Հայաստան պետության և հանրության ախտանիշներից (վարդագույն ակնոց կրողներին խորհուրդ չեմ տալիս կարդալ)
Advertisement 1000 x 90

Հայաստան պետության և հանրության ախտանիշներից (վարդագույն ակնոց կրողներին խորհուրդ չեմ տալիս կարդալ)

Արևմտյան իմ ճանաչած զարգացած պետություններում երբ մեծ ունեցվածք ունեցողը հարազատ է կորցնում (հատկապես, երբ այդ հարազատը երեխա է) և եթե նա ուզում է հանրային կարևոր գործ անելով նրա հիշատակը հավերժացնել, ապա սովորաբար որևէ համալսարանի համար գրադարան է կառուցում, կամ համալսարանի մասնաշենք, կամ մի ամբողջ կրթական կամ բժշկական հաստատություն ստեղծում: Ավելի քիչ կարողություն ունեցողները իրենց անունով կրթական ֆոնդեր են բացում և իրենց կարևորած ուղղությամբ ուսանողների կամ գիտության զարգացում ֆինանսավորում:

Հայաստանում նման դեպքերում, կամ ցայտաղբյուր են կառուցում, կամ եկեղեցի կամ էլ որևէ բիզնեսի վրա իրենց հարազատի անունը դնում: Չգիտեմ գեթ մեկ դեպք, երբ հայաստանցի մեծահարուստ հայը վերոնշյալ օրինակով է շարժվել: Եթե կա, լուսավորեք: Առանձին ուսանողների ֆինանսավորումը հաշիվ չէ:

Իսկ եթե կան հայեր, որոնք նման տրամաբանության մեջ են գործել, ապա դրանք ոչ մի ուղղակի կապ չեն ունեցել ներկա և սովետական Հայաստանի հետ: Օրինակ ամերիկահայ Զոն Մուգարը Բոստոնի համալսարանում գրադարանի կառուցում է ֆինանսավորել, Ֆլեթչերում մի ամբողջ մասնաշենք է կառուցել, հոսպիտալներից մեկում էլ մի մեծ մասնաշենք, Բոստոնում մի ամբողջ թատրոն ու էլի լիքը կարևոր գիտակրթական կառույցների վրա փող ծախսել, որ հիմա իր անունն են կրում:

Ի դեպ, նա Սթար խանութների ցանցի հիմնադիրն է: Կհիշեք Հայաստանում էլ Սթար կար, սնանկացրին:

Եզակի հայազգի օտարերկրացիներ են, որ ֆինանսավորել են հայաստանցիների համար որևէ կրթական գործընթաց: Այդ եզակիներից էր Ասո Թավիթյանը: Գուլբենկյանին էլ կարելի է այս առումով հիշատակել:

Մենք կրթության վրա չենք ուզում փող ծախսել, հետո զարմանում ենք, որ հանրությունն ու պետությունը դեգրադացվում են, դառնում օտարամոլ ու ստրկամիտ: Մարդիկ էլ կան վարդագույն ակնոցներով են շրջում և երբ արատների մասին ես խոսում, քեզ վատատես են համարում: Այնինչ, զարգացումը տեղի է ունենում միայն երբ խնդիրները, արատները և ախտանիշները բացահայտելուց հետո այդ հիվանդության բուժմամբ ես զբաղվում: Հիվանդությունների վրա աչք փակելը և անտեղի լավատեսությունը հանգեցնում են վատ վախճանի:

Կրթության ահավոր վատ որակն է, որ մեզ այս օրի է հասցրել, ու մեր վիճակը չի կարող լավանալ ոչ մի պարագայում, քանի մենք միայն խոսում ենք և դատարկ լավատեսությամբ տառապում:

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր