Հիշատակվում է նաև Ամուր, Բագրան, Դիցավան անուններով և համապատասխանում է այժմյան Բաքրանին, որ մի փոքրիկ գյուղ է, ծվարած Ախուրյան գետի աջ զառիվեր ափին: 1968 թվականից վաղեմի այդ քաղաքի անունն է կրում նաև Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանի նախկին Հաջիբայրամլու (իսկ 1935 թվականից՝ Բախչալար) գյուղը:
Մի այլ Բագարան էլ գտնվում էր Ararat Այրարատյան աշխարհի Կոգովիտ գավառում (Բայազետի շրջան), որը ֆեոդալական հասարակ դաստակերտ էր և չպետք է շփոթել մեր խնդրո առարկայի հետ: Բագարան բերդաքաղաքը, որ հիշատակվում է նաև իբրև ամրոց, ավան, բերդ, քաղաք, գտնվում էր Ախուրյանի և Արաքսի միախառնման շրջանում, Ախուրյան գետի աջ ափին, Մրեն գյուղից հարավ, իսկ պատմական Երվանդաշատ մայրաքաղաքից 8 – 9 կմ հյուսիս, երեք կողմերից պատած Ախուրյան գետի անմատչելի կիրճով, որն ընդհանուր առմամբ ձգվում է հյուսիսից հարավ և անմատույց դարձնում այն երեք ժայռաբլուրները, որոնց վրա գտնվում էին քաղաքի երբեմնի պարսպապատ ամրոցներն իրենց ապարանքներով:
Քաղաքի տարածքում բխում են սառնորակ շատ աղբյուրներ, որոնք այժմ գործի են դնում մի քանի ջրաղացներ: Ուներ այգիներ և արհեստական անտառ-պուրակ: Վերջինս տնկվել էր մ.թ.ա. II դարի սկզբներին և հավանաբար ուներ նույն նշանակությունը, ինչ-որ դրանից առաջ տնկված Արմավիրի «Սոսյաց» անտառն էր, որի ծառերի տերևների սոսափյունից քրմերը կատարում էին «գուշակություններ», միայն վերջինս սոսիների (հարավային չինարի) պուրակ էր, իսկ Բագարանինը՝ հիմնականում կաղնիների` դարձյալ լինելով պարսպապատ արգելանոց: «Ծննդոց» կոչված այդ անտառի մնացորդները թփուտների ձևով նշմարվում են առ այսօր:
Բագարանը մտնում էր Այրարատյան աշխարհի Արշարունիք (կամ Երասխաձոր) գավառի մեջ և վերջինիս հետ միասին մինչև մ.թ.ա. II դարի 90-ական թթ. վերջերը պատկանում էր Երվանդունիներին, իսկ դրանից հետո՝ նախ Կամսարականներին (մինչև VIII դարը մ.թ.), ապա՝ Բագրատունիներին VIII— XI դդ.: Բագարանի պատմությունը չնայած հատուկ ուսումնասիրության առարկա չի դարձել, սակայն պատմագիրների և այլ աղբյուրների վկայությունների հիման վրա կարելի է ուրվագծել իր ընդհանուր կողմերով: Հետագայում Բագարանն անշքանում է և ավելի քան 1000 տարի մեր պատմության մեջ չի հիշատակվում: VIII դարի վերջերին այն Արշարունիք ու Շիրակ գավառների հետ միասին (որոնք Կամսարականներից Բագրատունիներին էին անցել մասամբ դրամով գնելու, մասամբ էլ արաբական էմիրին պարտության մատնելու և զենքի ուժով գրավելու միջոցով) դառնում է Բագրատունի Աշոտ Մսակերի սեփականությունը, որը այն դարձնում է իր աթոռանիստը:
Սկսած այդ ժամանակներից, Բագարանը բավական բարգավաճում է, և Բագրատունի առաջին թագավոր Աշոտ Ա-ն (885— 890) այն դարձնում է նորահիմն թագավորության մայրաքաղաքը: Աշոտ Ա-ին փոխարինած Սմբատ Ա-ն (890—914) լքում է Բագարանը և իր համար աթոռանիստ ընտրում Երազգավորսը (Շիրակավան), որը այդ ժամանակվա դրությամբ գտնվում էր Բագրատունիների թագավորության կենտրոնական շրջանում և ստրատեգիական տեսակետից ուներ ավելի անմատույց դիրք:
Սակայն այդ հանգամանքը հավանաբար քիչ է ազդել Բագարանի ընդհանուր վիճակի վրա, այն Բագրատունիների թագավորության գոյության ամբողջ ընթացքում համարվում էր բարգավաճ բնակավայրերից մեկը, որտեղ կատարվել են քաղաքացիական և եկեղեցական կարևոր կառուցումներ: VIII—IX դդ. Բագարանում էր գտնվում Բագրատունի իշխանների ու նրանց ընտանիքի անդամների տոհմական դամբարանը: Այստեղ է թաղված նաև Աշոտ Ա թագավորը:
Նկարում՝ Ախուրյան գետը Բագարանի մոտ
Նկարի հեղինակ՝ Գյուլնարա Մարգարյան