Արշալույս Զուրաբյան. «Պատմության քառուղիներում. ավատատիրությունից դուրս չեկանք…»
Advertisement 1000 x 90

Արշալույս Զուրաբյան. «Պատմության քառուղիներում. ավատատիրությունից դուրս չեկանք…»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ

Հայ իշխանների պառակտիչ գործողություններից ոգեւորված՝ 909 թ. սաջյան ամիրա Յուսուֆը արշավեց Հայաստան: Հովհաննես Ե կաթողիկոսը, կամենալով կասեցնել թշնամու առաջխաղացումը, նվերներով ընդառաջ գնաց Յուսուֆին, բայց արաբ ամիրան գանձերը համարեց ոչ բավարար եւ բանտարկեց նրան: Յուսուֆին ընծաներով ու իրենց զորքերով ներկայացան եւ նրա արշավանքին միացան Գագիկ ու Գուրգեն Արծրունիները: Գագիկը Նախճավան քաղաքի պատկանելության հարցի շուրջ գժտվել էր Սմբատ Ա թագավորի հետ, 908-ին Վասպուրականը հռչակել անկախ թագավորություն եւ ստացել Յուսուֆի ուղարկած թագն ու խոստումը՝ Սմբատ Ա-ին տապալելուց հետո հայոց գահը ժառանգելու մասին:

Արաբները նախ արշավեցին Սյունիք: Սմբատ իշխանն իր մոր, կնոջ ու եղբոր ընտանիքի պաշտպանությունը վստահեց Երնջակի բերդապահներին եւ եղբոր՝ Սահակի հետ, հեռացավ Սյունիքից: Նրա մյուս եղբայրները՝ Բաբկենն ու Վասակը, Գրիգոր Սուփան իշխանի հետ չկարողացան դիմադրել թշնամուն եւ երկրամասի գրեթե բոլոր մեծ բնակավայրերն ընկան արաբների ձեռքն ու ավերվեցին: Սյունիքը գրավելուց հետո՝ Յուսուֆը շարժվեց Արարատյան դաշտ, եւ Դվին հասավ այն օրը, երբ հայերը տոնում էին Զատիկը: Անակնկալի եկած բնակչությունը սրի քաշվեց: Հաշված օրերի ընթացքում հարյուրավոր բնակավայրերում կյանքը մարեց…

910 թ. Նիգ գավառի Ձկնավաճառ կոչվող վայրում միմյանց դեմ դուրս եկան գերազանցապես հայկական զորքերը` Արծրունիներն ընդդեմ Բագրատունիների: Արքունի զորքն առաջնորդում էին արքայորդիներ Աշոտն ու Մուշեղը։ Հայերն ընդդեմ հայերի արյունալի ճակատամարտն ավարտվեց Բագրատունյաց զորքի պարտությամբ: Կռվի ելքի վրա մեծ ազդեցություն ունեցավ Սեւորդյաց գնդի դավաճանությունը: Նրանք լքեցին մարտի դաշտը՝ իրենց հետ տանելով Աշոտին (Աշոտ Բ Երկաթ), իսկ մյուս արքայորդին՝ Մուշեղը, գերվեց ու հանձնվեց Յուսուֆին, ապա նրա հրամանով գլխատվեց: Արաբ ամիրան ասպատակեց երկրի բոլոր կողմերը՝ հիմնականում օգտագործելով հայկական զորագնդերը: Գագիկ Արծրունին հրաման ստացավ գրավել Բագրեւանդը: Հայաստանը հայտնվեց կատարյալ քաոսի մեջ:

Այնուհետեւ Յուսուֆը սկսեց վերացնել իր կողմն անցած հայ իշխաններին: Գագիկ Արծրունին, որը փայփայում էր Հայաստանի թագավոր դառնալու հույսը, թշնամության տեղիք չտալու համար՝ նախ դարձավ Յուսուֆի ամենանվիրյալ կամակատարը, ապա ահաբեկված նրա խարդավանքներից, եղբոր՝ Գուրգենի հետ, որոշեց հեռանալ արաբներից՝ այդ մասին գաղտնի տեղեկացնելով Սմբատ արքային: Վերջինս, բնականաբար, դավաճան եղբայրներին հավատալ ու վստահել չէր կարող: Արծրունյաց գնդերը, ավելի ճիշտ` դրանց մնացորդները, հեռացան Վասպուրական: Այստեղ, Աղթամար կղզում, Գագիկը տարիներ անց կառուցեց Սուրբ Խաչ եկեղեցին`«ի քավութիւն յուր մեղաց եւ ի հանգստութիւն յուր հոգվոյ»:

Սմբատն ամրացավ Արշարունյաց գավառի (Երասխաձոր) Կապույտ բերդում: Նա հույս ուներ ցրված ուժերը միավորել եւ թշնամուն կանոնավոր դիմադրություն ցույց տալ, սակայն արքայի ձեռնարկներն անհաջողության մատնվեցին: Յուսուֆը պաշարեց Կապույտ բերդը եւ հայկական զորագնդերով գրոհեց այն: Բերդը հաջողությամբ դիմադրում էր: Տեսնելով, որ սպանվածներն ու վիրավորները գերազանցապես միմյանց դեմ կռվող հայ ռազմիկներն են, ինչպես նաեւ հավատալով Յուսուֆի խոստումներին, այն է՝ բանակցելու ճանապարհով հասնել խաղաղության, հայոց արքան դուրս եկավ բերդից եւ իջավ արաբների բանակատեղին…

Յուսուֆը նրան շղթայակապ բանտ նետեց: Այնուհետեւ արաբները շարժվեցին Շիրակավան, ապա իջան հարավ՝ Երնջակ ամրոցը գրավելու, որի պաշտպանները համառ դիմադրում էին թշնամուն: Սմբատին դուրս բերեցին բերդի պարիսպների տակ, եւ Յուսուֆը կարգադրեց, որ նա հրամայի բերդը հանձնել իրեն՝ փոխարենը խոստանալով ազատություն: Հայոց արքան կոչ արեց անձնատուր չլինել եւ տեղում գլխատվեց՝ ձեռք բերելով նահատակի անուն: Նրա դիակն ուղարկվեց Դվին, խաչվեց քաղաքի պարսպի վրա՝ ի ցավ ու ի սարսափ բնակչության:

Շուտով ընկավ նաեւ Երնջակը: Բերդապահներին ոչնչացրին, իսկ իշխանազուն կանանց գերության տարան: Հայաստանն ապրեց անիշխանության, սովի ու սարսափի յոթ երկար ու ձիգ տարիներ: Հայ իշխաններից ոմանք, որոնց հաջողվել էր փախչել Յուսուֆի գերությունից, ամրացան իրենց բերդերում՝ հանկարծակի գրոհներով ոչնչացնելով Յուսուֆի թողած զորամասերը: Միաժամանակ, նրանք իրենց ջոկատներով ասպատակում էին միմյանց տիրույթները: Հինգ տարի Հայաստանն ավերելուց ու կողոպտելուց հետո՝ Յուսուֆը վերադարձավ Ատրպատական եւ երկիրը կառավարելու համար Դվինում թողեց տեղապահներ:

921 թ. թշնամու դեմ պայքար սկսեց Աշոտ թագաժառանգը, որն արաբների դեմ մղած խիզախ կռիվների համար ստացավ Երկաթ անունը: Նրան հաջողվեց սաստել անհնազանդ իշխաններին եւ համառ պայքարի արդյունքում թշնամուն դուրս քշել Հայաստանից: 922 թ. խալիֆ Ջաֆար ալ Մուքթադիրը Աշոտ Բ-ին թագ ու արքայական հանդերձներ ուղարկեց և ճանաչեց Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա։

Պատմաբան Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից:

Հեղինակը մեկնաբանություններում գրել է. «…Ավատատիրությունից դուրս չեկանք…»:

Լուսանկարը՝ Սամվել Կարապետյանի



Նման նյութեր