Թմրակախվածությունից բուժման արդյունավետությունը կախված է մի շարք գործոններից, օրինակ՝ թմրանյութի օգտագործման տեւողությունից, օրգանիզմի ընդհանուր վիճակից, պացիենտի գիտակցության մակարդակից, թմրանյութից ազատ ապրելու նրա ցանկությունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն, նարկոլոգիայի հարցերով առողջապահության նախարարի խորհրդական Սուրեն Նազինյանը:
Նրա խոսքով՝ դեպքերի մեծամասնությունում կարելի է ազատվել կախվածությունից դետոքսիֆիկացիոն բուժման օգնությամբ: Եվ նման պացիենտների մեծ մասը չի վերադառնում թմրանյութերի օգտագործմանը:
Սակայն թմրակախվածությամբ տառապող շատ մարդիկ ուշ են դիմում բժշկի օգնությանը: Նրանցից շատերն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց թմրանյութերի, եւ նրանց համար դետոքսիֆիկացիոն բուժումն արդեն անարդյունավետ է. շատերը բուժման հենց հաջորդ օրը կրկին սկսում են թմրանյութ օգտագործել:
Նման ծանր դեպքերի համար սովորաբար կիրառվում է արդեն ոչ թե դետոքս բուժում, այլ աջակցող բուժում: Հայաստանում, մասնագետի խոսքով, այդ թերապիան կիրառվում է 2009 թվականից, եւ այս պահին մոտ 600 պացիենտ մեթադոն է ստանում:
Նման բուժումը չունի ժամկետներ, քանի որ դրան վերաբերվում են որպես ցանկացած այլ քրոնիկ հիվանդության: Ոչ ոք չի ակնկալում, որ մի օր այլեւս չի օգտագործի մեթադոն, ինչպես եւ 1-ին տեսակի դիաբետով մարդը, որը չի կարող ակնկալել, որ մի օր կդադարի ինսուլինի ներարկումը:
Սուրեն Նազինյանի խոսքով՝ բուժման ընթացքում սոցիալ-հոգեբանական աջակցությունը զգալիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունը: Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում միայն վերջերս են սկսել հոգեբաններ աշխատել: Մասնագետները վստահ են, որ նման աշխատանքից բուժման արդյունավետությունը բարձրանում է: