Իսրայելի առողջապահության նախարարությունը զգուշացրել է հինայով արվող ժամանակավոր դաջվածքների մասին, որոնք շատ տարածված են Մերձավոր Արևելքի երկրներում: Նման հայտարարության հիմք է հանդիսացել վերջին ժամանակներում նման դաջվածքներ անելուց հետո հիվանդների հաճախակի դարձած հոսպիտալացման դեպքերը, գրում է newsyou.info-ն:
Առավել հաճախ բարդություններից են ալերգիայի դրսևորումները: Դրանք շատ հաճախ ուղեկցվում են մաշկի քորով, ցանով, կարմրությամբ և այտուցներով: Հատկապես վտանգավոր են սև հինայով արված նկարները: Բժիշկներն ընդհանրապես խորհուրդ են տալիս արգելել սև հինայի օգտագործումը:
Հինան կարմրա-շագանակագույն բնական ներկելու միջոց է, այն հին ժամանակներում լայն տարածում ուներ կոսմետոլոգիայի բնագավառում: Հինան ինքնին անվտանգ և հուսալի միջոց է, սակայն արագ չորացող դաջվածքներ ստանալու համար հինայի հետ խառնում են հատուկ նյութ՝ պարաֆենիլենդիամին՝ PDD, որը շատ լուրջ ալերգածին նյութ է: