Հիվանդության պատմությունը
Դավթյանը գաղափար չունի՝ որտեղ և ումից կարող էր վարակվել կորոնավիրուսով․հանրային տրանսպորտից չի օգտվել, մարդաշատ վայրեր չի այցելել։ Աշխատանքի ոտքով է գնացել․5-7 րոպեի ճանապարհ է։
Կասկած առաջացրեցին մի քանի օր շարունակ չիջնող ջերմությունն ու գլխացավը։
Թերապևտը զննել է նրան ու ոչ մի արտասովոր բան չի նկատել։ Շտապօգնության բժիշկը նույնպես տարօրինակ ոչ մի բան չի հայտնաբերել ու հակաբիոտիկներ է նշանակել։ Մի քանի օր անց Նազիկը նորից է շտապօգնություն կանչել։ Նա պնդել է, որ իրեն հիվանդանոց տեղափոխեն ու նյարդաբանական բաժանմունքում պառկեցնեն։ Տարել են, հետազոտել, համակարգչային շերտագրություն են արել։ Հաջորդ օրը նա նորից իրեն վատ է զգացել ու կորցրել է գիտակցությունը։ Հենց այդ ժամանակ էլ բժիշկները նրան կոմայի մեջ են գցել։ Դավթյանը երկու շաբաթ անց է ուշքի եկել։
Գիտակցությունը կորցնելուց հետո կինը սկսել է խռխռացնել ու շնչահեղձ լինել, ինչը կորոնավիրուս ունենալու կասկած է առաջացրել։ Նրան շնչափողի ինտուբացիա են արել ու վերակենդանացման բաժանմունք տեղափոխել։ Covid-19 -ի թեստը դրական է եկել, բժիշկների կանխատեսումները լավատեսություն չեն ներշնչել։
Սակայն Դավթյանը կարողացել է իր մեջ ուժ գտնել ու դուրս գալ կոմայից։ Խոստովանում է, որ իրեն փրկել են երեխաների մասին մտքերն ու բժիշկների ջանքերը։
«Վերակենդանացման բաժանմունքում շատ հիվանդներ կային։ Նրանք վարագույրով էին իրարից բաժանված, ու ես տեսնում էի՝ ինչպես են բժիշկները պայքարում յուրաքանչյուրի կյանքի համար, ու բոլորին չէր, որ հաջողվում էր փրկել», – ասաց Դավթյանը։
Հիվանդանոցային լուռ երկխոսություն
Դավթյանն առանձնահատուկ քնքշությամբ ու երախտագիտությամբ է խոսում Մոսկվայի քաղաքային թիվ 67 Լ. Ա․Վորոխոբովի անվան հիվանդանոցի վերակենդանացման 9-րդ բաժանմունքի աշխատակիցների մասին։
Նրանց համար իսկապես դժվար է, բայց միևնույնն է շատ հոգատար էին։ Կինը հիշում է «հիվանդանոցային երկխոսությունը» բժիշկի հետ, որը նրա թևին կաթետեր էր դնում։