Եզակի հրատարակություններ, գիտական նստաշրջաններ. Գրականության ինստիտուտը շարունակում է ակտիվ աշխատել
Advertisement 1000 x 90

Եզակի հրատարակություններ, գիտական նստաշրջաններ. Գրականության ինստիտուտը շարունակում է ակտիվ աշխատել

Կորոնավիրուսի տարածման պայմաններում անգամ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել:

Ինստիտուտը լույս է ընծայում եզակի հրատարակություններ, պատրաստվում է նշանակալի միջոցառումներով տոնել բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանի և կաթողիկոս, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, գրող Խրիմյան Հայրիկի 200-ամյակները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն ասաց, որ արտակարգ իրավիճակում միշտ էլ մեր ժողովուրդը համախմբվել է: «Ինչքան էլ պարադոքսալ է վիճակը, մենք աշխատում ենք նույն կերպ: Մոտ 15 կամ 20 օր առաջ լույս տեսավ «Գրականագիտական հանդեսը», որը դասվում է Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ընդունված գիտական պարբերականների շարքը: Տարեկան երկու համար ենք տպագրում: Մի քանի օրվա ընթացքում լույս կտեսնեն նախորդ տարի Լևոն Շանթի ծննդյան 150-ամյակի առթիվ  կազմակերպված գիտական նստաշրջանի նյութերը: Տպարան ենք հանձնում Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ կազմակերպված գիտական մեծ նստաշրջանի նյութերը: Այդ ժողովածուն աննախադեպ է թե՛ զեկուցումների թեմատիկ առումով, թե՛ դրանց թվով, թե ներկայացուցչականությամբ ու տարբեր երկրների գիտնականների մասնակցությամբ»,-պատմեց Դևրիկյանը:

Նա տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ հրատարակվել է Ավետիք Իսահակյանի երկերի լիակատար ժողովածուի 11-րդ հատորը, որում վարպետի  գրականագիտական բնույթի հոդվածներն են և հուշերը:

Ինստիտուտում մի շարք եզակի ժողովածուներ են կազմվել: Դևրիկյանը հիշեցրեց, որ 1988 թվականի երկրաշարժից հետո մի գիրք լույս տեսավ՝ նվիրված Հայկական լեռնաշխարհում  երկրաշարժերի տարեգրությանը, հայկական սկզբնաղբյուրներին: Նույն կերպ հիմա  պատրաստելու են 250 էջից բաղկացած մի գիրք, որը կոչվում է «5­18-րդ դարերի հայկական սկզբնաղբյուրները համաճարակների մասին»:

Ինստիտուտի տնօրենը հայտնեց, որ գիրքը միջազգային հետաքրքություն է ներկայացնում, որովհետև դրանում նկարագրված են հայ գրողների, տպագրիչների՝ տարբեր եվրոպական կենտրոններում աշխատելու տարիներին հանդիպած համաճարակները,  հատկապես ժանտախտը: Նկարագրվում է, թե համաճարակների ժամանակ ինչ պահվածք է ունեցել ժողովուրդը, ինչպես է պայքարել համավարակների դեմ: Ըստ Դևրիկյանի՝ գիրքը շատ արդիական է:

Անդրադառնալով Ղևոնդ Ալիշանի և Խրիմյան Հայրիկի 200-ամյա հոբելյաններին՝ նա ասաց, որ նախորդ տարի իրենց  հրապարակումներում գիտական բարձր ցուցանիշն ապահովվեց Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակների շնորհիվ, իսկ այս տարի՝ Ալիշանի և Խրիմյան Հայրիկի հոբելյանների: «Մենք ինտենսիվ աշխատում ենք ոչ միայն հայկական միջավայրում, այլև Ռուսաստանի հետ, որովհետև և՛ Ալիշանը, և՛ Խրիմյան Հայրիկը սերտորեն կապված են եղել Սանկտ Պետերբուրգի հետ: Հուլիսի 6-ին՝ Ալիշանի 200-ամյակին, հեռավար մեծ գիտական եռօրյա նստաշրջան ենք կազմակերպելու, որին մասնակցելու են հայագետներ 8 երկրից: Լինելու է 60-ից ավելի զեկուցում»,-նշեց Դևրիկյանը:

Վերադառնալով կորոնավիրուսին՝ Դևրիկյանը շեշտեց, որ համավարակը ստիպել է որոշ բացթողումներ արձանագրել: «Իմ թերացումն այն է, որ շատ ուշադրություն չեմ դարձրել այն բանին, որ մեր գրադարանն առավել համալրվի՝ մտածելով, որ Ազգային գրադարանը կա, Ակադեմիայի գրադարանը կա, բայց այս վիճակը ցույց տվեց, որ մենք պետք է ունենանք ինքնաբավ գրադարան»,-ընդգծեց ինստիտուտի տնօրենը և հավելեց, որ հանրապետության առաջնային խնդիրներից պետք է լինի գրական ժառանգության թվայնացումը:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը



Նման նյութեր