? Մայիսի 25 – Հայկական զորամասերը չորս ժամ տևած մարտերից հետո գրավում են Ղշլաղ ու Դարպաս գյուղերը: Այնուհետև կատաղի մարտեր են ծավալվում Արջուտ-Հաջիղարա գծում: Արջուտի ուղղությամբ գրոհող հայկական հեծյալ վաշտը կանգնեցվում է հրետանային կրակով: Հաջիղարայի կռվում հերոսաբար զոհվում է 4-րդ մարտկոցի հրամանատար Գուրգեն Տեր-Մովսիսյանցը: Բոլոր արկերը սպառելուց հետո՝ խիզախ հրետանավորը հրամայում է հեծել մարտկոցի տրամադրության տակ եղած ձիերն ու նետվել սվինամարտի: Դրանից առաջ, նույն օրվա մեջ, նա երեք անգամ վիրավորվել էր, բայց մարտադաշտը չէր լքել…
Երեկոյան կատաղի մարտերը շարունակվում են:
? Մայիսի 26 – Կենտրոնում գործող Ն. Ղորղանյանի և շտաբս-կապիտան Վեքիլյանի 5-րդ լեռնային մարտկոցի գերազանց գործողությունների արդյունքում չեզոքացվում են թշնամու կատաղի հակագրոհները: Բեյ-Մամիկոնյանից ստանալով հարձակման հրաման՝ Ղորղանյանի ուժերը գրավում են մարտավարական նշանակության բարձունքներ: Թշնամին հետ է շպրտվում Հաջիղարայից, Ղուրսալի ժայռուտներից ու Սարալից: Հակառակորդի ուժերի մի մասը հայտնվում է շրջապատման մեջ: Օսմանյան կանոնավոր զորամասերը մարտադաշտում թողնելով մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, այդ թվում տասնյակ հրանոթներ ու գնդացիրներ, ծանր կորուստներով նահանջում են Համամլուի ուղղությամբ: Դա ավելի շուտ ոչ թե նահանջ էր, այլ խուճապահար փախուստ: Մեր զորքերն առաջանում են ամբողջ ճակատում, բայց հենց այդ պահին թուրքերի հետապնդումը կանգնեցվում է մեր հրամանատարության կողմից: և ոչ միայն զորքը կանգ է առնում, այլև թշնամուն հետապնդող ձախ թևի զորամասերը նահանջի հրաման են ստանում:
? Մայիսի 27 – Արջուտ գյուղի ուղղությամբ Ն. Ղորղանյանը գրոհի է նետում Էրզրումի գունդը: Թշնամին կասեցնում է մեր գրոհը և ստանալով համալրումներ՝ անցնում հակագրոհի: Թուրքերին հաջողվում է գրավել Գյադա-Մայմեխ լեռը: Կատաղի կռիվներ են տեղի ունենում Ղշլաղ-Հաջիղարա հատվածում: Նույն օրը Գարգառից առաջացող թրքական 2000-անոց ջոկատը գրոհում է Բզովդալի ուղղությամբ: Թշնամու հարձակումը կասեցնելու թույլ փորձերից հետո՝ 1-ին հավաքական գնդի զորամասերը լքում են դիրքերը և նահանջում Ղշլաղ: Թուրքական հրամանատարությունը պլանավորում է խոր թևանցումներով շրջապատման մեջ առնել և ջախջախել Ղարաքիլիսայի ջոկատը:
? Մայիսի 28 – Հայկական ուժերը վերադասավորվում են: Թուրքերը, զարգացնելով նախօրեին ձեռք բերած հաջողությունները՝ շրջանցում են հայկական պաշտպանության ձախ թևը: Կատաղի մարտեր են տեղի ունենում Ղշլաղի մատույցներում: Գյադա-Մայմեխի ուղղությամբ թուրքերին հաջողվում է խորը շրջանցումով դուրս գալ Ղարաքիլիսայի թիկունքը և մտնել թաթարաբնակ Վարդանլի: Փակվում է Ղարաքիլիսա-Դիլիջան ճանապարհը: Ձախ թևում հայկական ուժերը նահանջում են Ղարաքիլիսայի հարավակողմում գտնվող Բոլոր քար կոչվող վայրը: Բեյ-Մամիկոնյանը նահանջի հրաման է տալիս: Օրվա երկրորդ կեսին խուճապը դառնում է տիրական: Գնդապետ Սամարցյանը հավաքական գնդի մնացորդներով հասցրել էր դուրս գալ շրջափակումից ու նահանջել Դիլիջան: Դիրքերը լքել չպատրաստվող Ղորղանյանը Բեյ-Մամիկոնյանի նահանջի հերթական հրամանը ստանալուց հետո՝ քաշվում է Ղարաքիլիսա և այստեղ էլ իմանալով, որ թուրքերը փակել են Դիլիջանի ճանապարհը՝ շարժվում է Շահալի: Նահանջի ճանապարհին, Ղարաքիլիսայից դեռ Փամբակ չհասած, շտաբս-կապիտան Վեքիլյանի հրամանով բոլոր հրանոթները փչացվում ու նետվում են Փամբակ գետը: Օրվա վերջում հայկական զորամասերը կենտրոնանում են Շահալի գյուղում: Այստեղ էլ հեռագիր են ստանում, որ թրքական հեծելազորը հետապնդում է իրենց: Ուշքի գալու և թշնամու առաջխաղացումը կասեցնելու փոխարեն՝ մերոնք շարունակում են խուճապահար նահանջել: Սանահին կայարանում կուտակվում է 2.000-ի հասնող հայ զինվորականություն: Այստեղ Ն. Ղորղանյանը զինվորներին հրամայում է ցրվել, իսկ ինքը երեսուն սպաների հետ անցնում է լեռները և երկշաբաթյա թափառումներից հետո հասնում Դիլիջան: Հայ զինվորականության հիմնական մասը բռնում է Թիֆլիսի ճամփան: Մայիսի 31-ին նրանք Սադախլո-Աղքյորփի-Քափանախչի գյուղերի մոտ ամենադաժան կերպով ոչնչացվում են տեղի թրքության կողմից: Նույն ճակատագրին են արժանանում Ղարաքիլիսայում շրջապատման մեջ հայտնված հայ զինվորներն ու տեղի բնակչությունը:
? Մայիսի 30 – Հայկական կորպուսի հրամանատար գեներալ Նազարբեկովը շտաբը Դիլիջանից տեղափոխում է Ներքին Ախտա (Հրազդան)։