Վառելանյութի, մասնավորապես բենզինի գնի բարձրացումներ առաջիկա ամիսներին չեն սպասվում։ Այս մասին «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ մարտին երեք խոշոր տնտեսավարողի մոտ արձանագրված վառելիքի մանրածախ գների նվազման միտումը շարունակվել է նաեւ ապրիլին։ Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ առավել ակնառու է դիզելային վառելիքի գների նվազումը, որը կազմել է 20-40 դրամ՝ 1 լիտրի հաշվով։ Դիտարկված ժամանակահատվածում երկու տնտեսավարողի մոտ արձանագրվել է նաեւ բենզինի գների նվազում՝ կախված տեսակից 20-30 դրամով, մյուս խոշոր տնտեսավարողի մոտ գնային փոփոխություն տեղի չի ունեցել։ Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վառելիքի գնի նվազեցումը, եւ ինչ կանխատեսումներ կան հնարավոր թանկացումների վերաբերյալ, Մ. Մելքումյանն ասաց.
«Միջազգային շուկաներում նավթի էժանացումը անմիջական ներգործություն ունի գազի եւ բենզինի գների վրա։ Երբ նախկինում միջազգային շուկայում նավթն էժանանում էր, մեր երկրում բենզինը մնում էր թանկ, ասում էին՝ նախկին թանկ ռեժիմով է պայմանավորված։ Այդ ազդեցությունը հիմա էլ ենք ինչ-որ չափով նկատում։ Կանխատեսումներ անելը դժվար է։ Ամեն դեպքում առաջիկա ամիսներին կտրուկ թանկացումներ չեն լինելու։ Մինչեւ սեպտեմբեր եւ հոկտեմբեր չեմ տեսնում։ Գնի փոփոխություն կամ տատանում որոշակիորեն կարող է լինել, սակայն ոչ այն չափով, որը կբերի նախկին բարձր գնին»։
Խոսելով 2020 թ. հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխման մասին՝ պատգամավորն ասաց, որ բոլոր ապրանքների արտոնությունը, բացի ավտոմեքենաներից, կգործի մինչեւ 2020 թ. վերջը։ Հիշեցնենք, որ այս տարվանից ԵԱՏՄ շրջանակում մաքսատուրքերի բարձրացման հետեւանքով Հայաստանում հարյուրավոր անուն ապրանքներ թանկացան։ Դադարեցվեցին որոշ ապրանքների ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները, եւ ուժի մեջ մտան ԵԱՏՄ-ում սահմանված նոր մաքսատուրքերը։ Երբ 2015 թ. Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, միության անդամ երկրներում շուրջ 780 ապրանքի մաքսային դրույքաչափերը բարձր էին Հայաստանում գործող դրույքաչափերից։ Հայաստանին հինգ տարի ժամկետով անցումային ժամանակահատված տրվեց՝ ԵԱՏՄ-ի ներսում գործող մաքսային դրույքաչափերին հասնելու համար, ինչը վերաբերում էր նաեւ ավտոմեքենաներին։ Արտոնյալ ժամկետը 2020 թ. ավարտվեց։
«Արտոնությունը ավտոմեքենաներին հիմա այլեւս չի վերաբերում, քանի որ այլ երկիր էլ էր ուզում, որ իր համար նույնպես ժամկետները երկարացնեն։ Այս պատճառը եւս դերակատարում ունեցավ արտոնությունը սառեցնելու գործում։ Ներկրողների մասով ռիսկերը մնում են։ Ներկրողները ավտոմեքենաները վաճառելու ռիսկերի առաջ են կանգնած»,-նշեց նա։ Մ. Մելքումյանը չի կարծում, որ այս օրերին երրորդ երկրներից մեքենաների մեծ ծավալի ներմուծումներ եղել են կամ կլինեն։ Ավտոմեքենաների մաքսազերծումների թանկացումը նպաստեց ներմուծվող մեքենաների նվազեցմանը։ Այս տարվա հունվարի 1-ից գործում է նաեւ ԵԱՏՄ պահանջը՝ կապված էկոլոգիական խնդիրների հետ։ 2018 թ. հունվարի 1-ից էլ Եվրասիական տնտեսական միության երկրներում արտադրված կամ ներկրված բոլոր տեսակի ավտոմեքենաները, այդ թվում՝ բեռնափոխադրող եւ ուղեւորափոխադրող ավտոտրանսպորտը, համապատասխանեցվեց բնապահպանական հինգերորդ դասին (Եվրո-5), ինչը թույլ է տալիս 1,5 անգամ նվազեցնել վնասակար նյութերը նոր տրանսպորտային միջոցներից արտանետվող գազերում։
«Մենք պետք է հասկանանք՝ վարչարարությունը խիստ է լինելու, թե ոչ։ Մեքենան ապրելակերպի կենսամակարդակի բարձրացման գործիք է, եթե մեկ ընտանիքում մի քանի մեքենա կա, վատ չէ։ Բացի էկոլոգիական խնդրից, կա նաեւ ճանապարների հարմարեցված լինելու հարցը։ Փողոցներից շատերը պետք է դառնան միակողմանի, տրվեն ճանապարհային երթեւեկության համապատասխան նշաններ»,–մեկնաբանեց պատգամավորը։
Լիանա Սարգսյան
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ