Ասեղաման-պայուսակ, գեղեցիկ ասեղնագործ թաշկինակ, իր մանած ու ներկած մետաքսյա թելի փոքրիկ կծիկներ…
Advertisement 1000 x 90

Ասեղաման-պայուսակ, գեղեցիկ ասեղնագործ թաշկինակ, իր մանած ու ներկած մետաքսյա թելի փոքրիկ կծիկներ…

Արուսյակի պատմությունն էլ սովորական չի եղել։

Գաղթի ճամփեն բռնած հազարավոր կանանց մեջ էր նաև Արուսյակը՝ իր փոքրիկների ու ամուսնու հոր հետ։

Երկար քայլելուց և 9 ամսական երեխան կրծքին կապած Արուսյակը ուժասպառ էր, երեխան էլ սովից ու տանջանքից էր լաց լինում։

Իրենց անդադար հետևող թուրքերից վախվորած նրանք մի պահ հետ ընկան՝ մոտիկ ձորից ջուր էր ուզում բերել։ Երեխային մասուրի քոլի (թուփ) տակ թողնելով՝ (որ լացի ձայնը ուշադրություն չգրավի) իջնում է ջրի։

Սկեսրայրը ճամփեն շարունակում է մյուս 2 երեխաների հետ։

Արուսյակը տեսնում է մոտեցող թուրքերին՝ մտածում էր կմոլորեցնի իրեն հետևող թշնամուն և նորից երեխայի մոտ կգնա ու կշարունակեն դաժան ճամփեն, բայց թշնամին ամենուր էր և նա ստիպված լուռ շտապում էր գոնե մյուս երեխաներին հասներ։ Մանկիկը նվնվում էր ու մոր գրկից պոկված կարծես ձայն էր տալիս նրան, բայց նա ետ չնայեց, պետք էր ապրել, որ ապրեցներ։

Հեռացան ու այլևս չկարողացան երեխային գտնելու գնան, քանի որ թշնամին նրանց հետևելով՝ հեռու էր տարել։ Մոր սրտում մի մեծ վերք էր մնացել, բայց հույսն էլ անսահման էր, թե մի բարի մարդ կգտնի ու երեխային տիրություն կանի։ Մրմուռ էր նրանց սրտում, որը Նախիջևանով բերեց Արենի հասցրեց։ Արենիում Օհանը տեսավ, դարդն ու ցավը իրենն էլ համարելով, ամուսնացավ գեղեցիկ Արուսյակի հետ մի հսկա ընտանիք կազմեցին։

Ամենքն իրենց նախկին ընտանիքից ունեին զավակներ և ևս 6 երեխաներ համատեղ կյանքում ունեցան, տատս նոր ծնվողներից մեծն էր, ով պատմում էր, որ մոր աչքերը երբեք չոր չտեսավ, էլ ուր մնաց դեմքին ժպիտ։

Ջահել էր Արուսյակը ու չդիմացավ ցավող սիրտը նրա, շուտով մահացավ ու լքեց Օհանին ու բալիկներին, շտապեց հասնել իր ձագին։ Այդպես են պատմում նրա մասին, որ միշտ լաց է եղել նրա հոգին ու ուշքն ու միտքը էդ սև օրվա հետ, որ իբր լքել էր իր բալին։ Սերունդները նրան վերագրել են, թե ապրում է ամպերի վերևում, անընդհատ արցունք է թափում՝ մասրենուն ջրում։

Իր հետ Արենի բերած մի քանի իր, որ այս պահին տատիկիս մահից հետո փոխանցվել է մայրիկիս։

Ասեղաման-պայուսակ, գեղեցիկ ասեղնագործ թաշկինակ, իր մանած ու ներկած մետաքսյա թելի փոքրիկ կծիկները, գրպանի դանակ, ասեղ պահելու սրվակ, ականջօղեր, որից կախված դրամները չկային, հավանաբար ծախել է մի նեղ օր, գոտուց մի հատ զարդ, երևի հուշեր, որոնք գոնե մտքով նրան դեպի տուն են տարել ամեն օր։

Պատմությունը հավաքվել է տատիկիս ու մայրիկիս պատմածների ու Հարութ Մանուկյանի (Արուսյակի ծոռ) բանաստեղծության հիման վրա։

#Մենք_կանք

Երուկ Մանուկյանի էջից:

 



Նման նյութեր