շուկայում, գյուղացիների արտադրանքի կայուն գնումներ և աշխատատեղերի պահպանում:

Ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը անդրադառնալով գյուղացիներից մթերած և չվճարած կաթի դիմաց գոյացած պարտքերի մարմանը, ասել է. «Մենք չենք կարող այս պահին միանգամից իրենց նախկին բոլոր պարտքերը մարել: Մթերում-մարում, բոլորի հետ անհատական փորձում ենք համաձայնության գալ առանց ոչ մեկին նեղացնելու: Պարտքը կազմում է մոտավորապես 180 միլիոն դրամի կարգի»:

«Աշտարակ կաթի» մարքեթինգի բաժնի ղեկավար Արթուր Առաքելյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին՝ հստակեցնելու համար, թե ինչպես ստացվեց, որ ընդամենը մոտ 180 մլն դրամ պարտք ունեցող խոշոր ընկերություն «Աշտարակ կաթը» առողջացնելու կառավարության ծրագիրը վերածվեց այն մեկ այլ սեփականատիրոջ վաճառելու գործարքի: