COVID-19 հիվանդություն առաջացնող նոր կորոնավիրուսը, այնուամենայնիվ, կարող է սեզոնային հիվանդություն լինել: Ամեն դեպքում դրա տարածումը կարող է կապված լինել կլիմայական պայմանների հետ, նշված է Մերիլենդի համալսարանի մասնագետների նոր հետազոտության մեջ:
Կորոնավիրուսի տարածումն առավել ուժեղ է այն տարածքներում, որոնք տեղակայված են հյուսիսային լայնության 30 և 50 աստիճանների միջև:
Գիտնականները կազմել են աշխարհի տարբեր տարածաշրջաններում եղանակի հետ ինֆեկցիայի կապի քարտեզը՝ համեմատելով 8 քաղաքների եղանակային պայմանները, որտեղ կորոնավիրուսը լայնորեն տարածված էր, 42 քաղաքների հետ, որտեղ COVID-19-ով հիվանդացությունը շատ ցածր է եղել:
Առաջին խմբի մեջ են մտել Տեգուն (Հարավային Կորեա), Միլանը (Իտալիա), Փարիզը (Ֆրանսիա), Մադրիդը (Իսպանիա), Սիեթլը (ԱՄՆ), Ուհանը (Չինաստան), Ղումը (Իրան) և Տոկիոն (Ճապոնիա): Հունվարից մարտ այս քաղաքներում եղել են եղանակային միանման պայմաններ. 3-ից մինչև 9 աստիճան ջերմաստիճան և ցածր խոնավություն: Դրանք քարտեզի վրա նշված են սև կետերով և ներկայացնում են վիրուսի ավելի լուրջ տարածման գոտին: Ռիսկի գոտում են հայտնվել Կենտրոնական Ասիան, Կովկասը, Եվրոպայի մի մասը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ի հյուսիսարևելյան և միջին արևմտյան հատվածը, ինչպես նաև Բրիտանական Կոլումբիան:
«Ես չէի սպասում 8 քաղաքներում ջերմաստիճանի և խոնավության այդպիսի համընկնում, սա ուղղակի զարմանալի է»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ բժիշկ Մոհամմադ Սաջադին:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ այս քարտեզը թույլ է տալիս խոսել այն մասին, որ կորոնավիրուսն իրեն պահում է որպես սովորական սեզոնային վիրուս՝ արձագանքելով եղանակային պայմաններին և արագ տարածվելով ձմեռային և վաղ գարնանային ամիսներին: