Հովհաննես Ավետիսյան. «Կարելի է պնդել, որ վիրուսի տարածման աստիճանով ԱՄՆ-ից էլ ավելի վատ վիճակում ենք»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Կարելի է պնդել, որ վիրուսի տարածման աստիճանով ԱՄՆ-ից էլ ավելի վատ վիճակում ենք»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Մեկ միլիոն բնակչի հաշվով օրական նոր վարակակիրների թվով ԱՄՆ-ին տվեցինք անցանք մեկ շաբաթ առաջ: Այո, վիճակը շատ վատ է, ու կարելի է պնդել, որ վիրուսի տարածման աստիճանով ԱՄՆ-ից էլ ավելի վատ վիճակում ենք:

Ինչու այսպես եղավ:
Լիքը գործողություններ շատ ուշացած արվեցին: Շատ գործողություններում էլ կրկնել ենք այլոց, որը սխալ չէր, սակայն դրանք ձևական են իրագործվել, այսինքն դրանց պահպանումը չի վերահսկվել: Օրինակ, Մեծ Բրիտանիայում, Շոտլանդիայի առողջապահության նախարարը ստիպված էր հրաժարական տալ, այն բանի համար, որ արտակարգ դրության պայմաններում տանից դուրս էր եկել և այցելել էր իր ամառանոց: Իսկ մեզ մոտ պաշտոնյաները համատարած չէին հետևում արտակարգ դրության կանոններին, հիմա էլ շատերը դիմակ կրելու ցուցմանն են անլուրջ վերաբերվում, և հետևաբար հանրությունն էլ սկսում է անլուրջ վերաբերվել և չհավատալ վիրուսի վտանգավորությանն ու գոյությանը:
Պետական հատվածի այս քաոտիկ ու անպատասխանատու բնույթն է, որ ինձ մոտ կասկածներ էր առաջացնում վիրուսի տարածումը կանխելու մեր կարողության հարցում:

Ինչ կարելի է անել:
Կարծում եմ այս պահին տեղեկատվության մեծ պակաս կա, այսինքն կառավարման սկզբունքներից կարևորի` հաշվետվողականության և թափանցիակության խախտմամբ պայմանավորված, պետական պաշտոնյաները անհարկի մեծ պատասխանատվություն են ստանձնել և ձախողել են, ինչը կարելի էր սպասել: Մասնավորապես, մեզ չեն հայտնել, թե ինչ կարողություններ ունենք հիվանդանոցներում, ինչքան գումար է ծախսվել և կարողությունները ինչքանով են ավելացվել, ինչ ռեսուրսների պակաս ենք ունեցել ընթացքում, ինչ է արվել: Մեզ տրամադրվել է կցկտուր և ոչ լիարժեք տեղեկատվություն, որով ընդհանուր պատկեր հասկանալը գրեթե անհնար է: Միաժամանակ, մեզ ասել են, որ ամեն անհրաժեշտը անում են: ԱՆ-ի անպատասխանատու հայտարարությունը ամիսներ առաջ, թե հատուկ միջոցառումեր պետք չեն, մի կողմ դրած, սրանից հետո ասում էր, որ իբր ամեն ինչ անում են և կարողություններ են հզորոցանում:

Այսինքն, վստահություն ունեմ, որ առաջին հերթին գործընթացի բոլոր պատասխանատուները պետք է այս պահին` հիմա, ազատվեն զբաղեցրած պաշտոններից, այն հիմքով որ թերացել են գործընթացի կառավարման մեջ: Սա հանրության աչքին կբարձրացնի կառավարության պատասխանատվության ստանձնման ձգտումը, նաև մարդիկ գործի մեջ, ոչ թե խոսքով կտեսնեն, որ վիրուսի դեմ պայքարը լուրջ է, ոչ թե ձևական: Նոր կառավարիչները կսահմանեն կաննոներ կամ եղածի վրա վերահսկողություն կհաստատեն, և առաջին հերթին դրանց պահպանումը կպարտադրվի պետական պաշտոնյաներին: Սրանից հետո հանրությունը ավելի լուրջ կվերաբերվի այս ամենին:
Հաջորդ քայլով, ամբողջ տեղեկատվությունը պետք է հանրայնացնել, և առկա, և բացակա, և արված, և թերացած: Մարդիկ պետք է իմանան, թե ինչքան գումար է ծախսվում կարողություն ստեղծելու վրա, ինչն է ստացվում, ինչը չէ: Սրանով հանրությունը կներգրավվի գործընթացում, ինչը կրկին պատասխանատվություն կավելացնի մարդկանց անհատական քայլերում:

Այս երկուսը կարծում եմ այս պահին առաջնային են: Այլ քայլեր օգուտ չեն տալու: Վիճակը ավելի է սրվելու, և ինչ-որ պահի Կառավարությունը փորձելու է թաքցնել իրական տեղեկատվությունը: Սկսելու է ավելի մեծ վնասներ կրել, առաջին հերթին վարկանիշի անկման տեսքով: Զուգահեռ, նյութական ավելի մեծ վնասներ ենք կրելու, իսկ որ ամենակարևորն է, նաև մարդկային ավելի շատ կորուստներ»:



Նման նյութեր