Գևորգ Էմին-Տերյան. «Հույս ունեմ, որ այս տարի տպարան կուղարկեմ հայ որբերի հիշողությունների երկրորդ գիրքը
Advertisement 1000 x 90

Գևորգ Էմին-Տերյան. «Հույս ունեմ, որ այս տարի տպարան կուղարկեմ հայ որբերի հիշողությունների երկրորդ գիրքը

Գևորգ Էմին-Տերյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

«Հույս ունեմ, որ այս տարի տպարան կուղարկեմ հայ որբերի հիշողությունների երկրորդ գիրքը, որը հրատարակության եմ պատրաստել ուսանողներիս ու մասնավորապես Օվսաննա Իսրայելյանի հետ համատեղ։ Այս հատվածը 13-ամյա մի հայ աղջկա հուշից է․

«Շատ երեխաների քունը քայլելիս տանում էր, և ընկնում էին: Մայրերը նրանց ոտքի էին կանգնեցնում, արթնացնում ու կրկին քարշ տալիս իրենց հետևից:

Մօրս մօտ դեռ ուժ շատ կար: Նա Գուրգէնը շալակին, միշտ աշխատում էր խմբի մէջ տեղը քայլեր, որ հարւածներ չուտենք, իսկ մենք երեքս նրա փեշերիցը կախ, քարշ էինք գալիս նրա հետևից:

Միայն Գուրգենը մէկ-մէկ լալիս էր։ Մայրիկը առնում էր նրան իր գիրկը ու կերակրում: Բայց հետևեալ օրը Գուրգէնն այլ ևս մայրիկի ծիծը չէր ծծում, որովհետև կաթը չորացել էր: Նա մոտենում էր մայրիկի կրծքին, բարկացած գլուխը յետ տանում ու նորից լալիս:

Այդ օրը վանեցի պառաւը բոլորովին չէր կարողանում մեզ հասնել:

Կեսօրի մօտ մեր հետևից լսեցինք մի հրացանի ձայն: Մենք սարսափած յետ նայեցինք: Կարծեցինք թէ մեզ վրայ նոր յարձակում են գործում։ Բայց տեսանք, որ հրացան արձակողը մեզ ուղեկցող ասկարներից մեկն էր: Նա վանեցի պառաւին սպանեց, որովհետև այլ ևս չէր կարողանում քայլել:

Այդպէս յոգնած, անօթի և անքուն, մահւան երկիւղի տակ, մենք ստիպւած էինք մի ամբողջ գիշեր էլ քայլել:

Այդ գիշեր երկու կին յոգնածութիւնից ընկան և այն ասկարը այդ երկուսին էլ սպանեց ու ձգեց ճանապարհին:

Լուսադէմին մի զառիվեր բարձրանալիս յղի կինը, համարեա ուշաթափ, պարկեց մի քարի տակ: Մի քանի կին նրան շրջապատեցին: Ասկարները եկան, որ նրանց վեր կացնեն, մէկը կանանցից գժւածի պէս, գոռալով նրանց վրայ, ասաց.

-Անաստւածնե՛ր, չէ՞ք տեսնում, որ ծնում է, կորէ՜ք…

Ասկարները կանգ առան, և ամաչելով ծնող կնոջից մի քանի քայլ յետ գնացին և կարծես շփոթւած՝ նստեցին:

Կինը անփորձ ծնեց:

Արևելքում, կարմիր արշալոյսից յետոյ, երկնակամարի վրայ շողացին լուսեղէն ճառագայթները և արևը ծագեց:

Սկսւեց մեր տանջանքների ու չարչարանքների երրորդ օրը:

-Դե՛, բաւական է, վե՛ր կացէք, ճանապարհ ընկէ՛ք, հրամայեցին ասկարները:

-Ապա երեխա՞ն:

-Երեխան կմայ այստեղ, հրամայեց նա:

Ոչ մէկի մօտ ոյժ չկար նորածննունդ երեխային վերցնելու։ Նրան դրին մի քարի տակ և ծննդկան մօր թևերի տակ մտնելով՝ ճանապարհ ընկանք։

Հեռվից լսւում էր երեխայի լացի ձայնը: Մայրը խելագարի պէս յետ էր նայում, ինչ որ խօսքեր մրմնջում, և աչքերից արտասուքի կաթիլներ՝ թափում:

Յանկարծ նա ուշաթափ վայր ընկաւ: Փորձեցին ոտքի կանգնեցնել՝ չեղաւ: Ասկարներից մէկը մոտեցաւ, նրան շրջապատող կանանց հեռացրեց և կողքից դաշոյնը հանելով՝ խրեց կնոջ սիրտը:

Կանայք երեսները շուռ տւին ու փախան, որ իրենց աչքերով չտեսնեն…

Երկար չտևեց, մենք հասանք Արճէշ։

Հենց որ մոտեցանք այգիներին, տւինք խաղողի թփերի վրայ և սկսեցինք ագահաբար պլոկել խաղողի ողկոյզները։ Երկու օր էր, մենք ծարաւ և անօթի էինք։ Գուրգէնը, որ արդէն չէր մոտենում Մայրիկի ստինքներին, ագահաբար ծծում էր խաղողի պտուղները։

Երբ հասանք մտանք քաղաքը, քրդի կանայք, ատամները կրճտացնելով ճպռոտում էին մեր երեսները և ասում․

-Մենք ձեր արիւնը պիտի խմենք։

Մենք չէինք պատասխանում և միմեանց սեղմւած գնում էինք»»։



Նման նյութեր