Կարինե Հարությունյան. «Իմ պապերը»
Advertisement 1000 x 90

Կարինե Հարությունյան. «Իմ պապերը»

Լրագրող Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

«Հորական պապս` իջեւանցի Աղասի Հարությունյանը պատերազմից հետ չեկավ: Կերչի հոսպիտալում է եղել վիրավոր պառկած: Նրան մի օր հետո դուրս էին գրելու ու գալու էր Հայաստան: Ընկերոջը մի օր առաջ են դուրս գրել, ասել է` սպասի, էգուց դուրս կգամ, միասին կգնանք, ընկերը չի սպասել, եկել է տուն: Հաջորդ օրը հոսպիտալը ռմբակոծել են: Պապիս անհայտ կորած են համարել, մարմինը չեն գտել: Աղասի պապիս տեսել եմ միայն երազում` սեւ հագուստով սեւ ձիու վրա նստած: Անհանգիստ էր մեր ընտանիքի համար, մորս մի խոսք ասաց ու հեռացավ:
Իջեւանցիք ասում էին` Դավաչոնց Աղասին փառահեղ մարդ էր` օգնող, կամեցող, հարեհաս: Կարդացած, գրագետ է եղել պապս, մինչ պատերազմը պահեստապետ է աշխատել ջրային տնտեսությունում: Նրա ուղարկած նամակները, որոնք կորցրի չգիտեմ ոնց ու դրա համար ինձ չեմ ներում, գեղեցկագույն ձեռագիր է ունեցել: Նամակներից իր ջերմությունն էի զգում. ինչքան է մտածել ընտանիքի` կնոջ, երեխեքի մասին…

Մորական պապս` կարսեցի-ջավախքցի Անդրանիկ Օհանջանյանը ֆրոնտի ճամփին հիվանդացել է, հետ են ուղարկել: Պատերազմի տարիներին կոլխոզում բրիգադիր է եղել, գյուղացիներին օգնել է, հայ երեխաներին տարել է վրացիների մոտ աշխատեցնելու, աշխատանքը հավաքել, բերել բաժանել է նրանց ընտանիքներին: Կանանց ասել է` ցորենը ոնց կարողանում եք,ձեր շորերի մեջ թաքցրեք, տարեք ձեր երեխեքին պահեք: Պապիս տունը սարից տուն իջնող ճանապարհի վրա էր: Յայլաներից տուն եկող մեկին առանց մի կտոր հաց կիսելու, մի բաժակ խմելու բաց չէր թողնում: Անսահման բարի էր, ունեցածը ուրիշի հետ կիսող, քաղցածին մի կտոր հաց տվող մարդ էր Նալբընդենց Անդրանիկը:

Պապիներ ջան, երկուսիդ էլ սիրում եմ: Աստծո լույսի մեջ լինեք…»:



Նման նյութեր