Երբ սկսվեց կորոնավիրուսի պանդեմիան, շատ մասնագետներ վստահ էին, որ Ճապոնիայում կլինեն վարակման և մահվան շատ դեպքեր, քանի որ երկրի բնակչության առնվազն 26 տոկոսը 65-անց մարդիկ են, հենց տարեցներն են կորոնավիրուսի հիմնական ռիսկային խմբում:
Սակայն նման բան տեղի չունեցավ: Ճապոնիայում պանդեմիայի ամբողջ ընթացքում, worldometers.info-ի տեղեկություններով, գրանցվել է վարակման 17 968 և մահվան 955 դեպք՝ 1 մլն բնակչության հաշվով վարակման ընդամենը 142 և մահվան 8 դեպք՝ շատ ավելի ցածր, քան Հայաստանում:
Ո՞րն է Ճապոնիայի հաջողության գաղտնիքը: Ինչպե՞ս է նրանց հաջողվում դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը՝ տոտալ լոքդաուն չսահմանելով:
Այս հարցերին «COVID-19. հաջողություն և գլոբալ համագործակցության ուղիներ» թեմայով վեբինարի ընթացքում պատասխանել է Տոխոկու համալսարանի բժշկական դպրոցի վարակաբանության ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, կորոնավիրուսային հիվանդության արձագանքման գրասենյակի գլխավոր տնօրեն Տոմոչիկա Ույաման:
Մասնագետների խոսքով՝ դեպքերի մեծամասնությունում նոր կորոնավիրուսի փոխանցումը տեղի է ունենում այսպես կոչված կլաստերների միջոցով: Վարակվածների մեծ մասն իրականում վիրուսը չի փոխանցում մյուսներին. վարակվածների միայն 20 տոկոսն է վարակում մարդկանց. հենց դա է կոչվում կլաստերային տարածում:
Ճապոնացի մասնագետների խոսքով՝ եթե գտնվեն նման կլաստերներ և հսկողության տակ առնվեն, վիրուսի տարածումը կարելի է զգալիորեն դանդաղեցնել:
Հասկանալու համար, թե ինչպես դա պետք է անել, մասնագետներն ուսումնասիրել են վիրուսի տարածման կլաստերային դեպքերը և ուշադրություն դարձրել, որ նրանց մոտ շատ ընդհանրություներ կան. բոլորը վարակվել են փակ տարածքներում, բազմամարդ վայրերում կամ այլ մարդկանց հետ սերտ շփման ժամանակ: Այդ 3 գործոնները մասնագետներն անվանում են «3С» (closed spaces, crowded places, and close-contact settings):
Այդպիսով, մասնագետները կարծում են, որ եթե բացառվեն կամ նվազեցվեն ռիսկի այդ 3 գործոնները, կարելի է նվազեցնել վիրուսի տարածումը:
Օգտագործելով այդ մոտեցումը՝ մասնագետներին հաջողվել է գտնել շատ կլաստերներ և կանխել մյուսները: Այսօր Ճապոնիայում շատերը, նույնիսկ երեխաները գիտեն, որ պետք է խուսափել այդ 3 գործոններից:
Մասնագետները նշում են, որ կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, տեսանելի ապագայում կշարունակի տարածվել, և առանց արդյունավետ պատվաստանյութի չի հաջողվի հաղթահարել կորոնավիրուսը: Այդ պատճառով պետք է գտնել խնդրի դեմ պայքարի լավագույն միջոցները: