2012 թվականի ամռանը Սանտի Կասորլան «Մալագայից» տեղափոխվեց «Արսենալ»՝ 15 միլիոն ֆունտով: Բավականին քիչ գումարի դիմաց Արսեն Վենգերը, առանց որևէ կասկածի, իր թիմի կիսապաշտպանության համար իսկական ադամանդ ձերք բերեց: Ընդամենը մեկ մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը խփեց 12 գոլ և կատարեց 13 գոլային փոխանցում։ «Զինագործների» երկրպագուները սիրեցին Սանտիին և նրան ճանաչեցին մրցաշրջանի լավագույն խաղացող: Շատ հաջող մեկնարկ, հատկապես Անգլիայում առաջին մրցարջանի համար:
Բայց ֆուտբոլիստին շատ խանգարեցին վնասվածքները։ Նա անցկացրեց մի քանի տարի՝ ստանալով տարբեր վնասվածքներ, որոնցից ամենաբարդը կապված էր ծնկի խաչաձև մկանների հետ։
Երբ թվում էր, թե վնասվածքները անցյալում են, 2016 թվականից կրկին սկսվեցին դժվարությունները։
Ամեն ինչ սկսվեց 2016 թվականի հոկտեմբերի 19-ին, երբ Կասորլան բաց թողեց Չեմպիոնների լիգայի հերթական հանդիպումը: Կասորլան ցավեր էր զգացել գարշապարի շրջանում: Ֆուտբոլիստին թվացել է, թե դա սովորական վնասվածք է, սակայն ցավերը գնալով ուժգնանում էին:
Բուժման առաջին շրջանում անգլիացի բժիշկն իսպանացուն ասել է. «Գոհ կլինես, եթե կարողանաս հետագայում զբոսնել որդուդ հետ»: Մեկ տարվա ընթացքում Սանտին 8 անգամ վիրահատվեց, սակայն չկար ոչ մի դրական տեղաշարժ:
Հոգնելով բուժման անվերջանալի թվացող գործընթացից՝ Կասորլան տեղափոխվում է Սալամանկա: Այնտեղ բժիշկը Կասորլայի մոտ հայտնաբերել է ինֆեկցիա, որի դեպքում ոչ միայն ֆուտբոլ խաղալ, այլև նորմալ քայլել հնարավոր չէր:
Մայիսի 29-ին Կասորլան վիրահատվեց վերջին անգամ: Վերքը փակելու համար բժիշկը վերցրեց մի կտոր կաշի Կասորլայի ձեռքից: Ֆուտբոլիստի ձեռքի այդ հատվածում դաջվածք էր աղջկա՝ Ինդիի անունով: Հիմա դաջվածքի մի մասը Կասորլայի ձեռքին է, մյուս մասը՝ ոտքին:
Հուլիսից Կասորլան ապրում էր հյուրանոցում, որտեղ ամեն օր լողում է, ընդունում մերսումներ և անցնում կուրսեր: Կասորլան հեռու էր նաև ընտանիքից, քանի որ սկսվել էր ուսումնական տարին, և Կասորլայի ընտանիքը մնացել էր Լոնդոնում: Հետո Կասորլայի կյանքում սպիտակ գիծ սկսվեց, քանի որ նա առաջին անգամ կարողացավ վազել: Ըստ աղբյուրների՝ Կասորլայի եղբայրը, ով այդ պահին նրա կողքին էր, արտասվել է՝ տեսնելով եղբորը վազելիս:
Կասորլայի պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվեց վիրահատությունից ուղիղ 12 ամիս անց: Սանտին հաջողությամբ վերականգնվում էր, բայց 17/18 մրցաշրջանում «զինագործների» կազմում խաղալ նրան չստացվեց:
Այդ ամառ Կասորլան որպես ազատ գործակալ վերադարձավ հայրենի «Վիլյառեալ», որտեղ 8 տարի էր անցկացրել: Չնայած բոլոր կասկածներին, իսպանացին անհավատալի մարզավիճակ է ձեռք բերել, նույնիսկ հասուն տարիքի խաղացողի համար: Առաջնությունում Սանտին խփեց 4 գոլ և տվեց 10 գոլային փոխանցում: Ըստ գոլ + փոխանցում համակարգի, նա լավագույնն է դարձել ակումբում՝ առաջ անցնելով նույնիսկ կենտրոնական հարձակվողներից՝ Էկամբիից, Բակկուից և Մորենոյից:
Իսկ ահա ամռանը 1302 օրվա ընթացքում առաջին անգամ, նա կրկին խաղադաշտ մտավ Իսպանիայի հավաքականի մարզաշապիկով: 34-ամյա կիսապաշտպանը առաջին րոպեներից խաղադաշտ դուրս եկավ Եվրո-2020-ի՝ Ֆարերյան կղզիների դեմ ընտրական խաղում:
«Իմ ամենախենթ երազներում անգամ ես չէի կարող պատկերացնել դա: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր իմ կողքին եղել են դժվարին ժամանակներում»,- այդ խաղից հետո գրել էր Կասորլան։
Ընթացիկ մրցաշրջանը Կասորլայի համար լավագույններից մեկն է իր կարիերայում: Լա Լիգայի 24 տուրից հետո Սանտին ունի 8 գոլ և 6 գոլային փոխանցում: Կասորլան իսկական առաջնորդ է և օրինակ է ոչ միայն դաշտում, այլև դրանից դուրս: Դա, փաստորեն, վկայում է այն, որ նա կրում է թիմի ավագի թևկապը:
Ըստ լուրերի, «Արսենալի» ներկայիս մարզական տնօրեն Ռաուլ Սանլեչին այս ամառ պատրաստվում է այնպես անել, որ երկրպագուներն և Կասորլան հրաժեշտ տան միմյանց՝ նախքան իսպանացու կարիերան ավարտելը՝ կազմակերպելով ընկերական հանդիպում «Վիլյառեալի» հետ: Պատմությունը կարող է պարզապես հրաշալի ստացվել, քանի որ նրա կարիերայի միակ գլուխը, որը Սանտին չհասցրեց փակել ժպիտը դեմքին, հենց անգլիականն է։
Սիրարփի Աղաբաբյան