Մարդկային ցեղասպանություն, մշակութային ցեղասպանություն, կանանց և աղջիկների գերեվարում…. Սրանք այն դաժան իրողություններն են, որ տեղի ունեցան հայ ժողովրդի հետ 20-րդ դարի սկզբին: Բայց կա մի փոքրիկ «լուսավոր» կետ՝ հրաշքով փրկվածները: Փրկվածների մի ստվար զանգվածը հայ մանուկներն էին, որոնք անխուսափելիորեն հայտնվեցին տարատեսակ որբանոցներում: Որբանոցներ կային Սիրիայում, Լիբանանում, Հունաստանում և Հայաստանում, իսկ Մուդրոսի զինադադարից հետո` նաև Օսմանյան կայսրության ներքին շրջաններում:
Այդ որբանոցներից ամենամեծը թերևս Ալեքսանդրապոլի որբանոցն էր: 1919 թ. մայիսին Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) քաղաքագլուխ Լևոն Սարգսյանը և Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի ներկայացուցիչները կնքեցին պայմանագիր՝ քաղաքի որբանոցները կոմիտեին հանձնելու վերաբերյալ: Կոմիտեի ջանքերով Ալեքսանդրապոլի փողոցներից հավաքվեցին թափառաշրջիկ որբերը և տեղավորվեցին որբանոցներում:Ռուսական զորքերի նախկին զորանոցի թվով 170 շենք անցան նպաստամատույցի տնօրինության ներքո՝ շուրջ 20.000 անտուն որբերի համար ապաստան դառնալով: «Կազաչի պոստ» և «Սևերսկի» որբանոցներում տեղավորված էին աղջիկները, իսկ «Պոլիգոններում»՝ տղաները: Սա մարդկության պատմության մեջ երբևէ գոյություն ունեցած ամենամեծ որբանոցն էր և կոչվում էր Որբաքաղաք:
Ինչպես և այլ որբանոցները, Նպաստամատույցը նույնպես զբաղվում էր որբերի մասնագիտական կրթությամբ. տղաները սովորում էին նկարչություն, ատաղձագործություն, դերձակություն, կոշկակարություն, աղջիկները հաճախում էին հիվանդապահի դասընթացների, իսկ ավարտելուց հետո աշխատում էին հիվանդանոցներում: Որբերն օրվա մի մասն անցկացնում էին դպրոցում, մյուս մասը` արհեստանոցներում: Քանի որ շաբաթ և կիրակի օրերին դպրոցներում ու արհեստանոցներում պարապմունքներ չկային, երեխաները զբաղվում էին որբանոցների մաքրությամբ:
Anna Tumasyan“Հայաստան” ճամփորդական ակումբ – “Armenia” Travel Club