Պետությունը նրա համար է, որ իր ժողովրդին կարողանա կազմակերպել, ճիշտ կոնսոլիդացնել և ուղղորդել: Քանի որ իշխանությունը ոչ մի խնդիր չի լուծել, և միաժամանակ պետք է տնտեսությունը բացի, ստիպված է պատասխանատվությունը թողնել հասարակության վրա․ «հարգելի ժողովուրդ, քանի որ ես չեմ կարող լուծել ձեր խնդիրը, այն լուծեք ինքներդ»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով պարետի որոշմանը՝ մայիսի 4-ից թուլացնել արտակարգ իրավիճակով պայմանավորված սահմանափակումներն ու թույլատրել քաղաքացիների ազատ տեղաշարժը:
Անդրադառնալով կարանտինի ընթացքին՝ Բոզոյանը նկատեց՝ դրա նպատակն այն է, որ թուլանա վարակի տարածման տեմպը, ինչի ընթացքում կառավարությունը կարողանա օպերատիվ աշխատանքներ կատարել, որպեսզի բացահայտվեն վարակի հիմնական օջախները, ապա մեկուսացնի վարակակիրներին՝ հնարավորություն ստեղծելով տնտեսության ճյուղերը վերաբացել: «Մենք տեսանք, որ կարանտինի ընթացքում իշխանությունը ոչինչ չարեց՝ ո՛չ լուրջ մակարդակի թեստավորումներ եղան, ո՛չ օջախների բացահայտումներ. «ինքնահոսի» թողած կարանտին էր»,-ասաց նա՝ ընդգծելով նաև, թե տնտեսությունը հնարավոր չէ չբացել:
Նրա խոսքով՝ երկընտրանքը՝ բացե՞լ տնտեսությունը, թե՞ ոչ, շատ երկրներում է եղել, քանզի ի սկզբանե գերխնդիրը առողջապահությունն էր, բայց երբ տնտեսությունը կանգնում է, համախառն ներքին արդյունքն էապես կրճատվում է, պետք է մտածել սահմանափակումների թուլացման մասին: Իսկ ՀՀ-ի նման երկիրը, ըստ քաղաքագետի, իրեն նման ճոխություն թույլ տալ չի կարող, մյուս կողմից՝ տնտեսության բացման դեպքում վարակի տարածման դեպքերը շեշտակիորեն ավելանալու են:
Ամբողջությամբ՝ tert.am