D վիտամինը կարող է կանխել հակաքաղցկեղային իմունաթերապիայի պոտենցիալ ծանր կողմնակի էֆեկտները: Այս մասին նշված է CANCER CANCER ամսագրում հրապարակված հետազոտության մեջ, հայտնում է Eurek Alert-ը:
Խոսքը վերահսկվող իմունային կետերի ինհիբիտորների կիրառմամբ հակաքաղցկեղային թերապիայի մասին է: Այս միջոցները իմունային համակարգին օգնում են ճանաչել քաղցկեղային բջիջները եւ պայքարել դրանց դեմ: Այս մոտեցումը բավականին արդյունավետ է եւ խոստումնալից, սակայն երբեմն բուժման ժամանակ պատահում են տհաճ կողմնակի էֆեկտներ, այդ թվում՝ կոլիտ. հաստ աղիքի բորբոքային ռեակցիա:
Ավելի վաղ արդեն հաստատվել էր, որ աուտոիմունային հիվանդությունների եւ աղիների բորբոքային հիվանդությունների դեպքում D վիտամինը կարող է իմունային համակարգի վրա դրական ազդեցություն ունենալ: Այս պատճառով մասնագետները որոշել են այդ վիտամինն օգտագործել:
Հետազոտությունը ներառել է մելանոմայով 213 պացիենտների մասին տեղեկությունները, որոնք 2011 եւ 2017 թվականների միջակայքում ստացել են վերահսկվող իմունային կետերի ինհիբիտորներ: Այս պացիենտներից 37 մարդու մոտ (17 տոկոս) կոլիտ է զարգացել:
66 պացիենտ (31 տոկոս) մինչեւ ինհիբիտորներով բուժումը սկսելը ընդունել է D վիտամինով հավելումներ: Նրանց մոտ այս վիտամինը չընդունածների համեմատությամբ կոլիտի զարգացման հավանականությունը 56 տոկոսով ցածր էր:
Այս արդյունքները հաստատվել են նաեւ 169 պացիենտից կազմված մյուս խմբում, որոնցից 49 մարդու մոտ (29 տոկոս) կոլիտ է զարգացել: Այս խմբում D վիտամինի գործածումը կապված էր 54 տոկոսով կոլիտի զարգացման հավանականության նվազման հետ: