Եթե Հայոց ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին հասցված մարդկային կորուստները 1,5 միլիոն ենք համարում, ապա դրա հետեւանքները շատ ավելի հսկայական են։ Պատկերացրեք, թե որքան կլիներ հայերի թիվն այսօր, եթե 1,5 միլիոն հայերը ողջ լինեին։ Ակադեմիկոս Գեւորգ Պողոսյանի հաշվումներով՝ 100 տարի անց հայության թվաքանակը կկազմեր առնվազն 20 միլիոն։ Այս թիվը լուրջ սպառնալիք էր թուրքական պետության համար։
Ըստ հետազոտող Գեւորգ Բաղջյանի՝ 2008 թ. դրությամբ նյութական պահանջի գումարը պետք է կազմեր 298 միլիարդ ամերիկյան դոլար, սակայն սա միայն կորուստն է։ Եթե այդ գումարն ուղղակի որպես ավանդ դրվեր որեւէ բանկում, ամենանվազագույն՝ 5 տոկոս տոկոսադրույքով, նույն Գեւորգ Բաղջյանի կարծիքով՝ 298 միլիարդ դոլարը կկազմեր աստղաբաշխական մի թիվ՝ 9,97 տրիլիոն ամերիկյան դոլար։ «Սրա մեջ չի ներառվում անգամ բաց թողնված շահույթը։ Եթե այս կապիտալը հայերը կարողանային ներդնել ինչ-որ ձեռնարկատիրական գործունեության մեջ, ստանալու էին խոշոր շահույթներ։ Շատ հետազոտողներ ինչ-որ հաշվարկներ են կատարել ու ստացել են տարբեր թվեր, բայց նյութական կորստի եւ դրա հետեւանքի խնդիրը մեզ հետաքրքրում է այնքանով, որքանով դրա հատուցումը կարող է նպաստել վերադարձվող տարածքները շենացնելու եւ հայերով վերաբնակեցնելու հարցում»,–այս մասին «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության բաժնի վարիչ, պատմաբան Արմեն Մարուքյանը։
Հայոց ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովրդին հասցված հողագույքային եւ ֆինանսական կորուստների հստակեցման առումով ուսումնասիրվել են Մեծ եղեռնի տարիներին Արեւմտյան Հայաստանի Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Բիթլիսի եւ Վանի նահանգներում, ինչպես նաեւ Տրապիզոնի նահանգում եւ Պարսկահայքում հայ բնակչությանը հասցված վնասների վերաբերյալ ՀԱԱ—ի ֆոնդերում պահվող նյութերը։ Հավաքագրվել են տվյալներ նշված նահանգների գյուղերում եւ քաղաքներում հայերին պատկանող անշարժ եւ շարժական գույքի, արդյունաբերական ձեռնարկությունների, հանքավայրերի եւ արհեստագործական կազմակերպությունների, բանկային հաշիվներում եւ առձեռն ունեցած դրամական եւ այլ միջոցների մասին։ Տեղեկություններ են հավաքագրվել նաեւ համայնքային ունեցվածքի, մասնավորապես՝ դպրոցների, ակումբների, կրոնական եւ այլ շինությունների վերաբերյալ։ Պատմաբանը նշում է, որ Ավետիս Ահարոնյանի եւ Պողոս Նուբարի կողմից 1919 թ. Փարիզի խաղաղության վեհաժողովին ներկայացված հայ ժողովրդի կրած նյութական կորուստների վերաբերյալ հուշագրի հիման վրա կազմվել է Մեծ եղեռնի ընթացքում հայերի նյութական կորուստների ընդհանուր պատկերն արտահայտող աղյուսակ. «Հայերի ունեցվածքին վերաբերող տարբեր աղբյուրներից հավաքագրված ու համակարգված տեղեկությունները մուտքագրվել են նշված աղյուսակի համապատասխան բաժիններում, ինչը վերջնարդյունքում մեզ հասանելի տվյալների հիման վրա հնարավորություն է տալիս ոչ ամբողջական պատկերացում կազմել Արեւմտյան Հայաստանի այս կամ այն նահանգում հայերի ունեցած եւ բռնազավթված ունեցվածքի մասին։
Նշվածից բացի ուսումնասիրվել է նաեւ Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի Հանրապետության իշխանությունների կողմից հայերի զանգվածային ունեզրկման գործընթացի շարունակականությունը՝ ի ցույց դնելով դրա բացասական ազդեցությունը Թուրքիայի տարածքում մնացած հայության հատվածների վրա»։
Այս ուղղությամբ տարվող աշխատանքները սկսվեցին դեռեւս 2015 թ. հունվարի 29-ի Հայոց ցեղասպանության 100-ամյակի Համահայկական հռչակագրի ընդունումից հետո ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի նախաձեռնությամբ։ 2016-2018 թթ. ընթացքում իրականացվել է Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հիմնախնդիրներով զբաղվող հետազոտական խմբի ծրագիրը, որը ֆինանսավորվեց Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի կողմից։
Ա. Մարուքյանի տեղեկացմամբ՝ հետազոտական խմբում ընդգրկված գիտաշխատողների կողմից ուսումնասիրվել են ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովրդին հասցված վնասների վերաբերյալ արխիվային փաստաթղթերում, ականատեսների վկայություններում եւ մամուլում պարունակվող հսկայածավալ նյութեր, որոնցից հավաքագրված տեղեկությունները համակարգվել ու դասակարգվել են ըստ որոշակի խմբերի՝ տարածքային կորուստներ, ժողովրդագրական կորուստներ, մշակութային կորուստներ, հողագույքային եւ ֆինանսական կորուստներ. «Ցեղասպանության իրագործմամբ հայերի կրած գլխավոր կորստի՝ հայրենազրկման, Արեւմտյան Հայաստանի հայաթափման խնդիրը քննարկվում է ոչ միայն պատմական, այլեւ միջազգային իրավական ու քաղաքագիտական հարթություններում։ Այս առումով քննական վերլուծության են ենթարկվել Հայաստանի տարածքներին վերաբերող միջազգային իրավական փաստաթղթերը, վեր են հանվել հայ ժողովրդի թիկունքում կնքված պայմանագրերի մեզ համար անբարենպաստ դրույթների հաղթահարման հնարավոր կառուցակարգերը։ Ժողովրդագրական կորուստների հստակեցման շրջանակներում նախ ճշգրտվել է Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրությունում հայ ազգաբնակչության թվաքանակը 1914 թ. դրությամբ, որից հետո բնական աճի հաշվառմամբ ուրվագծվել է հանցագործությունից մեկ դար անց հայ բնակչության հաշվարկային հնարավոր թիվը»։
Մշակութային կորուստների հստակեցման շրջանակներում ուսումնասիրվել են արեւմտահայ թատրոնին, կերպարվեստին, երաժշտական եւ ժողովրդական արվեստին, ազգագրական հարուստ ժառանգությանը, բանահյուսությանը, ինչպես նաեւ ճարտարապետական կոթողներին ու պեղումների ենթական հնավայրերին հասցված անդառնալի կորուստների մոտավոր ծավալները։ Հետազոտություններ են տարվել նաեւ մշակութային՝ նյութական ու ոչ նյութական, այդ թվում՝ գեղարվեստական արժեքների գնահատման, ինչպես եւ դրանց պատճառած վնասների փոխհատուցման հնարավոր ուղիների, եղանակների ու մեխանիզմների հայեցակարգի մշակման ուղղությամբ։
«Այս առումով հետազոտվել են մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ Թուրքիայի Հանրապետության կողմից ստորագրված ու վավերացված միջազգային կոնվենցիաները՝ նշելով թուրքական պետության կողմից այդ փաստաթղթերի բազմաթիվ խախտումները եւ դրանից բխող պատասխանատվությունը»,–ասաց պատմաբանը՝ նշելով, որ ուսումնասիրության վերջում զետեղվել են Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման կառուցակարգերի վերաբերյալ գործնական առաջարկներ։
Արված աշխատանքներն, ի դեպ, անցած տարի հրատարակվել են «Ցեղասպանության հետեւանքով հայ ժողովրդի կորուստները եւ հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը» վերնագրով ուշագրավ մենագրությունում, որը հեղինակել են պ.գ.դ., պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս Ա. Մելքոնյանը, սոց. գ. դ., ԳԱԱ ակադեմիկոս Գ. Պողոսյանը, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Ա. Աղասյանը, պ. գ. դ., պրոֆեսոր Ա. Մարուքյանը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Դ. Քերթմենջյանը, երկր. գ. թ. Հ. Մելիք—Ադամյանը, պ.գ.թ. Գ. Բադալյանը, ի. գ. թ. Վ. Վարդանյանը եւ թուրքագետ Ա. Հովհաննիսյանը։
Լիանա Սարգսյան
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ