Հովհաննես Ավետիսյան. «Տպավորություն է, որ Կառավարությունն ու խորհրդարանական ընդդիմությունը մրցում են, թե ով ավելի անպատասխանատու իրեն կպահի պետության ռեսուրսների և հանրության հանդեպ»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Տպավորություն է, որ Կառավարությունն ու խորհրդարանական ընդդիմությունը մրցում են, թե ով ավելի անպատասխանատու իրեն կպահի պետության ռեսուրսների և հանրության հանդեպ»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.

«Ինձ մոտ տպավորություն է, որ Կառավարությունն ու խորհրդարանական ընդդիմությունը մրցում են, թե ով ավելի անպատասխանատու իրեն կպահի պետության ռեսուրսների և հանրության հանդեպ: Մասնավորապես:

Կառավարությունը, դրա ղեկավարը արտակարգ դրության սկզբում ժողովրդին հայտարարում են, որ քանի որ արտակարգ դրություն է, կարող եք կոմունալ վճարումներ չանել` «մենք տեր ենք»: Անցնում է քսան և ավել օր, մարդկանց սկսում են հոսանքազրկել, վարչապետը մունաթով հայտարարում է` «մենք ինչ իմանայինք արտակարգ դրությունը այսքան երկար կձգվի, այլևս չենք կարող այդ «խոստումը» պահել»: Այստեղ մի պահ ուշադրություն, արտակարգ դրության ռեժիմ կառավարությունն է հայտարարում, դա երկարացնում, դադարեցնում և այլն:
Նախքան այս հայտարարությունը, վարչապետը պոպուլիզմի նկատմամբ իր պապագը հագեցնելու մոլուցքով տարված որոշում է, որ փետրվար ամսվա համար գազի և հոսանքի սպառումները որոշակի միջակայքի սպառողների համար կփոխհատուցվեն: Ինչը մարդկանց մոտ հիմնավորված սպասումներ է առաջացնում, որ այո՛, կառավարությունը իր ասածի տերն է, և այո,՛ մենք կարող ենք մեր կոմունալների վճարները չանել և մեր սիրելի կառավարությունը դա կանի մեր փոխարեն, քանի որ նաև հայտարարել է, որ արտակարգ դրության ժամանակ վճարում չանելը նորմալ է: Իսկ թե սրան ինչ հաջորդեց, վերևում արդեն նշեցի և սա բոլորս այսօր արդեն լսեցինք վարչապետից:

Միևնույն ժամանակ, քանի կառավարության ղեկավարը տարված է հանրությանը սխալ ազդակներ տալով և հարկ վճարողների գումարները աննպատակ ծախսելով` բաժանելով, բայց տնտեսության մեջ որևէ գործուն միջամտություն չանելով, խորհրդարանական ընդդիմության գլխում միտք է փայլատակում: Այն է. եկեք լիքը մարդու լիքը փող բաժանենք, այ տես, բյուջեում այս ինչ տեղը լիքը փող կա:
Սթափ գիտակցությամբ առաջնորդվելու պարագայում կարելի է առնվազն մեկ տասնյակ հիմնավոր պատճառ թվարկել, որ մեր երկում հանրությանը փող բաժանելը սխալ է, իսկ կոպիտ ասած` «անպատասխանատու եզություն»:
Ի դեպ, ուղղակի ի գիտության համար, այս մեկ տասնյակից միայն մեկը նշեմ. եթե իրոք անկեղծ ձգտում կա տնտեսական վատ վիճակը մեղմելու ու եթե փող կա, ապա դա բացառապես պետք է ծախսվի ենթակառուցվածքներ կառուցելու և դրանք վերանորոգելու համար: Եվ առաջնային այդպիսի ուղղություններից են գյուղատնտեսությանը նպաստող ենթակառուցվածքները` ոռոգման համակարգեր և ճանապարհներ:
Բայց ինչ կարիք կա մտածել, և գործել հանուն պետության և ժողովրդի բարեկեցության, եթե կարելի է բարերար ձևանալ և հանրության աչքին «բարի ու պուպուշ» քաղաքական գործիչ դիրքավորվել` նվերներ տալու ցանկություն շռայլելով:

Կներեք, պետք է ասեմ, և ՛ կառավարություն կոչեցյալը (կոչեցյալ որովհետև արդեն փաստ է, որ կառավարումը իրենցից կիլոմետրերով հեռու է), և ՛ ընդդիումություն կոչեցյալը, կարծես լծվել են հնարավորինս արագ երկիրը քաոս վիճակի բերելու և քանդելու գործին: Եվ այս պայմաններում հանրության գիտակից զանգվածի գլխում միայն մի միտք է ծագում: Փախնել այս ամենից ինչքան հնարավոր է հեռու, ինչի անունն է` արտագաղթ:
Հոգնեցինք»:



Նման նյութեր