Երևանը բաց երկնքի տակ կունենա առաջին ավտոկինոթատրոնը:
Ինչպես հայտնում է Panarmenian.net-ը՝ «ՌիվերՍայդ» drive-in cinema-ի համահիմնադիր և տնօրեն Բաբկեն Մելիքյանը նշել է, որ նախագծի գաղափարը վաղուց է ունեցել, որի իրագործումը սակայն, կորոնավիրուսով պայմանավորված, սկզբում կասեցվել է: Հետո արդեն նախագծի հեղինակները հասկացել են՝ այս պայմաններում նման կինոթատրոնի կարիքն ավելի է զգացվում, քանի որ այլ կինոթատրոններ չեն գործում. այստեղ անվտանգ է լինելու:
«Այն, ինչ մենք հիմա ստեղծում ենք ընկերներով, ջահել ժամանակ ամերիկյան ֆիլմերում էինք տեսնում ու մտածում՝ ինչ լավ կլիներ, որ մեզ մոտ էլ լիներ նման բան», – նշել է Բաբկեն Մելիքյանը:
Ավտոկինոթատրոնը կբացվի հուլիսին,սակայն հստակ օրը դեռ հայտնի չէ:
Այն կտեղակայվի «Մերիդիան» էքսպոկենտրոնի հարակից տարածքում և նախատեսված կլինի 82 ամտոմեքենայի համար:
Հիմնադիրները պլանավորվում են օրական երկու կինոդիտում անցկացնել. ցուցադրվելու են ինչպես միջազգային կինոպրեմիերաներ, այնպես էլ հայտնի և ցուցադրված, արտհաուսային ֆիլմեր: Հանդիսատեսը ֆիլմի ձայնը լսելու է անմիջապես իրենց մեքենայի ներսում՝ բարձրախոսներից: Ֆիլմերի ցուցադրությունները լինելու են երեկոյան: Նախատեսված է 14 մետրանոց էկրան, իսկ տոմսի արժեքը 1 մեքենայի համար, անկախ դրանում գտնվող մարդկանց քանակից, կլինի 6000դրամ:
Կայքին տված հարցազրույցում, նախագծի հեղինակը նշլ է, որ տարածքում կգործի նաև սննդի կետ, որտեղից պատվեր կարելի է անել անմիջապես ավտոմեքենայի միջից կինոդիտումից առաջ կամ ընթացքում՝ գրելով ավտոկինոթատրոնի վեբկայքի կամ ֆեյսբուքյան էջի չատբոտին:
«Զվարճանքի վայրի համար 5000 քմ տարածք ենք առանձնացրել: Նախագիծը հետագայում որպես մեծ զվարճանքի բացօթյա վայր ենք նախատեսում. այն գտնվում է ձորում, գետի ափին, կարելի է «քաղաքից դուրս» ֆորմատով հանգիստ անցկացնել վրաններով և այլն»,-նշել Բաբկեն Մելիքյանը: