Armenian Geographic նախագծի հեղինակ, արշավորդ ու լեռնագնաց Տիգրան Վարագը փոքր տարիքում միայն Վախթանգ Անանյանի պատմվածքներում է ճամփորդել եւ որսի գնացել. Երեւանում ապրելու պատճառով բնությանը մոտ լինելու միակ տարբերակը գրքերն էին։ «Հովազաձորի գերիներ» էին անվանում իրեն ու դասընկերներին, երբ չորրորդ դասարանում Գառնի էքսկուրսիայի ժամանակ մաթեմատիկայի ուսուցչի հետ բարձրացել էին սարն ու մնացել այնտեղ. ուսուցիչն անփորձ էր, ժամանակը չէր հաշվարկել, արդյունքում գյուղացիները պարաններով էին երեխաներին իջեցրել։
Էքսկուրսիաներին հաջորդել են համալսարանական արշավները, որից հետո Տիգրանն արդեն ինքնուրույն է սկսել արշավներ կազմակերպել։ Կրթությամբ աշխարհագրագետ երիտասարդը 2012-ին հիմնել է Armenian Geographic նախագիծն ու զբաղվել աշխարհագրական տուրիզմով։ Հայաստանի ու Արցախի հայտնի ու անհայտ լեռներն ուսումնասիրելուց հետո Armenian Geographic-ը վերջին տարիներին սկսել է ուսումնասիրել Արեւմտյան Հայաստանում գտնվող լեռները։
35-ամյա լեռնագնացը Հայկական լեռնաշխարհի մասին բոլոր բացահայտումներն այժմ ամփոփում է իր երկրորդ գրքում։ Տիգրան Շահբազյանի հետ զրուցել ենք նոր գրքի կարեւորության, Թուրքիա այցելությունների ու Հայկական լեռնաշխարհը նորովի բացահայտելու մասին։
100 տարվա ընդհատված կապը ձգելով
2014-ից ուսումնասիրում ու բացահայտում ենք Հայկական լեռնաշխարհը, նկատի ունենք այն լեռները, որոնք Հայաստանի տարածքից դուրս են։ 5-6 օրով ենք գնում Արեւմտյան Հայաստան։ Ստանդարտ տուրերի աշխարհագրությունն ինչպիսի՞ն է՝ Անի, Կարս, Վան, Մուշ, Էրզրում, Բայազետ, հիմնականում քաղաքներ են, մի քանի պատմական հուշարձաններ։ Մեր խումբն այդ ամենը մի անգամ տեսնելուց հետո այդ էջը փակեց. մեզ լեռներն էին ավելի շատ հետաքրքրում:
Սկսեցինք բացահայտել այն լեռները, որոնց մասին ընդհանրապես տեղեկություն չկար։ Կոպիտ ասած՝ 100 տարի առաջվա ընդհատված կապը նորից գցեցինք լեռների մեջ։
Մարաթուկ, Անդոկ, Ծովասար, Վարագ, Արտոս, Նեմրութ. այս սարերի մասին հանդիպում էինք միայն գրականության մեջ, երգերում, բայց չէինք ճանաչում գոնե մի մարդու, որը բարձրացել է։ Օրինակ՝ Վարագավանքի մասին բոլորը գիտեն, կաթողիկոսանիստ վանք է եղել, Խրիմյան Հայրիկն է այնտեղ նստել, հայերի համար Վարագը սուրբ լեռ է համարվել, բայց ոչ մեկը չէր բարձրացել, մենք առաջինն էինք։
Ամբողջությամբ՝ mediamax.am