Մեծահարուստ Հարություն ամիրա Պեզճյանը (Գազազ Արթին, 1771-1834) Մահմուդ Բ սուլթանի մտերիմ բարեկամն ու խորհրդատուն էր: Հայտնի է որպես մեծ բարեգործ, ում ջանքերով ու միջոցներով հիմնվել են հայկական դպրոցներ, կառուցվել ու վերակառուցվել վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, հիվանդանոցներ: Նա է 1832-ից մինչ օրս գործող Կ. Պոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հիմնադիրը:
1831 թ. Եգիպտոսի կառավարիչ Մուհամեդ Ալին ապստամբում է Օսմանյան կայսրության դեմ: Նրա որդին` Իբրահիմ փաշան, մեծ բանակով ներխուժում է Սիրիա, այնուհետեւ` Փոքր Ասիա եւ ուղղություն վերցնում Կ.Պոլիս: Օսմանյան զորքն անկարող էր կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: Տագնապալի կացության մեջ սուլթանը դիմում է Գազազ Արթինի խորհրդին, որն առաջարկում է անհապաղ օգնության կանչել ռուսներին:
Օսմանյան կայսրության համար այդ ճակատագրական պահին, երբ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան հետեւում էին Ասիայի «հիվանդ մարդու» հոգեւարքին, իսկ օսմանյան մայրաքաղաքի անկումը թվում էր անխուսափելի, 18 նավից բաղկացած ռուսական նավատորմը (10.000 զինվոր)` գեներալ Օռլովի հրամանատարությամբ, հասնում է Բոսֆոր: Ռուս-թուրքական դաշնակցային հարաբերությունների կայացումը եւ Օսմանյան կայսրության վրա ռուսական ազդեցության տարածումը բացառելու նպատակով Անգլիան ու Ֆրանսիան իրենց նավատորմն են ուղարկում Միջերկրականի թրքական ափերը եւ կոնֆլիկտին միջամտելով հասնում նրան, որ սուլթանն ու Մուհամմեդ Ալին նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Կնքված պայմանագրով Սիրիան ու Պաղեստինն անցնում են Եգիպտոսին, իսկ վերջինս զորքերը հեռացնում է Փոքր Ասիայից եւ ձեւականորեն ճանաչում օսմանյան գերիշխանությունը:
Եգիպտահայ անվանի պետական գործիչ Պողոս Բեյ Յուսուֆյանը (1775-1844) Եգիպտոսի փոխարքա Մուհամմեդ Ալիի առաջին թարգմանիչն ու խորհրդականն էր: Տիրապետել է յոթ լեզուների, զբաղեցրել Եգիպտոսի առևտրի ու արտաքին գործերի տնօրենի, մաքսատների կառավարչի պաշտոնները: Հայորդին նաեւ հմուտ դիվանագետ էր: Եգիպտոսի համար այդ վճռորոշ օրերին բանակցություններ վարելով օսմանյան սուլթան Մահմուդ Բ-ի որդու եւ հաջորդի՝ Աբդուլ Մեջիդի հետ, հասել է այն բանին, որ Եգիպտոսի կուսակալությունը ժառանգականության իրավունքով ցկյանս վերապահվել է Մուհամեդ Ալիին, որով էլ հիմք է դրվել Եգիպտոսի ապագա պետականությանը:
Մուհամմեդ Ալին խոստովանել է. «Բացի Պողոս բեյից, ուրիշ ոչ ոք չունեմ ինձ փոխարինելու համար»։ Հայորդին կտակով եգիպտահայ համայնքին է նվիրել Ալեքսանդրիայի Աբու-Դադար թաղամասի սեփական կալվածքը՝ երկհարկանի շենքով, որի մի հարկը վերածվել է հայոց եկեղեցու (Սբ. Պողոս-Պետրոս), իսկ մյուս մասը, որպես կացարան, հատկացվել հոգևորականներին: Յուսուֆյանը վախճանվել է Ալեքսանդրիայում՝ 1844-ին։ Մուհամեդ Ալիի հրամանով Եգիպտոսում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Լուսանկարում՝ Պողոս Բեյ Յուսուֆյան