Շատ ընտանիքներում ամենահաճախ օգտագործվող սոուսները կետչուպն ու մայոնեզն են, որոնք հիմնականում օգտագործում են աղցաններ համեմելիս և մսային կերակուրներ ուտելիս: Սակայն, ինչպես հայտնի է, դրանք այնքան էլ օգտակար մթերքներ չեն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 ախորժաբեր սոուսների բաղադրատոմսեր, որոնք թե շատ համեղ են, թե պարզ՝ իրենց պատրաստման եղանակներում, թե միևնույն ժամանակ՝ օգտակար:
Պոմիդորային իտալական սոուս մակարոնեղենի և պիցցայի համար
2 ճաշի գդալ ձիթապտղի յուղը տաքացրեք մեծ կաթսայի մեջ, ավելացրեք մանր կտրատած 1 սոխ և 3-4 պճեղ մանրացված սխտոր: Եփեք 7-8 րոպե, ապա ավելացրեք 1 ճ/գ օրեգանո, 800 գրամ նախապես կտրատած պահածոյացված լոլիկ, 2 ճ/գ տոմատ և 1ճ/գ շաքարավազ: Մարմանդ կրակի վրա եփեք 20 րոպե, մինչև սոուսը կթանձրանա: Դրանից հետո ավելացրեք 4 թարմ, կեղևը հանած պոմիդոր: Պատրաստի սոուսը համեմեք աղով և սև պղպեղով:
Իսպանական «Սալսա»
Բլենդերի մեջ մանրացրեք 15 չերրի կամ սովորական պոմիդոր, 1 սխտոր, 1 կապ կանաչ սոխ և 1 կապ սամիթ: Ավելացրեք 1թ/գ բալզամիկ քացախ, 1-ական ճ/գ տոմատի խյուս և ձիթայուղ: Համեմեք աղով և պղպեղով:
Իդեալական «Լեհական» սոուս ձկան համար
Թույլ կրակի վրա հալեցնել 150 գրամ կարագ: Թողնել գոլանա, ապա ավելացնել 4 հատ մանրացված եփած ձու և 10 գրամ մաղադանոս: Խառնել և համեմել կիտրոնի հյութով:
Քաղցր-թթու սոուս չինական ուտեստների համար
Խառնել 1,5 ճ/գ շաքարավազ, 2 ճ/գ քացախ, 3 ճ/գ նարնջի հյութ, 1-ական ճ/գ սոյայի սոուս և տոմատի խյուս: Առանձին խառնել 1 թ/գ եգիպտացորենի ալյուր և 4 ճ/գ ջուր ու խառնել նախկին խառնուրդին: Մարմանդ կրակի վրա եփելով եռացնել՝ անընդհատ խառնելով: Մատուցել տաք վիճակում:
Իտալական սոուս թեթև աղցանները համեմելու համար
Ապակյա տարայի մեջ խառնել 2,5 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, 1,5 ճ/գ բալզամիկ քացախ. Կես պճեղ մանրացված սխտոր, 1/4 թ/գ աղ և սև պղպեղ: Կափարիչը փակել և լավ թափահարել, որ բոլոր բաղադրամասերը խառնվեն իրար:
Կաթնային բեշամել սոուս բանջարեղենային ուտեստների համար
1ճ/գ կարագը հալեցրեք թավայի մեջ և ավելացրեք 1ճ/գ ալյուր: Այդ զանգվածին աստիճանաբար ավելացրեք 1,5 բաժակ կաթ և եփեք 10 րոպե: Համեմեք՝ ըստ ճաշակի:
Սոուս «Կեսար» աղցանի համար
1 թ/գ մանանեխի մածուկը (горчица) հարել 1 ձվի դեղնուցի և 1 թ/գ աղի հետ: Աստիճանաբար, զգուշորեն զանգվածին ավելացրեք 150 մլ ձիթապտղի յուղ և հարեք այնքան, մինչև ստացվի մայոնեզի թանձրության խառնուրդ: Վրան ավելացրեք 1ճ/գ կիտրոնի հյութ, 1թ/գ աղացած սև պղպեղ, 50 գ քերած «Պարմեզան» պանիր, 2 պճեղ ճզմած սխտոր և ստացված զանգվածը լավ հարեք:
Հունական «Ձաձիկի» սոուս
Միմյանց խառնել 125 մլ մածուն, 1 նախապես փափուկ միջուկը հանած վարունգ, 2 պճեղ մանրացված սխտոր, 1-ական ճ/գ կիտրոնի հյութ և ձիթապտղի յուղ, մանր կտրատած մաղադանոս, սամիթ և աղ՝ ըստ ճաշակի:
Արևելյան կծու սոուս
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ 2 սոխ, 1ճ/գ տոմատի մածուկ կամ կես բաժակ կտրատած լոլիկ, 2 ճ/գ ձիթապտղի յուղ, աղ, սև և կարմիր պղպեղ, 1 թ/գ աղացած համեմի սերմ, ըստ ցանկության՝ համեմ, սամիթ, 1 թ/գ կիտրոնի հյութ կամ քացախ, 1քաղցր կարմիր պղպեղ: Բոլոր մթերքները մանրացնել բլենդերի մեջ և համեմել՝ ըստ ճաշակի:
Պանրասերուցքային սոուս մակարոնեղենի և կարտոֆիլի համար
Կաթսայի մեջ խառնել 200 գրամ հալած պանիր, 200 մլ սերուցք, 10 մլ բուսայուղ: Միջին կրակի վրա խառնելով եփել՝ մինչև եռալը: Եռալուց հետո կրակը ցածրացրեք և ավելացրեք ռեհան և սև պղպեղ՝ ըստ ճաշակի: Անընդհատ խառնելով՝ ավելացնել 50 գ քերած պանիր: Շարունակել խառնել, մինչև համասեռ զանգված ստացվի, սոուսը պատրաստ է: Բարի ախորժակ:
Պատրաստեց Գ.Սավզյանը