Պապաս ու Ժուկովը
Advertisement 1000 x 90

Պապաս ու Ժուկովը

Մանկությանս տարիներին պապաս երկու անգամ է հիվանդացել։ Առաջին անգամը մրսել էր երեւի, ջերմությունը բարձրացել էր։

Ջերմությունը մի օր տեւեց, բայց պապաս մեկ շաբաթ տեղաշորից վեր չկացավ։

Ժուկովի գիրքն էր կարդում, որը երեւի կարդացել էր Աստված գիտի քանի անգամ։ Հաստափոր, շատ հաստափոր գիրք էր։ Ինքը կարդում էր, մենք էլ էրեխեքով կողքից հետեւում էինք, թե ոնց է ժամանակ առ ժամանակ արցունքոտված աչքերը մաքրում։

Հա՛, էդպես էր. պապաս երբեք իր երեխաներին պատերազմի մասին չի պատմել, բոլորս մի քանի կցկտուր պատմություն գիտեինք մամայի շնորհիվ։ Գիտեինք, օրինակ, որ մի ազատագրված գյուղ էին մտել, ու ավագ լեյտենանտ պապաս տեսել էր, որ իրենցից առաջ նույն սովետական բանակից գյուղ մտածները մորթել էին գյուղի բոլոր հավուճվերին ու խժռել։ Պապաս ծեծել էր դրանց հրամանատարին, ու մի կարճ ժամանակ պապայիս ավագությունը կրտսերություն էին դարձրել։ Մեկ էլ գիտեինք, որ զորքից հետ է մնացել ու 40 օր անտառում է անցկացրել, ծառերի արմատ է կերել, որ սովից չմեռնի։ Մեկ էլ գիտեինք, որ մի գյուղ է մտել թաքուն, մի ռուս տատիկ պապայիս իր տանը թաքցրել է (գյուղը գերմանացիները գրավել էին), ու էդ տատիկի աղջիկը վախից, որ եթե պարզվի՝ սովետական զինվորի են թաքցնում, իրեն էլ, մորն էլ կգնդակահարեն, որոշել է գերմանացիներին հայտնել պապայիս մասին, ու էս ռուս տատիկը կացնով կանգնել է դռան մոտ եւ սպառնացել աղջկան, որ կսպանի նրան, բայց չի թողնի։ Էլի էսպես կինոպատմություններ եմ հիշում, բայց ավելի լավ է Ժուկովից պատմեմ։

Ուրեմն, էս անգամ պապաս էսպես Ժուկովի գիրքը կարդաց պրծավ, ու դրանից հետո կյանքը շարունակեց ընթանալ իր բնականոն հունով։

Մի օր էլ լուր եկավ, որ Ղազախում խոլերա է տարածվել։ Սուտ էր, ճիշտ էր՝ չգիտեմ, ու հակառակի պես հենց էդ օրերին պապայիս աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքը խաթարվեց։ Դե, պապաս էլ, որ մի օրվա ընթացքում կարող էր հայ-ադրբեջանական բոլոր «ռայոնները» ոտքի տակ տալ, որոշեց, որ ինքը խոլերա է վարակվել, ու դատապարտյալի դեմքով պառկեց։ Պառկել էր ու առաստաղին էր նայում։ Սպասում էր էն գերանդիավորին (պապա ջան)։ Դե, մենք էլ դեռ մանրապճեղ էինք եւ խորությամբ չէինք ուսումնասիրել խոլերայի ծանր հետեւանքները, դրա համար մեկ-մեկ ծիծաղում էինք, աղմկում էինք, ու մեկ էլ լսում էինք պապայիս տնքոցը. «Ես ըստի մեռնըմ եմ, տյուք ուրխանըմ եք»։

Էսպես, երկու օր պապաս նայեց առաստաղին ու տնքաց, հետո, քանի որ արդեն աղեստամոքսային տրակտը խելոքացել էր ու էլ հիմարություններ չէր անում, հասկացավ, որ խոլերան ղալաթ կանի՝ կկպչի իրեն, հանգիստ շունչ քաշեց ու նորից Ժուկովի գիրքն առավ ձեռը։ Ու «առողջացավ» մինչեւ վերջին էջը կարդալուց ու արցունքները լավ մաքրելուց հետո (պապա ջան)։

Հետո… Հետոյի մասին չեմ ուզում խոսել, Ժուկովի հետ կապ չունի։

Էս էլ իմ հուշերը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին։

Լուսանկարում՝ ձախից պապաս է հոսպիտալում (երեք անգամ վիրավորվել է), կողքինն իր ընկերն է, որի թեւի կտրված է, թաքցրել է հորս թիկունքում։

Խաղաղությունից թանկ բան չկա աշխարհում. ե՞րբ պետք է էս խելագար մոլորակը հասկանա էս պարզ բանը։

Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր