Կոմիքս արտիստ Շամիրամ Խաչատրյանը որոնում է համավարակի օրերին շուկայում ներկայանալու տարբեր ուղիներ: Եվ վստահ է, որ օնլայն տարբերակները փրկելու են ոլորտը:
Շամիրամը Թումոյում առաջին կոմիքսների ստարտափի հիմնադիրն է: Պանիկոմիկ Լաբ՝ Panicomik Laboratory ստարտափը պատրաստում է շուկա հանել կոմիքս պարբերական, որն ամենանայն հավանականությամբ, կլինի օնլայն բաժանորդագրությամբ (որոշ էջեր կլինեն անվճար, բայց ամբողջական պատկերապատումը հասանելի կլինի սիմվոլիկ գումարով):
Շամիրամը այն արտիստներից է, որը սովորել է գրաֆիկական նովելների սրբավայրում՝ Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում և հիմա Հայաստանում համարվում է կոմիքսների նավապետ:
Բացի վարպետության դասերից Թումոյում և իր անհատական նախագծերից, նա նաև զբաղվում է հետազոտությամբ: Օրինակ, գրում է հայկական պատկերապատումների պատմությունը՝ սկսած 19-րդ դարից:
Շամիրամը պատմում է, որ կարանտինը թեև տխուր փուլ է, քանի որ ստուդիայից հեռու է (Թումոյի շենք չեն գնում), բայց ուրախ է, որ կա ժամանակ կենտրոնանալու տարբեր նախագծերի վրա, ուսումնասիրելու, գրելու: Եվ իհարկե նկարելու:
Նաև մտածելու, թե ինչպես անել, որ կոմիքսների մշակույթն ու լրատվական դաշտը իրար հանդիպեն, ու հնարավոր լինի թե՛ ինֆորմացիան ավելի սեղմ ու օրիգինալ կերպով ներկայացնել, թե՛ գումար վաստակելու ալտերնատիվ աղբյուրներ որոնել:
Ի վերջո, կոմիքսի ձևաչափը հաջողությամբ է ներկայացվում մեդիայում՝ լուրերն ավելի հասկանալի և հետաքրքիր դարձնելու համար: Կարճ, պարզ պատկերապատումները ինֆորմատիվ են, օգտակար ու գրավիչ գործիք՝ իրազեկելու համար:Բայց մեր լրատվամիջոցների էջերում հազվադեպ են հայտնվում պատկերների շարքերով պատմությունները:
Ինչու՞ են քիչ պատկերապատումները լրագրության մեջ:
Անցյալ տարի նման պրոեկտ արեցինք: Լրագրողները հարցազրույցներ էին վերցրել սահմանամերձ գյուղերի բնակիչներից, իսկ մենք կոմիքսներ էինք նկարել այդ հարցազրույցների հիման վրա: Արդյունքում ստացվեց ռեպորտաժ-կոմիքս:
Աշխարհում դա ընդունված ժանր է, բայց մեզ մոտ այն շատ զարգացած չէ:
Մեզ մոտ կոմիքսները ավելի շատ հարում են արվեստին, տանում դեպի հորինված աշխարհներ: Որքանո՞վ եք կարևորում այսօրվա օրը, իրադարձությունը, փաստը:
Հիմա ես առցանց նախագիծ եմ անում Թումոյի ուսանողների հետ: Նկարում ենք չորս էջանոց կոմիքս պատմություններ այսօրվա ինքնամեկուսացման մասին, բայց մի քիչ ավելի լայն իմաստով: Մտածել ենք սահմանափակումներ՝ ամեն ինչը պիտի կատարվի տանը, անգամ եթե դա լինի երևակայական մի իրադարձություն կամ սարսափ: Դրան կգումարվի այլաբանությունը, թե ինչպես են մարդիկ այս ժամանակահատվածում վերափոխվում:
Կլինեն թե՛ ֆիզիկական տրանսֆորմացիաներ (ասենք, մարդը դառնում է աթոռ կամ հակառակը) թե՛ հոգեբանական: Բայց ամեն ինչը կատարվելու է տան սահմանններում: Կարծում եմ, շուտով կավարտենք:
Կստացվի 40 էջանոց կոմիքս: Իհարկե, շատ կուզեի, որ տպագրվեր, բայց ներկայացնելու ձևաչափը կախված է իրավիճակի զարգացումից:
Հիմա մենք կարծես պատրաստվում ենք ռեստարտի և այդ պատճառով ակտիվ չենք ինտերնետում հենց այս ժամանակ:
Բայց կա նաև մեկ այլ խնդիր. կարծես կոմիքս նկարիչներից և ընդհանրապես նկարիչներից բոլորը պահանջում են էնտուզիազմ: Այսինքն, սպասում են, որ նկարեն ու իրենց ստեղծագործություններն անվճար տեղադրեն օնլայն, որ դրանք հասանելի լինեն բոլորին:
Եվ դա շատ դեպքերում նկարիչներին դեմոտիվացնում է: Նրանք նկարում են, էներգիա ու ժամանակ են ծախսում, բայց գումար չեն աշխատում:
Իսկ հիմա բավականին ողբերգական վիճակ է կոմիքսների աշխարհում՝ կարանտինի պատճառով: Գրախանութները ողջ աշխարհում փակ են, և չկա գրքերի ու փողի պտույտ և նրանք, ովքեր գումար էին աշխատում տպագրությամբ կամ հրատարակչությունից, հիմա շատ բաներ հետաձգում կամ չեղարկում են:
Ու երևի պիտի ընդունենք նաև, որ մեկ էջ տեքստ գրելու համար միգուցե ավելի քիչ ժամանակ է պետք, քան մի էջ նկարելու համար: Եվ նկարիչները ստիպված են վերագնահատել, թե ինչը դնել օնլայն ու դարձնել անվճար, և ինչը՝ ոչ: Եթե կարանտինը երկար շարունակվի, ասենք մի տարի, նկարիչները պետք է մտածեն օնլայնում փող աշխատելու կամ փողի նոր աղբյուր գտնելու մասին:
Երբեմն փողը չի գալիս մեզ հանդիպելու, քանի որ չգիտի, թե մենք որտեղ ենք… Եվ ինչու՞ չգտնել համագործակցության եզրեր լրատվամիջոցների հետ: Օրինակ, անելով երգիծանկարներ կամ պատկերապատել հոդվածները, անգամ հետաքննությունները, վավերագրությունը:
Այդ օրը կգա հաստատ, և միգուցե պետք է այն արագացնել:
Ճիշտ ասած, ունեցել եմ միտք համագործակցելու լրատվամիջոցների հետ՝ անելով կոմիքս-օրագիր, որտեղ մի քանի պատմություն կլինեն իրար խառնված ու համադրված: Շատ կերպարներով, բայց գործողությունը պիտի տեղի ունենա Երևանում: Ու այդ շարքը ամեն շաբաթ կրապարակվեր որևէ լրատվամիջոցում: Բայց այդ գաղափարը մղվեց հետին պլան:
Եթե վավերագրության մասին խոսենք, անպայման պիտի գտնել մարդու, որը դա է սիրում նկարել: Երբ ես եմ անում դոկումենտալիստիկա, անպայման ստացվում է իմ կամ իմ շրջապատի մասին, և ավտոմատ կերպով դա կապվում է աշխարհի հետ:
Ամբողջությամբ՝ media.am