Գյումրիում հուլիսի 1-ին ազդարարվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի աշխատանքների մեկնարկը, որին ներկա էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում, ՎԶԵԲի ֆինանսավորմամբ 2020 թվականին նախատեսվում է իրականացնել երկրորդ փուլում ընդգրկված երեք չափաբաժիններով 9-12 մետր լայնությամբ և 13 կմ երկարությամբ 23 փողոցների ու հարակից մայթերի հիմնանորոգման աշխատանքներ: Այս աշխատանքների համար բանկը հատկացրել է 23.8 մլն եվրո գումար: Դրան զուգահեռ, ներկա պահին, ըստ նախարար Սուրեն Պապիկյանի, աշխատանք է տարվում Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ, որպեսզի Համաշխարհային բանկի ֆինանսական մկիջոցներով հնարավոր դառնա Կումայրի պատմական միջուկում նոր աշխատանքների իրականացումը: Խոսքը Վարդանանց և Ջիվանու հրապարակների մասին է: Համաշխարհային բանկն աշխատանքների համար հատկացրել է 2.5 միլիարդ դրամ: «Սա իր մեջ ընդգրկում է մոտ 4 կմ հատված: Նաև նամակ է ուղարկվել Համաշխարհային բանկ՝ ծրագրի շրջանակում լուծելու Վարդանանց հրապարակի լուսավորության ու որոշ հատվածների նորոգման հարցը: Ասում եմ, որ ոչ մի մտավախություն չպետք է լինի, պատմական միջուկը վերակառուցվելու է այնպես, ինչպես եղել է: Ավելի ենք մեծացնելու և գեղեցկացնելու»,-լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Այցի ընթացքում նախարարը խոսեց նաև այն կապալառու կազմակերպությունների մասին, որոնք նախորդ տարի ավարտել էին աշխատանքները, սակայն ընդունում-հանձնում չէր եղել՝ վատ որակի և թերությունների պատճառով: Նախարարը տեղեկացրեց, որ կան բազմաթիվ ընկերություններ, որոնց հետ խնդիրները հարթված չեն, բայց կան նաև կապալառուներ, որոնք շտկել են թերությունները: Խնդիրն, ըստ նախարարի, մի քանի մասնավոր լաբորատորիաների գործունեության հետ ուղիղ կապ ունի: «Այսինքն, մասնավոր լաբորատորիան ստուգում ու պատվիրատուին ներկայացնում է, որ ամեն ինչ կարգին է, նա էլ պետք է, ըստ էության, հաստատի և վճարումն իրականացնի: Բայց մենք ունենք նաև պետական լաբորատորիա, որի ստուգումը ցույց է տալիս, որ այդ լաբորատորիայի տված արդյունքը իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Բնականաբար, մենք կապալառու ընկերությանն առաջարկել ենք շտկել թերությունը: Նման քայլի գնացած կապալառուներ ունենք, և նոր եզրակացության հիման վրա կվճարվեն նրանց աշխատավարձերը, իսկ որոնք հրաժարվում են, գործերը կգնան դատախազություն, կլինի պայմանագրի խզում: Այդպիսիները կընկեն սև ցուցակ»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով Ալագյազ-Արթիկ ճանապարհահատվածի նորոգմանը՝ նախարարը նշեց, որ խոսքը մոտ 30 կմ երկարությամբ ճանապարհի մասին է: «Ներկա պահին այդ տարածքում ուսումնասիրություններ են ընթանում: Եթե եզրակացություն լինի, որ միջին նորոգմամբ կարող ենք աշխատաքներն անել, կսկսենք»,- տեղեկացրեց նախարարը:
Արմենուհի Մխոյան