«Մենակ չես, ես եմ քեզ հետ»` այսպիսի ջերմ կոչով է Սոֆի Մխեյանը դիմում հանրությանը` իր հաղորդագրության կրողը դարձնելով նաեւ հայկական շոու բիզնեսի հայտնիներին: Երգչուհին շուտով կներկայացնի վերը նշված երգի հիման վրա նկարահանված իր նոր տեսահոլովակը. երգի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը գրել են Դեր Հովան ու Արփի Շահնուբարյանը, իսկ տեսահոլովակի գաղափարը Սոֆիինն է: Հոլովակն ամբողջությամբ նկարահանվել է դրոնով, որը շրջել է Երեւանի մի շարք շենքերի պատշգամբներով` ֆիքսելով հայտնիների, նրանց ընտանիքների եւ, նույնիսկ, հարեւանների ջերմ բարեւներն ու էմոցիաները:
Սոֆին NEWS.am STYLE-ին պատմել է հետաքրքիր գաղափարի, դրա իրականացման, հայտնիների արձագանքի եւ նկարահանման հաճելի ու դժվար պահերի մասին:
Երգչուհին տեղեկացրեց, որ երգն ու տեսահոլովակը անսպասելի մուսայի արդյունք են եղել. ամեն ինչ ստեղծվել է կարճ ժամանակում, բայց մեծագույն ջերմությամբ, անկեղծությամբ ու սիրով:
«Կարանտինային օրերի շրջանակում, ինչպես բոլորը, ես էլ էի տանը…Ներքին հանգստություն ու լռություն կար մեջս, ինչ-որ բան անելու մուսա չէր գալիս: Միայն 25-30 օր անց ոգեշնչում ծնվեց ներսումս, զանգահարեցի Դեր Հովային ու խնդրեցի, որ ինձ ուղարկի երաժշտություն. այն նա գրել էր Արփի Շահնուբարյանի հետ` մոտ 4-5 տարի առաջ: Այդպիսով, ինձ ուղարկեց մեղեդին, որի մեջ շատ դրական ու լավ տրամադրություն զգացի, ջերմություն, դրական աուրա: Երաժշտությունը հենց լսեցի, զանգարահարեցի Ավետին, խնդրեցի, որ լսի, միգուցե, գաղափար եւ խոսքեր ծնվեն դրան համահունչ»,-պատմեց երգչուհին` հավելելով, որ ամենահետաքրքիրը տեղի է ունեցել այդ հեռախոսազանգից օրեր անց:
«4-5 օր անց առավոտյան արթնացա մի գաղափարով` որ երգը պետք է ունենա տեսահոլովակ, որը պետք է ամողջությամբ նկարահանվի դրոնով, որը կթռչի տարբեր շենքերի պատշգամբներով, կֆիքսի ջերմ բարեւներ ու այդ սերը կփոխանցվի բոլորին: Զանգահարեցի Ավետին ու պատմեցի մտածածս: Նա շատ ոգեւորվեց այդ մտքից ու երկու օր հետո զանգահարեց ու ասաց՝ «Արի երգդ տար»: Քանի որ արդեն գաղափարն ու ամեն ինչը կար, որոշեցի անպայման իրագործել այն, Դեր Հովային տեղյակ պահեցի, որ արդեն խոսքերը գրվում են, իսկ ընկերներիցս մեկին խնդրեցի, որ երգին պատրաստ լինելուն զուգահեռ արդեն դրոնով անենք նաեւ նկարահանումները: Ամեն ինչ միաժամանակ է արվել, ու իրականում, գուցե, ավելի շուտ նկարահանեինք տեսահոլվակը, եթե չլինեին անձրեւները, որոնք կխանգարեին թռչող սարքին»: