Պատմաբան Արշալույս Զուրաբյանի հրապարակումը.
1916 թ. հունվար-փետրվարին ռուսական զորքերը, որոնց առաջին շարքերում կռվում էին հայ կամավորները, մտնում են Խնուս, Մուշ, Կարին ու Բաղեշ: Փետրվարի 7 (19)-ի գիշերը Անդրանիկն իր կամավորական ջոկատով գրավում է Բիթլիսը (Բաղեշ), այնուհետեւ քաղաք են մտնում գեներալ Աբացիեւի զորամասերը: Բաղեշի մեջ մնացել էին հրաշքով փրկված շուրջ 300 հայ կանայք ու մանուկներ, որոնց Անդրանիկն ուղարկում է Վան:
Քաղաքում սկսվում է կողոպուտ եւ այն, ինչ թուրքերն ու քրդերը չէին հասցրել տանել՝ բաժին է հասնում կազակներին: Գեներալ Աբացիեւը, որը չէր էլ թաքցնում հակակրանքը հայերի նկատմամբ, մի օր Բաղեշի մեջ հանդիպում է գորգը շալակն առած հայ կամավորի: Նրա այն հարցին, թե որտեղից է ձեռք բերել այն, կամավորը պատասխանում է, որ գնել է մի ռուս զինվորից: Աբացիեւի հրամանով նրան ձերբակալում են: Իմանալով այդ մասին՝ Անդրանիկը շտապում է գեներալի մոտ: Երբ վերջինս ասում է, որ հայերը Բիթլիսը թալանում են, Անդրանիկը պայթում է.
– Բիթլիսը 16 հազար հայ բնակիչ ուներ, ու՞ր են այդ հայերը, որտե՞ղ են նրանց հարստությունները: Արդյո՞ք մեկ միլիոն հայ նահատակները քեզ բավարարություն չտվին, որ ուզում ես հայ կամավորներին էլ չարչարել…
Ամիսներ անց հայատյաց գեներալը Կովկասի փոխարքա, ցարի հորեղբայր Նիկոլայ Ռոմանովին գրում է. «Անդրանիկի գունդը 5.500 անմեղ թուրք է կոտորել Բիթլիսում: Օրեր ու շաբաթներ տեւեցին՝ մինչեւ նրանց դիակները թաղեցինք…»: Վտանգ կար, որ Անդրանիկը կկանգնի պատերազմական ատյանի առջեւ, բայց ռուսական զինվորական իշխանությունները վախենալով հերոսի ժողովրդականությունից ու հայերի վերժխնդրությունից՝ որոշեցին առժամանակ հետաձգել իրենց մտադրությունը:
Կովկասյան ճակատի հրամանատարներից մեկը՝ գեներալ Օգանովսկին, այդ օրերին գրում է. «Մենք հետապնդում էինք այնպիսի նպատակ, որ պատերազմը վերջանալուն պես հնարավորություն ունենանք ԱՆՄԻՋԱՊԵՍ ԵՎ ԱՐԱԳ ԶԻՆԱԹԱՓԵԼ ՀԱՅԵՐԻՆ: Նրանք պետք է փոխեն իրենց մտածողությունն ու աշխարհայացքը, հրապարակայնորեն հայտարարեն եւ գործով ապացուցեն, որ կռվում են ոչ թե ինքնավար Հայաստանի, այլ որպես ռուսական կայսրության քաղաքացիներ՝ Ռուսիայի համար, այլապես հայերի նպատակադրումներն իրենց վրա թանկ կնստեն»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝ Տեսարան Բիթլիսից